Կնոջ տարիքը ցույց է տալիս ոչ թե դեմքը, այլ դեկոլտեն։ Մենք անարժանաբար մոռանում ենք պարանոցի եւ կրծքավանդակի նուրբ մաշկի պատշաճ խնամքի մասին, որն այդքան հաճախ արեւի տակ է։ Նաեւ սխալ ենք քնում եւ չենք հետեւում մեր կեցվածքին։ Այս ամենը հանգեցնում է վաղաժամ ծերացման։ NEWS.am STYLE-ը կպատմի, թե ինչ անել այս հատվածի գեղեցկությունը պահպանելու համար։
Դեկոլտեն ֆրանսերեն բառ է, որը նկարագրում է կանացի զգեստի կամ տոպի խորը բացվածքը: Գեղեցկության աշխարհում դա նշանակում է ձեր կրծքավանդակի եւ պարանոցի այն հատվածը, որը մերկացնում է համարձակ կտրվածքով հանդերձանքը:
Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է մաշկը փոխվում տարիքի հետ՝ լինի դա դեմքի, դեկոլտեի, թե ձեռքերի հատվածում։ Կարեւոր է հիշել, որ դեկոլտեի հատվածը նկատելիորեն տարբերվում է դեմքի ու մարմնի այլ մասերի մաշկից։ Մենք այդ հատվածում շատ ավելի քիչ ճարպագեղձեր ունենք, հետեւաբար այն ավելի չոր է եւ ավելի հեշտ է տրավմայի ենթարկելը։ Այն ավելի շատ նման է կոպերի, քան այտերի կամ կզակի մաշկին: Տարիքի հետ պարանոցն ավելի արագ է կորցնում իր առաձգականությունը։
Սկզբի համար դուք կարող եք ներառել ամբողջ պարանոցի եւ կրծքավանդակի հատվածը ձեր առօրյա խնամքում։ Քանի որ ձեր դեկոլտեի մաշկը տարբերվում է ձեր դեմքից, այն պահանջում է նպատակաուղղված մոտեցում՝ հատուկ մշակված իր կարիքները բավարարելու համար նախատեսված միջովներով: Կամ կարող եք օգտագործել միջոցներ, որոնք կարող են միաժամանակ քսել դեմքին եւ պարանոցին։
Պիլինգ եւ սկրաբ
Պարանոցի եւ կրծքավանդակի շերտազատումն օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները Ձեր մաշկի մակերեւույթից, ինչի շնորհիվ Ձեր դեկոլտեն փայլուն տեսք կունենա։ Սկրաբը կիրառելուց հետո մաշկի մակերեսն ավելի լավ կներծծվի սնուցման եւ խոնավեցման միջոցով։
Դեկոլտեի մաշկը հիմնականում ավելի քիչ զգայուն է, քան դեմքի մաշկը, բայց այն ավելի բարակ է եւ ավելի քիչ խոնավացված: Ուստի անհրաժեշտ է օգտագործել պարանոցի ու կրծքավանդակի հատվածի համար նախատեսված հատուկ միջոցներ եւ խուսափել կոպիտ սկրաբներից՝ մաշկը չվնասելու համար։
Փորձեք Evidens De Beaute մարմնի պիլինգ-գելը:
Պիստակի եւ քաղցր նուշի էքստրակտներով Payot-ի մարմնի սկրաբը նույնպես հարմար է:
Հակաօքսիդանտներ
Հակաօքսիդանտները, ինչպիսիք են վիտամին C-ն, տոկոֆերոլը եւ ռեսվերատոլը, օգնում են պայքարել ազատ ռադիկալների ձեւավորման դեմ, որոնք հանգեցնում են մաշկի ծերացման, ամրության ու խոնավության կորստի: Ազատ ռադիկալների առաջացումը պայմանավորված է արեւի լույսի եւ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ:
Այս վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հակաօքսիդանտ ազդեցություն ունեցող միջոցներ։
Դուք կարող եք օգտագործել La Mer-ի պարանոցի եւ դեկոլտեի խտանյութը։
Ուշադրություն դարձրեք դեմքի ու պարանոցի օվալի երիտասարդացնող միջոցին, որը հիմնված է Sesderma-ի պեպտիդների վրա:
Խոնավեցում
Ջրազրկված մաշկն ավելի կոպիտ եւ կնճռոտ տեսք ունի, ավելի քիչ առաձգական ու փայլուն: Այն ավելի վատ է վերականգնվում միկրոտրավմայից եւ վնասակար հետեւանքներից հետո: Յուղերն ու խոնավեցնող քսուքները հիանալի են աշխատում դեկոլտեի հատվածի վրա: Ավելի շատ օգուտների համար ընտրեք բուժիչ բաղադրիչներով խնամք։
Դեկոլտեն հաճախ առաջին տեղերից մեկն է, որը ցույց է տալիս ծերացման նշանները, ուստի շատ կարեւոր է օգտագործել քսուք, որը հատուկ մշակված է այդ հատվածի համար:
Եթե նկատում եք, որ դեկոլտեի հատվածը շատ չոր է, փորձեք օգտագործել խոնավեցնող շիճուկ կամ բուժիչ բալզամ։ Մաշկի խնամքի որոշ միջոցներ նախատեսված են միայն խոնավացնելու համար եւ պարունակում են այնպիսի սնուցող բաղադրիչներ, ինչպիսին է հիալուրոնաթթուն, որպեսզի ձեր մաշկը խոնավացվի եւ ձգված տեսք ունենա:
Հարմար խոնավեցնող շիճուկ դեմքի, պարանոցի եւ դեկոլտեի համար Dermedic-ից:
Դուք կարող եք օգտագործել պարանոցի ու դեկոլտեի համար լիֆթին-շիճուկ Mishipy-ից։
Պաշտպանություն արեւից
Ինչպես դեմքին, այնպես էլ դեկոլտեի հատվածում արեւի ազդեցությունն արագացնում է ծերացման գործընթացը: Դա պայմանավորված է նրանով, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներն արագացնում են կոլագենի եւ էլաստինի քայքայումը, որոնք տարիքի հետ գնալով պակասում են։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջները՝ դժվարացնելով դրանց վերականգնումն ու նոր, ավելի առողջ բջիջների առաջացումը։
Կիրառեք արեւապաշտպան SPF 30 կամ ավելի բարձր պաշտպանիչ քսուք դեկոլտեի ամբողջ հատվածին, ինչպես նաեւ ձեռքերին: Ինչ վերաբերում է կանխարգելմանը, ապա արեւապաշտպան քսուքը կարեւոր է, որպեսզի ձեր մաշկը հնարավորինս երկար պահի երիտասարդ տեսք եւ զգացողություն:
Օրինակ՝ դեմքի եւ դեկոլտեի համար արեւապաշտպան քսուք Librederm-ից։
Կարեւոր է նաեւ արեւից պաշտպանվելու այլ միջոցներ ձեռնարկել։ Հագեք թեթեւ, բայց փակ հագուստ, ծածկեք ձեր պարանոցը արեւից, խուսափեք երկար զբոսանքներից արեւային բարձր ակտիվության ժամանակաշրջաններում:
Արեւապաշտպան քսուք դեմքի, պարանոցի եւ դեկոլտեի համար SPF 50 Institut Esthederm-ից։
Դիմակներ
Մենք բոլորս սիրում ենք դեմքի լավ դիմակներ, բայց ինչո՞ւ պետք է կանգ առնենք միայն մեր դեմքի վրա: Խոնավեցնող դիմակը կարող է օգնել լրացնել դեկոլտեի հատվածի խոնավության պակասը:
Դրանք հիանալի կերպով աշխատում են պարանոցի եւ կրծքավանդակի մաշկի վրա: Ընտրեք ձեր մաշկի տեսակին համապատասխանը, հարթեցրեք այն եւ հանգստացեք՝ ձգված ու ճկուն մաշկ ստանալու համար:
Օգտագործեք Petitfee Gold Hydrogel պարանոցի դիմակը ամուր եւ հարթ մաշկի համար:
Կամ ուշադրություն դարձրեք Glamglow-ի դեկոլտեի հատվածի դիմակներին։
Ակնեի դեմ պայքար
Եթե կրծքավանդակի հատվածում ակնե ունեք, ապա կարող եք հեշտությամբ օգտագործել տեղային բուժում՝ դրանք նվազեցնելու համար: Առավել ողջունելի կլինեն հատուկ միջոցներ, որոնք պայքարում են պզուկների դեմ, բայց չեն չորացնում մաշկը: Օրինակ, La Roche-Posay-ից Effaclar Acne Spot Treatment-ը:
Շատ քնքշություն
Քանի որ դեկոլտեի հատվածի մաշկը շատ նուրբ է, դրա հետ պետք է շատ զգույշ վարվել: Այս հատվածին կոպիտ շարժումներով քսելը կամ ձգելը կարող է վնաս պատճառել եւ մեծացնել կնճիռներն ու ծալքերը: Կարեւոր է նրբորեն օգտագործել ցնցուղի գելերը, այլ ոչ թե տարվել այս հատվածի կոշտ խողանակներով: Ծորակի ջրի մեջ պարունակվող կոշտ հանքանյութերը չորացնում եւ գրգռում են մաշկը, այնպես որ շատ տաք ջրով ցնցուղ մի ընդունեք: Սրբիչով կոպտորեն մի չորացրեք այդ հատվածը։
Միշտ պետք է զգույշ լինեք ձեր պարանոցին եւ կրծքավանդակին արեւապաշտպան քսուքներ, խոնավեցնող միջոցներ կամ շիճուկներ կիրառելիս: Կիրառելու համար օգտագործեք մատների ծայրերը, միջոցները բաշխելու համար օգտագործեք նուրբ շարժումներ: Ոչ մի դեպքում չպետք է ձգեք կամ քաշեք մաշկը:
Կեցվածք
Ճիշտ կեցվածքը կարող է օգնել նվազագույնի հասցնել դեկոլտեի կնճիռները: Մենք անընդհատ նայում ենք մեր սմարթֆոններին, պլանշետներին եւ նոթբուքերին, ինչը վատ է ազդում կեցվածքի, հետեւաբար նաեւ պարանոցի վրա։ Երբ դուք իջեցնում եք ձեր ուսերը կամ նստում եք կռացած, ձեր պարանոցի եւ կրծքավանդակի մաշկի վրա կնճիռներ են առաջանում: Ժամանակի ընթացքում դա կարող է արագացնել կնճիռների առաջացումը:
Կարեւոր է ուղիղ նստել եւ ուսերը հետ պահել, իսկ մեջքի վերին մասն ամրացնող վարժությունները նույնպես կարող են օգտակար լինել:
Քուն
Դուք քնու՞մ եք կողքի կամ որովայնի վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել այս սովորությունը կամ գոնե նվազագույնի հասցնել այն՝ հանուն ձեր դեկոլտեի։ Կողքի վրա քնելը կարող է արագացնել կրծքավանդակի կնճիռների առաջացումը: Կատարյալ դեկոլտեի լավագույն դիրքը մեջքի վրա քնելն է:
Խնամված կինը հետեւում է ոչ միայն իր դեմքին։ Կարեւոր է հիշել, որ դեկոլտեի հատվածը ենթարկվում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցությանը ոչ պակաս, քան ձեռքերը կամ դեմքը: Իսկ դրա խնամքը կարեւոր է նույնիսկ երիտասարդ տարիքում՝ ծերացման գործընթացը դանդաղեցնելու եւ մաշկի գեղեցկությունը երկարացնելու համար։ Եթե դուք չունեք բավարար տնային խնամք, եւ թվում է, որ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ, կարող եք դիմել մաշկաբանի կամ կոսմետոլոգի՝ բժշկական պրոցեդուրաներ եւ բժշկական կոսմետիկա ընտրելու համար: