Ի՞նչ վարագույր ընտրել բնակարանի համար. NEWS.am STYLE-ի խորհուրդները

18:47   28 հոկտեմբերի, 2013

Վարագույրների ընտրությունը մեծ նշանակություն ունի բնակարանում փոփոխություններ կատարելիս: Կոսմետիկ վերանորոգման այդ, կարծես, աննշան մասնիկը կարող է զգալիորեն փոխել ամբողջ բնակարանի տեսքը: Այդ հարցում կարեւոր դեր ունի նաեւ սենյակի ոճը: Օրինակ՝ ժամանակակից, մինիմալիստական ոճով հյուրասենյակում չի կարելի «բարոկկո» ոճով ճոխ ծոպքերով վարագույրներ կախել, իսկ ծաղկավոր վարագույրներն անհաջող լուծում են «բարոկկո» ոճի ննջասենյակի համար:

NEWS.am STYLE-ը փորձել է օգնել նրանց, ովքեր որոշել են հեղափոխություն կատարել իրենց բնակարանում, եւ մի քանի հաճելի տարբերակ է ընտրել:

Բաց շագանակագույն, մարմնագույն, նուրբ ոսկեգույն եւ բաց դարչնագույն երանգների վարագույրները կատարյալ տարբերակ են ցանկացած սենյակի համար, եթե, իհարկե, այն չափազանց յուրօրինակ ոճով չի տարբերվում եւ միայն իրեն հատուկ լուծում չի պահանջում: Այս գույների վարագույները հիանալի տեսք կունենան ինչպես հյուրասենյակում, այնպես էլ ննջարանում: Անհրաժեշտ է նաեւ հիշել, որ երկար վարագույրներն ավելի լավ է կախել մեծ սենյակներում, իսկ փոքր սենյակներում հիանալի տեսք կունենան փոքր ու կարճ վարագույրները:

Գծավոր կամ նկարներով վառ վարագույրները հիանալի կքողարկեն ցանկացած սենյակի ինտերիերի թերությունները: Նման վարագույրները ներդաշնակ տեսք կունենան սենյակում նույն գործվածքից պատրաստված բարձի երեսների եւ ծածկոցների հետ:

Միատարր ինտերիերի համար ավելի լավ կլինի ընտրել ընդհանուր ինտերիերից մեկ երանգով ավելի մուգ կամ բաց գույնի վարագույր, որպեսզի դրանք «չկորչեն» սենյակում:

Եթե հաճախակի վերանորոգումների սիրահար եք, ապա կարող եք վարագույրները սենյակների պաստառների հետ համաձայնեցնել:

Վարագույրները նաեւ տեսողական «խաբկանքի» հատկություն ունեն: Օրինակ՝ տաք երանգների վարագույրները՝ բաց կարմիրից մինչեւ դեղին, կարող են մեծացնել եւ մոտեցնել պատուհանը, սառը երանգների վարագույրները սենյակը փոքրացնում են, իսկ բաց գույնի վարագույրները, հակառակը, մեծացնում են այն:



© NEWS.am STYLE