66 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Հեյդն Գվինը

17:23   20 հոկտեմբերի, 2023

66 տարեկանում քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է դերասանուհի Հեյդն Գվինը։ The Guardian-ը հայտնում է, որ դերասանուհու գործակալի խոսքով՝ Գվինը մահացել է հիվանդանոցում՝ «շրջապատված սիրելի զավակներով, ընտանիքի անդամներով եւ ընկերներով»։ 

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Royal Marsden եւ Brompton հիվանդանոցների անձնակազմին եւ թիմերին՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրանց հիանալի խնամքի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գվինը, ով մարմնավորել է Channel 4-ի «Drop the Dead Donkey» երգիծական նախագծում Ալեքս Փեյթսին, տպավորիչ կարիերա է ունեցել հեռուստատեսությունում եւ բեմում: Նա ստացել է Olivier եւ Tony մրցանակների անվանակարգեր՝ «Բիլլի Էլիոտ» մյուզիքլի համար՝ որպես ուսուցիչ (Լոնդոն եւ Նյու Յորք) եւ երեք այլ Olivier անվանակարգեր՝ «Հրեշտակների քաղաքը», «Նյարդային պոռթկումի շեմին գտնվող կանայք» (հիմնված Պեդրո Ալմոդովարի ֆիլմի վրա) երաժշտական ​​գործերի եւ «Երեք գրոշանոց օպերա»-ի համար։

2023 թվականի սեպտեմբերին նա դուրս եկավ «Սթիվեն Սոնդհեյմի հին ընկերները» ռեվյուից՝ հիվանդության պատճառով: Նա նախկինում նկարահանվել էր ռեվյուի միանվագ տարբերակում: Գվինի հեռանալու պահին պրոդյուսեր Քեմերոն Մակինթոշն ասել է. «Հեյդնը 2022 թվականի մայիսին «Հին ընկերներ»-ի գալա պրեմիերային ներկայացրեց Ladies Who Lunch-ի անմոռանալի կատարումը, եւ այդ ժամանակից ի վեր եղել է այս շատ սերտ ընկերության անբաժանելի մասը»:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE