Ի՞նչ է «Բարբի Բոտոքսը», եւ ինչու՞ է այս պրոցեդուրան դառնում հայտնի

21:04   25 օգոստոսի, 2023

«Barbie Botox» հեշթեգը ներկայումս ավելի քան 7 միլիոն դիտում ունի TikTok-ում, որտեղ բյութի-կլինիկաները ցուցադրում են ներարկումների տեսանյութեր՝ ավելացնելով պաստելային վարդագույն ենթագրեր եւ փայլուն էմոջիներ:

Ենթադրվում է, որ այս պրոցեդուրան ձեզ կդարձնի Բարբիի նման՝ երկարացնելով ձեր վիզը, ձեր ուսերն ավելի բարակ՝ այդպիսով ստեղծելով փխրուն կազմվածք: Օգտատեր Իզաբել Լյուքսը, որն այդ պրոցեդուրան փորձել է իր վրա, կարծում է, որ ինքն է այս արտահայտությունը հորինել։ Նրան ներարկել են 40 միավոր նեյրոտոքսին յուրաքանչյուր trapezius մկանի մեջ, որը պահում է նրա պարանոցը:

Պրոցեդուրան ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի օգնի թուլացնել ծանր գերբեռնված սեղանակերպ մկանները, որոնք կարող են առաջացնել միգրեն եւ պարանոցի ուժեղ լարվածություն: Այժմ այն ​​ոչ տեղին է օգտագործվում ուսերի չափը կոսմետիկորեն փոքրացնելու եւ պարանոցը երկարացնելու համար։

«Երբ բոտոքսը ներարկվում է մկանների մեջ, այն կտրում է կապը նյարդի հետ», - CNN-ին ասել է Լոնդոնի հանրահայտ Waterhouse Young էսթետիկ կլինիկայի առաջատար գեղագետ բժիշկ Պարիշա Աչարյան։ «Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է մկանների թուլացման եւ կաթվածի: Անուղղակիորեն մկանները կրճատվում են:

ботокс.jpg (69 KB)

Այնուամենայնիվ, սխալ օգտագործման կամ սխալ չափաբաժնի դեպքում բոտոքսը կարող է ամբողջությամբ կաթվածահար անել մկանները: Նեյրոտոքսինը երբեմն կարող է նաեւ «գաղթել» սկզբնական ներարկման վայրից՝ թուլացնելով շրջապատող այլ մկանների նյարդային կապերը:

Լյուքսին խորհուրդ է տրվել առնվազն 72 ժամ խուսափել ծանր ուսապարկեր կրելուց, ծանր ֆիզիկական վարժություններից եւ մերսումներից: «Իրականում ես շատ վախեցա», - ասել է նա: «Առաջին շաբաթվա ընթացքում ես զգացի մեծ ցավ, լարվածություն եւ կոշտություն իմ պարանոցի, ուսերի եւ մեջքի վերին հատվածում»: Երկու ամիս անց Լյուքսն իրեն «լավ է զգում, քան երբեւէ»։



© NEWS.am STYLE