«Երիտասարդ ոգու եւ հինավուրց ավանդույթների համադրությունն է «Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ դարձնում». Ատոմ Էգոյան (վիդեո)

15:05   20 հուլիսի, 2020

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, ով հուլիսի 19-ին տոնեց ծննդյան 60-ամյակը, տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։ Փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում աշխարհահռչակ ռեժիսորը փաստում է՝ անհամբեր սպասում է նոյեմբերին՝ փառատոնի իրականացմանը։

«Ողջույն, ես Ատոմ Էգոյանն եմ: Ու նաեւ Ատոմ Եղոյանն եմ: Ես ուզում էի ասել, որ սա միշտ էլ հրաշալի միջոցառում է եղել: Երիտասարդ ոգու եւ հինավուրց ավանդույթների համադրությունն է, որ այս փառատոնն այդքան յուրահատուկ է դարձնում, եւ այն, որ Հայաստանն իրոք բազմապիսի քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում. սա շատ յուրատիպ վայր է «Ոսկե ծիրան»-ի պես փառատոն անցկացնելու համար: Իմ ունեցած ամենաթանկագին իրերից է այս պարգեւը, որը ես ստացել եմ փառատոնի առաջին տարում իմ «Արարատ» ֆիլմի համար: Մեկ այլ պահ, որով ուզում եմ ձեզ հետ կիսվել, այն էր, երբ ես «Ոսկե ծիրան»-ի հատուկ պատվավոր մրցանակին արժանացա: Ես շատ սիրում եմ այս մրցանակն, ահա, այս պատկերի համար: Այն շատ նորարարական է։ Արեւմուտքում, երբ այսպես հաշիվ ենք պահում, սովորաբար 4 ուղղահայաց ու 1 հորիզոնական գիծ է լինում։ Եվ ես շատ եմ գնահատում, որ այս մրցանակն այդպիսի նորարար ոգի է պարունակում»,-նշում է Էգոյանը։

Նա առանձնահատուկ շեշտում է՝ երբ տեսավ այս պատկերը, շատ հուզվեց։ «Ինձ համար սա խորհրդանշում է այն ամենը, ինչ այդքան արժեքավոր է մեր հայ մշակույթի մեջ՝ այն, որ մենք ջանում ենք մտածել նորովի, ջանում ենք նորարարել գաղափարները, ջանում ենք մեր ճարպիկությամբ ստեղծել մի բան, որն իրոք յուրահատուկ է ու բացառիկ: Եվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը գեղեցիկ միջոց է սա աշխարհի հետ կիսելու համար: Ու թեպետ տվյալ պահին փառատոնը ֆիզիկապես չկա (սա վիրտուալ փուլ է ողջ աշխարհի համար), ես անհամբեր սպասում եմ նոյեմբերին, որ բոլորիդ ողջունեմ, եւ փորձենք ֆիզիկական միջավայր վերադառնալու ձեւ գտնել:  Իսկ այժմ ինձ համար մեծ պատիվ է երկօրյա վիրտուալ աշխատարան վարել 15 այլ կինոգործիչների հետ եւ շարունակել զարգացնել համընդհանուր կինեմատոգրաֆիկ այս ընտանիքը: Ընտանիք, որի անդամներն արվեստի այս հիասքանչ տեսակին են ապավինում, որ գաղափարներ, զգացմունքներ ու զգացողություններ տարածեն ու հղացնեն եւ փառաբանեն այդ ընթացքը»,-նշել է ռեժիսորը։



© NEWS.am STYLE