Բրունո Մարսը ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն՝ Lacoste x Ricky Regal

11:17   2 մարտի, 2021

Lacoste-ը ներկայացրել է առաջին համագործակցությունը երգիչ Բրունո Մարսի հետ։ Արտիստն ապրանքանիշի հետ հագուստի հավաքածու է թողարկել՝ օգտագործելով իր ալտեր էգոն, որն անվանել է Ռիկի Ռեգալ։ «Երբ ես բեմում եմ, իմ անունը Բրունո Մարս է, երբ լյուքս դասի հագուստ եմ ստեղծում, ես դառնում եմ Ռիկի Ռեգալ»,- պարզաբանում է երգիչը։

Lacoste-ը մամուլի հաղորդագրությունում նշում է, որ հավաքածուն միավորում է Մարսի առեղծվածային անձը, նրա յուրօրինակ ոճն, ինչպես նաեւ սպորտն եւ լյուքսը։ Այն ներառում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ տղամարդկանց ու կանանց համար՝ վերնաշապիկներ, սպորտային կոստյումներ, պոլոներ, տաբատներ, սանդալներ, գուլպաներ, ինչպես նաեւ ակնոց։ Բոլոր իրերը ներկայացված են բազմազան գույներով, որոնց շարքում են դեղին, կանաչ, մանուշակագույն եւ մարջանագույն։ Հավաքածուի ոճը հղում է կատարում 70-ականներին. հավաքածուն ներառում է «թայ-դայ» պրինտով իրեր, ինչպես նաեւ թավիշից, մետաքսից ու բամբակից պատրաստված իրեր։

Lacoste x Ricky Regal առաջին համագործակցությունը վաճառքի կհանվի մարտի 5-ին 18 խանութների ցանցում, իսկ մարտի 8-ին՝ Lacoste-ի որոշ բուտիկներում ու ապրանքանիշի կայքում։

Լուսանկարները՝ Facebook

 



© NEWS.am STYLE