Ամանորը Շրի Լանկայում. Էկզոտիկա եւ խորհրդանիշեր

23:02   19 դեկտեմբերի, 2013

Արեւադարձային Շրի Լանկայում Ամանորը երկու անգամ են տոնում: Եվրոպական ավանդույթներին հետեւելով՝ այն տոնում են դեկտեմբերի 31-ի գիշերը: Տոնակատարությունն ուղեկցվում է լողափին երեկույթներով, հրավառություններով ու պարերով: Տոնի գլխավոր ճաշատեսակը ծովախեցգետինն է:

Սակայն տեղաբնակների համար նոր տարին գարնանն է գալիս՝ ապրիլին, որպես կանոն՝ այդ ամսվա 13-ին կամ 14-ին: Ապրիլը համընկնում է բրնձի բերքահավաքի, թարմ մրգերի սեզոնի, հատկապես՝ մանգոյի հետ: Այդպիսով, տոնը ծաղկունք եւ լիություն է խորհրդանշում, ինչպես նաեւ նոր սկիզբ, հնարավորություններ ու հույսեր: Շրի Լանկայում ամանորյա տոները շարունակվում են մի քանի օր:

Դրա հետ կապված բազում հին ավանդույթներ կան: Օրինակ՝ յուրաքանչյուր տեղաբնակ ամանորից առաջ աշխատում է խնձորենու փայտով եւ բո սուրբ ծառի տերեւներով լոգանք ընդունել: Բացի այդ, տեղական սովորույթները ներառում են տոնական ուտեստներ, որոնք պետք է ուտել դեմքով դեպի հյուսիս նստած եւ կարմրա-ոսկեգույն հագուստով:

Նոր տարին սկսվում է ոչ թե կեսգիշերին, այլ աստղագետների սահմանած ժամին:

Տոնի մեկնարկն ավետում են թմբուկները, որոնց ձայնի ներքո բացվում են բոլոր տների դռներն ու պատուհանները եւ փողոցներում սկսվում է տոնակատարությունը: Նոր տարվա գագաթնակետը յուղով օծման արարողությունն է (thelgana avurudda), որը սեփական ձեռքերով պատրաստում է ընտանիքի գլխավորը: Արարողության ընթացքում նա կանգնում է հատուկ հավաքած տերեւների վրա: Համարվում է, որ thelgana avurudda-ը հոգեկան խաղաղություն է բերում եւ հաջորդ տարվա համար դրական էներգիա հաղորդում: Տեղաբնակները հավատում են, որ այդ գիշեր հնչած բոլոր ցանկություններն իրականանում են: Ի դեպ, Շրի Լանկայում ամենատարածված ամանորյա մաղթանքն այսպես է հնչում. «Որպեսզի ապրես 120 ու եւս 100 տարի»:

Ինչպես ամենուրեք, ամանորին ընդունված է նվերներ հանձնել: Հաճախ «բետել» են նվիրում, որը նախորդ տարում տեղի ունեցած թյուրիմացությունների համար ներողամտության հայցում եւ Նոր տարվա շեմին «խաղաղություն կնքելու» ցանկություն է խորհրդանշում: Ընդունված է նաեւ գումար նվիրել, ի դեպ, որպես նվեր ստացած մետաղադրամները պահում են մինչեւ հաջորդ տարի:

Նոր տարվա ավանդական ճաշատեսակը կոչվում է Kiribath: Այն պատրաստում են նոր կավե ամանի մեջ, վերջին բերքահավաքից ստացված բրնձով եւ կաթով: Ավանդույթի համաձայն, կաթը միտումնավոր թափում են եւ նրա հոսքին հետեւելով՝ կանխատեսում հաջորդ տարվա հեռանկարները, այնուհետեւ ընտանիքն անցնում է տոնական խնջույքին:

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE