«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնը պաշտոնապես բացվեց

19:08   23 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 22-ին Կինոյի տանը մեկնարկեց «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի  նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին եւ հայ կինոյի 100-ամյակին։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն այս տարի իր շուրջ համախմբել է բազմաթիվ ռեժիսորների, անիմատորների, պրոդյուսերների եւ ոլորտի այլ մասնագետների` աշխարհի տարբեր երկրներից ու միջազգային առաջատար ընկերություններից։

IMG_9998-1.jpeg (463 KB)

Վերջին երկու տարիներին՝ պատերազմով եւ համավարակով պայմանավորված, «ՌեԱնիմանիան» հարաբերական դադարի փուլում էր։ Փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Վրեժ Քասունին  անդրադառնալով այս փաստին, նշեց. «Սովորաբար ասում են՝ փառատոնը համարում ենք բացված, բայց մեր դեպքում սիրով ուզում եմ ասել՝ «ՌեԱնիմանիա» փառատոնը կրկին շարունակվում է։ Այսօր, առավել քան երբեւէ, մենք ավելի եռանդուն ձեւով պետք է շարունակենք մեր գործունեությունը եւ մեր մշակութային քաղաքականությամբ աշխարհին լսելի դարձնենք Հայաստանի ձայնը, հայկական կինոարվեստի ուրույն ասելիքը, բացահայտենք ու ցույց տանք այն տաղանդներին, որոնց պետք է ճանաչեն բոլորը»։

«ՌեԱնիմանիա» փառատոնի գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետարանն է, գլխավոր աջակիցը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Գերատեսչական կառույցների ներկայացուցիչներն իրենց ողջույնի խոսքում շնորհավորեցին հյուրերին ու մասնակիցներին, եւս մեկ անգամ կարեւորեցին մշակութային այս կարեւոր իրադարձության կայացումը։

IMG_9995.jpeg (286 KB)

«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի  բացման ֆիլմը ծագումով Իրանից, ֆրանսիայում բնակվող Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» ֆիլմն էր։ Անիմացիան հերթական անգամ ապացուցեց, որ այն իրականության ու հանդիսատեսի միջեւ բուֆերային փրկօղակ է՝ խոսելու ամենադաժանի մասին ամենատանելի լեզվով, երբ ծխացող ամպերը, ճախրող ավերակները, սովալլուկ շնաձկները, թափառող կատուները, եռոտանի շները եւ Աստվածածնի սրբապատկերը պահպանող հայ քահանաները ամբողջանում են մոգական ռեալիզմի կտավում։

Ֆիլմի ցուցադրությունից հետո հյուրերը մասնակցեցին նաեւ «Անիմացված պատերազմ» ցուցահանդեսին։  

«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 28-ը։ Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են Կինոյի տանը եւ ԹՈՒՄՈ կենտրոնում (Երեւան, Հալաբյան 16), պանելային քննարկումները և «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները եւս ԹՈՒՄՈ կենտրոնում։

Փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am-ից եւ «Կինոյի տնից», փառատոնի ծրագիրն ամբողջությամբ հասանելի է ReA app բջջային հավելվածում (App store, Play market)։

Ստացված հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համարկրթական ծրագրեր իրականացնելուն։



© NEWS.am STYLE