«Այդ տարին». Նունե Լեւոնյանի գիրքը՝ ԱՄՆ-ում անցկացրած իր մեկ տարվա մասին (վիդեո)

17:32   17 հունիսի, 2023

Իրադարձությունների, մարդկանց, սովորույթների եւ մշակութային ընկալումների համեմատություն՝ խճանկարի տեսքով: Հեղինակ Նունե Լեւոնյանն ընթերցողների դատին հանձնեց իր «Այդ տարին» գիրքը, որտեղ պատմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած իր մեկ տարվա մասին: Նունեն 2017-ին էր տեղափոխվել Վերմոնտ նահանգ, իր հուշերը, սակայն, սկսել է վերաշարադրել 2020 թ-ից: Հեղինակը նշում է՝ գիրքը որոշել է գրել՝ ի պատասխան իր ընկերների հարցադրումների, ովքեր անդադար հետաքրքրվում էին՝ ինչպիսին էր կյանքն ԱՄՆ-ում:

«Սա, ասես, օրագիր լինի, որտեղ ես պատմում եմ, թե ինչ եմ ես տեսել այդ տարվա ընթացքում, ինչն էր անսովոր, ինչն էր, որ չէր համապատասխանում իրականությանը, ինչն էր ճիշտ: Այն, ինչ գիտեի Ամերիկայի մասին, պարզվեց՝ այդքան էլ այդպես չէր: Ես ներկայացրել եմ զուտ այն, ինչ բնորոշ է Վերմոնտին»:

Գիրքը հրատարակվել է «Գրանիշ» հրատարակչության կողմից. հրարարակչության խմբագիր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ այն ընթերցվում է հետաքրքրությամբ ու հեշտությամբ՝ ընթերցողին փոխանցելով տարբեր հույզեր:

«Այստեղ պատմություններ են մարդիանց մասին, որոնք հանդիպել են Նունե Լեւոնյանին մեկ տարվա ընթացքում, բայց ինձ համար կարեւոր էր այն շերտը, որը բացվում էր այդ մարդկանց հետ փոխհարաբերություններից: Գիրքը շատ հեշտ էր ընթերցվում. որոշ հատվածներ զվարճալի էին, երբեմն տխրում էիր, հասկանում՝ ինչ տառապանքի միջով կարող է անցած լինել մարդը: Բայց այն շատ թեթեւ է, եւ կարող եմ նաեւ ուրիշներին խորհուրդ տալ ընթերցել»,-ընդգծեց նա:

Նունե Լեւոնյանն իր գործունեությունը սկսել է տարիներ առաջ: 2015-ին հրատարակել է «Դասեր, որ պետք չեն գալու» բանաստեղծությունների գիրքը, 2016-ին՝ «Հույս» ժողովածուն:

Հեղինակի «Այդ տարին» գիրքը հասանելի է երեւանյան մի շարք գրախանութներում:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE