Մորուքավոր տրանսվեստիտի պատճառով Ռուսաստանում ցանկանում են արգելել «Եվրատեսիլի» հեռարձակումը

17:09   25 դեկտեմբերի, 2013

«Եվրատեսիլ 2014»-ի Ավստրիայի մասնակից Կոնչիտա Վյուրստը (նույն ինքը՝ Թոմասը) կարող է ռուսական հեռուստաալիքներով մրցույթը չհեռարձակման պատճառ դառնալ, եթե «Համառուսաստանյան ծնողական ժողով» շարժման մասնակիցները հասնեն իրենց նպատակին: «Сегодня»-ի փոխանցմամբ, վերջինները մորուքավոր կնոջը մեղադրում են ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար, այդ պատճառով պահանջում են արգելել «Եվրատեսիլ»-ի հեռարձակումը: Իսկ երգիչը, ով նախընտրում է, որ իրեն իգական սեռով դիմեն, ասում է, թե ձգտում է հանրությանը սովորեցնել ավելի հանդուրժող լինել իր նման մարդկանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտարարվելու է դեկտեմբերի 31-ին:

Այդ օրը Հանրային հեռուստաընկերության ամանորյա ծրագրի ընթացքում հայտարարվելու է մասնակցի անունը, ում արդեն ընտրել են ներքին քվեարկությամբ: Հայտարարված թեկնածուն մասնակցելու է ամանորյա շոուին եւ երգելու է ճանաչված հիթերից մեկը: Իսկ «Եվրատեսիլի» երգն ընտրվելու է փետրվարին:

Նշենք, որ արդեն 8 երկիր` Բուլղարիան, Սերբիան, Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգն ու Անդորրան ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել են մրցույթին մասնակցելուց:

Հաջորդ տարի երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Կոպենհագենում: «Եվրատեսիլ 2014» մրցույթն անցկացնելու իրավունքը Դանիան վաստակեց Էմմիլի դե Ֆորեսթի Only Teardrops երգի հաղթանակի արդյունքում:



© NEWS.am STYLE