Մասնագետի խորհուրդները. բուսական սննդի օգտակակարության գաղտնիքները

18:42   7 նոյեմբերի, 2013

«Բուսակեր» բառը ծագում է լատիներեն vegetus բառից, որը նշանակում է «ամուր, առողջ, թարմ, առույգ», ինչպես homo vegetus բառակապակցության մեջ, որն էլ մատնանշում է հոգեւոր եւ ֆիզիկապես զարգացած անձին: Ի սկզբանե «բուսակերություն» բառը նշանակել է փիլիսոփայական եւ բարոյական տեսակետից ներդաշնակ ապրելակերպ, այլ ոչ թե պարզապես մրգա-բանջարեղենային սննդակարգ:

Բուսական սննդի օգտակարության մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Հիմալայան յոգայի ուսուցիչ Վահագն Վարդումյանի հետ, ով արդեն 7 տարի միայն բուսական ծագմամբ մթերք է օգտագործում: 

«17 տարեկանում մարսողության հետ կապված խնդիրներ ունեի: Բժիշկները չէին կարողանում ինձ օգնել: Մի երեկոյի ընթացքում եմ կայացրել այդ շատ կարեւոր որոշումը, երբ իսկապես վճռական էի տրամադրված՝ ինձ անհանգստացնող մի քանի խնդիր լուծելու համար: Զբոսնում էի այդ մարդու հետ, ով հետո դարձավ իմ յոգայի ուսուցիչը»,- մեզ հետ զրույցում պատմեց Վահագնը:

Նրա խոսքով, բուսակերությունը՝ որպես ապրելակերպ, շատ անգամ մարդկանց մոտ ինքնանպատակ է ընկալվում. ա՛յ, բուսակեր ենք հանուն նրա, որ բուսակեր ենք կամ հանուն նրա, որ հիմա արդիական է: Բուսական սննդին սովորելով եւ մսային սնունդը մի կողմ թողնելով՝ մարդը 2-3 ամիս անց սկսում է սննդի համն այլ կերպ զգալ, օրգանիզմը սկսում է ուրիշ կերպ ընդունել:

 

«Բուսակերության օգտակարությունը պայմանավորված չէ միայն սննդով: Ժամանակին քնելը, ժամանակին արթնանալը, սննդի պատրաստման ժամանակ քո տրամադրությունը, զայրացած ժամանակ չու տելը, ամբողջ օրվա ընթացքում հնարավորինս ներդաշնակ մթնլորտում լինելը. այս ամենը շատ կարեւոր է: Բացի այդ, բուսակերները պետք է ուշադիր լինեն, որ համերն իրար չխառնեն: Օրինակ՝ աղին ու քաղցրը: Կան սննդատեսակներ, որոնց դեպքում աղին ու քաղցրը խառնելով՝ օրգանիզմում թույն է առաջացնում եւ լուրջ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ»,- նշեց Վահագնը: Նրա համոզմամբ, եթե մարդը ճիշտ սնվի, ապա լիովին առողջ կլինի:

Մի քանի բաղադրատոմս Վահագնից.

Չուգունե թավայի մեջ մի քիչ ձեթ ենք լցնում, նախապես կտրատած կարտոֆիլը (կլոր մասով դեպի ներքեւ) շարում ենք թավայի մեջ, կափարիչով ծածկում: Շարունակում ենք կտրատել մյուս բանջարեղենը, ասենք՝ կաղամբ, կես հատ բազուկ, մի քանի գազար: Այս ամենը նույնպես լցնում ենք թավայի մեջ:

 

Ըստ ճաշակի՝ կարելի է նաեւ սոխ ավելացնել: Ընդհանրապես, եփելիս չի կարելի է կափարիչը բաց թողնել, որպեսզի սննդի էներգիան հօդս չցնդի: Որպեսզի ոչինչ չվառվի, 10 րոպե անց մեկ սուրճի բաժակ ջուր ենք ավելացնում, ինչի շնորհիվ շոգեխաշվում է: Ապա ավելացնում ենք մանր կտրատած սմբուկ, լոլիկ եւ մի տաքդեղ:

 

Այդ ամենի վրա լցնում ենք որոշ քանակությամբ խառը կանաչի ու մեկ կամ երկու տեսակի համեմունք, օրինակ՝ քարի ու մի քիչ խմելի-սունելի:

 

Նորից ծածկում ենք թավան: Պանիր կտրատում ենք, բայց չենք փշրում, խառնում ենք թթվասերի հետ (այդ ամենը՝ ըստ մեր նախասիրության):

Հետո լոլիկը մանր կտրատում եւ ավելացնում ենք այդ բոլորին, վրան մեկ կամ երկու շերտ կտոր-կտոր արված լավաշ ենք դնում ու մի 5 րոպե թողնելուց հետո կրակն անջատում ենք՝ թավան փակ թողնելով:

 

15 րոպե անց կարելի է ուտել: Կարելի է նաեւ լավաշի հետ մանրացրած ընկուզեղեն ավելացնել: Ձեթն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի այն, հնարավորության դեպքում, զտված չլինի:

Մեկ այլ բաղադրատոմս.

Հնդկաձավարը երեկոյան լվանում ենք, քամում, հետո դնում ենք ջրի մեջ, ցանկալի է՝ եռացրած ու սառեցրած: 1 բաժին հնդկաձավարին կրկնակի ջուր ենք ավելանում:

Արդյունքում առավոտյան նորմալ, փափուկ, շատ օգտակար եւ լավ կշտացնող ուտելիք ենք ունենում:

Հնդկաձավարով եւս մեկ ուտեստի բաղադրատոմս էլ՝ կաթով ու մեղրով, նույնպես շատ համեղ է: Կարելի է նաեւ մանրացրած ընկույզ ավելացնել: Այն եփում են, ինչպես, ասենք, բրնձով կաթնապուրը:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE