Կարլ Լագերֆելդի կողմից ստեղծված Chanel Haute Couture-ի ավելի քան 250 զգեստներ աճուրդի են հանվել

17:03   16 նոյեմբերի, 2023

Ֆրանսիացի գործարար Մունա Այուբը կարող է պարծենալ բարձր նորաձեւության հանդերձանքների իր հսկայական հավաքածուով, որը ներառում է մոտ 2500 օրինակ:

Նա որոշել է հրաժեշտ տալ Chanel-ի իր լայնածավալ հավաքածուին՝ աճուրդի հանելով Կարլ Լագերֆելդի կողմից ստեղծված 252 արտադրանք։

WWD-ին տված հարցազրույցում Այուբը բացատրել է այս որոշման պատճառները։ «Ես դա անում եմ երկու պատճառով. նախ՝ դրանք ինձ այլեւս չեն համապատասխանում: Երկրորդ՝ ես իսկապես ուզում եմ երիտասարդ սերնդին, ովքեր չեն ճանաչել Կարլին, հնարավորություն տալ ունենալ այդ իրերը, կրել դրանք եւ սիրել այնպես, ինչպես ես էի սիրում, հատկապես, որ ես երբեք չեմ կրել դրանցից շատերը»:

Այուբը, ով նախկինում ամուսնացած էր միլիարդատեր Նասեր Ալ-Ռաշիդի հետ, ամուսնության տարիներին իրավունք չի ունեցել կրել հագուստ, որը կցուցադրեր իր ձեռքերը, ոտքերը կամ պարանոցը։ Այսպիսով, հավաքածուում ներառված իրերից շատերով նա կարող էր միայն հիանալ Էր Ռիադում գտնվող իր գրասենյակում։ 

Հաջորդ շաբաթ Այուբի հավաքածուն աճուրդի կհանվի Maurice Auction-ի միջոցով: Հավաքածուն, որը ներառում է նախշազարդերով երեկոյան վերարկուներ եւ ոսկե ժապավեններով զարդարված զգեստներ, որոնք նա կրել է Միլանի Լա Սկալա օպերայում եւ Մոնտե Կառլոյի Bal de la Rolse Gala-ին, որտեղ այցելել էր Լագերֆելդի հետ, հանրությանը կներկայացվի նոյեմբերի 19-ից 20-ը։

Հատկանշական է, որ հագուստներից շատերի արտադրությունը տեւել է ավելի քան 800 ժամ: Բացի վերարկուներից եւ զգեստներից, Այուբի հավաքածուն ներառում է կոստյումներ, կոշիկներ, զարդեր, գոտիներ եւ կեղծամ, որոնք ստեղծվել են 1990-2014 թվականներին:



© NEWS.am STYLE