«Պապ 005» ռոմանտիկ կինոկատակերգության պրեմիերան Երեւանում (ֆոտո)

22:47   14 սեպտեմբերի, 2013

Երեւանում սեպտեմբերի 14-ին կայացավ «Պապ 005» հայ-ռուսական համատեղ ռոմանտիկ կինոկատակերգության պրեմիերան:

Ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում եւ Ռուսաստանում: Օգոստոսին այն ներկայացվել է Ռուսաստանի Վիբորգ քաղաքի ամենամյա կինոփառատոնի բացման ժամանակ: Ժապավենի բյուջեն 35 միլիոն ռուբլի է:

Ֆիլմը պատմում է ռուս երիտասարդի եւ հայուհու սիրո մասին: Հերոսը նախկին հետախույզ, իսկ այժմ թոշակառու Օլեգ Ստեպանովիչն է (Սերգեյ Շակուրով), ով այգում հանդարտ կերակրում է կարապներին, մինչդեռ նրա թոռնիկը՝ Անդրեյը (Անդրիս Բուլիս), Երեւանում սիրահարվում է հայ ուսանողուհի Աննային…

Պրեմիերայից առաջ կինոնկարի մասին լրագրողներին պատմեցին նկարահանող խմբի անդամները:

«Այսօր, հաշվի առնելով փաստը, որ ֆիլմին առնչվող անձանցից եւ ոչ ոք այն չի գերագնահատում եւ սթափ է գնահատում ստացվածը: Կարծում եմ, որ այսօրվա իրադարձությունը, ինչ-որ չափով ճակատագրական է հայկական, ռուսաստանյան եւ նախկին սովետական տարածքի կինեմատոգրաֆիայի համար: «Պապ 005»-ն առաջին հայացքից պարզ, բայց իմ կարծիքով՝ հմայիչ կատակերգություն է, որը նկարահանել են Մհեր Մկրտչյանն ու Արկադի Գրիգորյանը»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր Արմեն Մեդվեդեւը:

Պրոդյուսերի խոսքով, ֆիլմում զգացվում է սովետական ժամանակաշրջանի հաճելի զեփյուռը, երբ կինեմատոգրաֆիստները փնտրում են միմյանց, իրենց հերոսներին, որպեսզի հետագայում ներկայացնեն հանդիսատեսին:

Արմեն Մեդվեդեւը հատկապես բարձր գնահատեց դերասանների խաղը՝ նշելով լատվիացի դերասան Անդրիս Բուլիսին, ինչպես նաեւ Սերգեյ Շակուրովի եւ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի փայլուն տանդեմը:

«Տարօրինակ բան է կատարվել. առանց որեւէ ցուցումի եւ ադմինիստրատիվ որոշումների ծնվում է մի ֆիլմ՝ հիմնված մեր համակրանքի, մտերմության, սիրահարվածության վրա»,- նշեց նա:

Ֆիլմի պրոդյուսերի խոսքով, ժապավենն արթնացնում է մարդկային հակումը դեպի բարությունը, բարի զգացմունքները, բարի երեւույթներն ու բարի մարդիկ:

Իր հերթին ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը պատմեց, որ ֆիլմեր նկարահանելիս երբեք իր առջեւ նպատակ չի դնում դրանք ներկայացնել փառատոնների կամ ստեղծել կոմերցիոն տեսակետից հաջողված ժապավեն:

«Կարծում եմ՝ ֆիլմը նկարահանված է երեսունից բարձր տարիքի մարդկանց համար: Իհարկե, շատ ավելի հարմար է ֆիլմեր նկարահանել 14-ից 25 տարեկանների համար: Հնարավոր է՝ մենք նույն նպատակն էինք հետապնդում, սակայն մոնտաժից հետո այն դիտեցինք ավելի սթափ աչքերով եւ հասկացանք, որ այն նկարահանված է երեսունից բարձր հանդիսատեսի համար»,- նշեց ռեժիսորը:

Նա հավելեց, որ ֆիլմի անվանումը՝ «Պապ 005», սկիզբ է առել Skype-ում հերոսի կեղծանունից, քանի որ Օլեգ Ստեպանովիչը շատ ժամանակակից պապ է եւ կարողանում է օգտվել նորագույն տեխնոլոգիաներից:

Ֆիլմի շուրջ տպավորությունները ներկայացրեց նաեւ լատվիացի դերասան Անդրիս Բուլիսը, ով բարձր գնահատեց թիմի աշխատանքն ու խորհուրդ տվեց նախ դիտել այն՝ սեփական կարծիքը կազմելու համար:

«Անդրիսին հարցեր մի’ տվեք: Նա երկու օր է՝ կենացներ է լսում»,- կատակեց ֆիլմում հանդես եկած հայ դերասան Հրանտ Թոխատյանը:

Լիլիթ Պետրոսյան

Լուսանկարները՝ Շուշանիկ Հակոբյանի



© NEWS.am STYLE