Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ Հայաստանում սեռական խնդիրների ու դրանց պատճառների մասին

13:32   4 սեպտեմբերի, 2013

«Ազատությունը վատ բան չէ: Ազատությունը խոսում է այն մասին, որ մենք ազատվել ենք բարդույթներից: Այսօր մարդը կարող է հանգիստ դատել ու գնահատել: Սեքսի, առողջության մասին բաց քննարկումները միշտ դրական եմ գնահատում: Եվ ինձ թվում է, որ եթե ուզում ենք, որ մարդիկ սեռական կյանքում առողջ լինեն, պետք է սեռական դաստիրակության մասին հարցը բարձրացնել դեռեւս դպրոցից»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սեռական առողջության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ճանաչված գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

Սեռական խնդիրների բերող գործոններից մեկը, ըստ գինեկոլոգի, արտագնա աշխատանքն է. «Տղամարդիկ ամիսներով կտրվում են ընտանիքից: Ստիպված պետք է բավարարեն իրենց պահանջները: Սայթաքեց, եւ դա հերիք է, որ վարակ բերի դրսից եւ ազդի երկրում ապրողների սեռական առողջության վրա: Շատ դեպքերում տղամարդկանց սեռական անառողջ վիճակի պատճառը վարակներն են»: 

Գինեկոլոգի խոսքով, սեքսին պետք է մոտենալ առողջ: Մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բիզնեսով, անընդհատ լարված են եւ սեքսի հետ կապված խնդիրներ են ունենում: «Բայց եթե չես բավարարում կնոջդ, նրան կբավարի ուրիշ տղամարդ»,- կատակեց Պողոսյանը՝ ավելացնելով. «Իսկ եթե ավելի լուրջ, ապա շատ հիվանդություններ առաջանում են սեքսի պակասից: Օրինակ՝ նեւրոզը: Զարգանում են նաեւ տարբեր վախերը: Եվ այստեղ շատ կարեւոր է, որ համացանցից պեղած նյութերը գրված լինեն մասնագետների կողմից»:

Մասնագետի համոզմամբ, ելքը միակն է. «Լավ կլիներ, որ օրենք ընդունվեր այն մասին, որ յուրաքանչյուր սեքսի ու սեռական կյանքի մասին նյութ մասնագետից «վիզա» ստանար»:

Բացի այդ, լավ կլիներ պետականորեն ընդունված լիներ, որ մարդիկ ամուսնանալուց առաջ պարտադիր ստուգում անցնեն: «Այդ կերպ կնվազի վիժումների եւ չբերության դեպքերի թիվը»,- ամփոփեց Գեորգի Պողոսյանը:



© NEWS.am STYLE