Մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը

16:07   17 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը։ Այն կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Արդեն երկրորդ տարին անցկացվող մրցույթը միտված է երաժշտության միջոցով աշխարհին հասանելի դարձնելու հայկական պոեզիան՝ բացահայտելով տաղանդավոր կոմպոզիտորների ամբողջ աշխարհից։

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, հիշելով մրցույթի մեկնարկի մասին, ասում է` երբ իր անունով մրցույթի առաջարկ է ստացել «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի կողմից, հաճելիորոն անակնկալի է եկել, անսպասելի էր։ Կոմպոզիտորի խոսքով՝ կարեւոր է հայկական պոեզիան երաժշտությամբ ներկայացնելը, հատկապես՝ հոգեւոր ստեղծագործությունները, որոնք նախկինում հնարավորություն չեն ունեցել հնչեցնելու։

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ամփոփելով նախորդ տավա մրցույթը՝ Մանսուրյանը նշեց․

380017834_1627465737806730_3941864693557756795_n.jpg (92 KB)

«Մենք երիտասարդների կողմից, իմ կարծիքով, հայ պոեզիային առնչվող գեղեցիկ փունջ ունեցանք։ Մասնակիցների մեջ ձեռք բերեցինք բարեկամների, որոնք նախկինում, նույնիսկ, չէին եղել Հայաստանում։ Ժյուրիի անդամների հետ էլ բարեկամության նոր արտահայտություն գտանք»։

Կոմպոզիտորը հավելում է՝ ինքն իր կարծիքն արտահայտել է, բայց ժյուրիի որոշումների հետ որեւէ առնչություն չի ունեցել։ 

Մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը։ Մրցույթի ողջ ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից - հունիսի 14-ը, աշխարհի տարբեր երկրներից ժյուրիի անդամները Հայաստանում հանդես կգան վարպետության դասերով, որոնք միտված կլինեն երաժշտական ակադեմիական կրթահամակարգի ամրացմանն ի նպաստ։

Մրցույթը կպահպանի առաջին տարվա կանոնները։ Դրան կարող են մասնակցել նաեւ նախորդ մրցույթին հայտեր ներկայացրած կոմպոզիտորներն ու մրցանակակիրները։

386866636_226234293800994_2894890539549764710_n.jpg (157 KB)

Մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ-ի ապրիլի 15-ն է։ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին կոմպոզիտորները պետք է ներկայացնեին ձայնի եւ մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տեւողությունը պետք է լինի նվազագույնը 6, առավելագույնը` 12 րոպե: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա: 

Ապրիլի 15-ից մայիսի 15-ը հանձնաժողովը ներկայացված ստեղծագործություններից կընտրի 6 լավագույններին։ Մայիսի 15-ին կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների անուններն իսկ հունիսի 14-ին՝ գալա-համերգին, «Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ կհնչեն 6 լավագույն ստեղծագործությունները, եւ ժյուրին կընտրի մրցանակակիրներին։ Մրցույթի ընթացքում կներկայացվի նաեւ համերգ, որի ծրագրում ընդգրկված կլինեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ մանսուրյանական առաջին մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, որոնք ստեղծագործել էին հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների հիման վրա։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE