Աննախադեպ գաստրոշոու պրոֆեսիոնալների կատարմամբ. «Երեւանի գինու օրերի» անակնկալները (վիդեո)

00:22   4 հունիսի, 2023

Հազարավոր երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր գալիս են Երեւանի կենտրոն՝ մասնակցելու Yerevan Wine Days ավանդական գինու փառատոնին։

Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 70 հայ գինեգործներ եւ 30 ռեստորաններ։ Բացի այդ, ընթացիկ փառատոնը նախորդներից տարբերվում է մի շարք հետաքրքիր միջոցառումներով. այցելուները կարող են վայելել գաստրոշոուներ՝ նշանավոր խոհարարների մասնակցությամբ։ 

««Երեւանի գինու օրերն» իր առաջին տարուց մեկ նպատակ է ունեցել՝ հանրահռչակել հայկական գինին։ Գինու եւ գաստրո գոտու շոուների այս հարթակը եւ սոցիալական պատասխանատվության, եւ հենց մեր հիմնական նպատակին ծառայող հարթակ է»,-ասում է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Մերի Բադալյանը։ 

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ գինու մասին ավելին բացահայտելու եզակի աուդիո-թատրոնի միջոցով, որը ներկայացնում է գինու մշակույթի ինքնատիպ գեղարվեստական պատմություն՝ աղջիկ-սոմելյեի եւ գինուց ոչինչ չհասկացող երիտասարդ գործարարի մասին։



«Փորձում ենք հայ հանրությանն ու մեր հյուրերին ալտերնատիվ ճանապարհներով հրամցնել, թե ինչ է հայկական գինին եւ, առհասարակ, ինչպես են այն խմում։ Ներկայացման գլխավոր հերոսները փորձում են իրենց երկխոսության միջոցով ունկնդրին հասցնել իրենց հղումը»,-հավելում է Մերի Բադալյանը։

Մինչեւ հունիսի 4-ը փառատոնի այցելուներին նոր անակնկալներ են սպասվում։ Հատուկ միջոցառման համար Նյու Յորքից Երեւան ժամանած հայտնի շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագը էքսքլյուզիվ ճաշատեսակ կպատրաստի Երեւանում առաջին անգամ դրսում հավաքված պրոֆեսիոնալ մեծ խոհանոցում։ Բացի այդ, միջոցառման ընթացքում խաղարկվում են հովանավորների կողմից սահմանված նվերներ, այդ թվում՝ գինետուրեր, ճամփորդություն դեպի Եվրոպա։ 



Երեւանում գինու օրերն անցկացվում են արդեն 7-րդ տարին։ Փառատոնի հյուրերի եւ մասնակիցների թիվն ավելանում է տարեցտարի։ Մերի Բադալյանի խոսքով՝ այդ ամենը զգացվում է ոչ միայն փառատոնի օրերին, այլեւ՝ հաջորդիվ ամիսների ընթացքում։ 

«ԷվենտՏուրայի» առաքելությունն է Հայաստանը դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր մեկնուղիներից մեկը` զարգացնելով, նորարարական լուծումներ կիրառելով, մշակութային ու սոցիալական պատասխանատվության տարր մտցնելով Հայաստանի իրադարձային զբոսաշրջության ոլորտ։
2022թ-ին  Wine Travel Awards 2021-2022 միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Yerevan Wine Days փառատոնը ճանաչվել է տարվա միջոցառում։ 



© NEWS.am STYLE