Եթե չլիներ Գերմանիան, ես ամբողջ կյանքում հաշմանդամ կմնայի. Մարկ Սաղաթելյանը դժգոհ է հայ բժիշկներից (ֆոտո)

15:21   5 նոյեմբերի, 2012

Հայտնի հաղորդավար եւ շոումեն Մարկ Սաղաթելյանը, ով վթարի ենթարկվելու հետեւանքով Հայաստանում մի քանի անգամ վիրահատվելուց հետո վիրահատվել էր Գերմանիայում, դժգոհ է հայ բժիշկներից: «Ֆեյսբուքի» իր էջում նա նման գրառում է կատարել: «Իսկ թե ինչ են ինձ հետ արել հայ բժիշկները, օրերս մանրամասն կգրեմ: Միայն մի բան կասեմ, եթե չլիներ Գերմանիան, ես ամբողջ կյանքում հաշմանդամ կմնայի»,- գրել է Մարկ Սաղաթելյանը:

Գերմանիայում վիրահատությունից հետո հաղորդավարը նկարներ է տեղադրել: Նկարներից մեկում Մարկ Սաղաթելյանն է` բժշկի հետ: Այդ նկարը նա մեկնաբանել է այսպես` «Իմ Փրկիչը: Փայլուն բժիշկ Յոհեն Ֆայլ, աստվածատուր բժիշկ»:

Նշենք, որ Մարկ Սաղաթելյանը վթարի ենթարկվելուց հետո Հայաստանում երկու անգամ վիրահատվել է, այնուհետեւ մեկնել Գերմանիա` վիրահատության համար:

Հիշեցնենք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ապա` Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Այնուհետեւ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր նրա կոնքազդրի հոդը:Վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:



© NEWS.am STYLE