Hand-made. Երիտասարդ արքայադուստրերի համար «Թիթիզ շորիկներ» Հասմիկ Թորոսյանից

19:40   11 դեկտեմբերի, 2013

Երկու երեխաների երիտասարդ մայր, պատմաբան-միջազգայնագետ Հասմիկ Թորոսյանը փոքրիկ գեղեցկուհիների շրջանում մեծ ճանաչում է վայելում: Երկու տարի առաջ Հասմիկը զրոյից մշակեց «Թիթիզ շորիկներ» յուրօրինակ ապրանքանիշը. մանկական գեղեցիկ զգեստներ եւ փարթամ կիսաշրջազգեստներ փոքրիկ արքայադուստրերի համար: Յուրաքանչյուր աղջիկ երազում է նման զգեստի մասին, որովհետեւ դրանով կարելի է հեքիաթային թագավորության իրական արքայադուստր կամ երեւակայական թատրոնի բեմի հիասքանչ պարուհի զգալ: Նրա զգեստները մանկական երազանքի իրականացում են: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր զգեստի եւ կիսաշրջազգեստի մեջ Հասմիկը հոգի եւ երեւակայություն է դնում:

«Միտքը հանկարծակի առաջացավ: Մի անգամ մանկական այդպիսի զգեստի լուսանկար տեսա եւ ոգեւորվեցի»,- պատմում է Հասմիկը:

«Իմ առաջին փորձը ստացվեց, եւ ես աղջկաս համար սկսեցի զգեստներ կարել: Այդ ժամանակ դեռեւս չէի մտածում պատվերով կարելու մասին: Պարզապես տոն էի ուզում: Հիացական արձագանքներ լսելով՝ համարձակություն ստացա եւ կայքերից մեկում հայտարարություն տեղադրեցի»,- ժպիտով հիշում է նա: Հասմիկի խոսքով, առաջին անգամ շատ է հուզվել, բայց ե՛ւ փոքրիկ գնորդուհին, ե՛ւ նրա ծնողներն այնպես են հրճվել, որ հուզմունքն անմիջապես անցել է: «Այդ ինձ ուժ եւ վստահություն տվեց, հետո սկսեց ամեն ինչ ստացվել»,- ասում է Հասմիկը:

Հասմիկ Թորոսյանի ստեղծած զգեստները նույնիսկ մանկական գեղեցկության մրցույթներում են «հաղթել»: «Վիցե Միսս Հայաստան 2013-ը» եւ «Միսս համայնքն» իմ զգեստներն էին հագել»,- ոչ առանց հպարտության ասում է նա:

Զգեստներին համապատասխան աքսեսուարներ Հասմիկն ինքն է ընտրում. հերակալ, ձեռնոց, գլխարկ: Ի դեպ՝ տարիքային սահմանափակում չկա: Փոքրիկ արքայադուստրը կարող է նաեւ գրեթե նորածից լինել, կամ էլ արդեն դեռահաս:

«Ինձ ավելի շատ դուր է գալիս երեխաների հետ աշխատելը: Նրանք շատ երախտապարտ հաճախորդներ են: Իսկ նրանց ժպիտներն ու հիացական հայացքներն էներգիայի մեծ աղբյուր են: Ավելին, այս ինձ համար աշխարհ է, որտեղ կարող եմ ազատություն տալ երեւակայությանս ու ստեղծագործական ունակություններիս: Կարող եմ արարել, իսկ այդ ինձ համար շատ կարեւոր է»:

Եվ, որ պակաս կարեւոր չէ, մանկության երազանքի իրականացումը ծնողներին հասանելի է: Կիսաշրջազգեստներն արժեն 5.000, իսկ զգեստները՝ 7.000 դրամ:

Բոլոր զգեստները Հասմիկը ձեռքով է կարում: Նախքան գործի անցնելը մանրամասն հարցնում է հաճախորդի ճաշակի եւ ցանկությունների մասին:

Մեկ զգեստի համար 2-ից 5 օր ժամանակ է պահանջվում՝ կախված հեղինակի ծանրաբեռնվածությունից: Փոքրիկ արքայադուստրերի վառ եւ գունավոր զգեստներով հիանալու համար կարող եք այցելել նաեւ Facebook սոցիալական ցանցի «Թիթիզ շորիկներ» էջը:

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE