Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Շրի Լանկա. Դրախտը երկնքում մի փնտրեք (մաս երկրորդ)

15:24, 14 հոկտեմբերի

Շրի Լանկայի բնակչության գերակշիռ մեծամասնությունը բուդդայականություն է դավանում, կան նաեւ քրիստոնյաներ: Տեղացիներն իրենց երկիրը համարում են բուդդայականության հայրենիքը: Բուդդայի ծաղկապատ կոթողներ կարելի է տեսնել ամենուրեք: Շրի Լանկայի բնակիչները շատ բարեհամբույր ու ժպտերես են: Բոլորը ժպտում են ձեզ շատ անկեղծ ու անմիջական` ինչպես փոքրիկ երեխաներ: Ինձ համար հայտնություն էր, որ տեղի բնակչությունն ընդհանրապես տանել չի կարողանում հնդիկներին` անվանելով նրանց «կեղտոտ խոզեր» (ի դեպ տեղացիները շատ մաքուր են): Եթե հաշվի չառնենք այս հանգամանքը, ապա ավելի բարեհամբույր ու հաճելի մարդկանց մենք դեռ չենք հանդիպել: Բացի այդ, Շրի Լանկայում շատ բարձր են ալկոհոլի ու ծխախոտի սակագները, ուստի տեղացիների համար դա շատ թանկ հաճույք է: Այնպես որ խորհուրդ կտայի ձեր հետ վերցնել մի շիշ ոչ այնքան թանկարժեք գինի ու մի քանի տուփ ծխախոտ, որը կարող եք նվիրել գիդին կամ հյուրանոցի սպասարկող անձնակազմին: Այդպիսի նվերները նրանց ավելի կուրախացնեն, քան թեյավճարները: Ես հավանեցի նաեւ այն, որ տեղացիները սովորություն չունեին զբոսաշրջիկներին առաջարկել ամեն տեսակի անպետք իրեր: Իհարկե ձեզ կառաջարկեն հուշանվերներ, կախարդական թեյեր, հրաշք-քսուքներ, բայց դա կանեն շատ հանգիստ, ոչ թե  ինչպես Եգիպտոսում: Մեր բախտը չէր բերել գիդի հարցում, որն ամեն կերպ համոզում էր գնել նոթատետր` պատրաստված փղի թրիքից, կամ համոզում էր, որ մեզ բերել է «հուշանվերների շատ մատչելի խանութ», որտեղ սառնարանի փոքրիկ մագնիսներն արժեին 20 դոլար: Ու այդ ամենն արվում էր այնպիսի պնդերեսությամբ, որ մենք, հակառակ նրա պնդումների, ոչինչ չգնեցինք: Հասկանալի է, որ զբոսաշրջիկների հաշվին բոլոր երկրներում էլ ցանկանում են դրամ վաստակել, ուստի ավելի լավ կլինի չկորցնել աչալրջությունը ու առանց ամաչելու սակարկել:

 

Հյուրանոցը, որտեղ մենք կանգ էինք առել, այնքան լավն էր, որ այնտեղից դուրս գալու ցանկություն չկար: Ծովափ, արմավենիներ, օվկիանոս, արեւ, հոյակապ խոհանոց, ուշադիր սպասարկող անձնակազմ, մի խոսքով այս դրախտը նույնիսկ հանուն հետաքրքրության չէիր ուզում թողնել: Բայց եւ այնպես, մենք որոշեցինք մեկ օրով ուղեւորվել Կանդի: Ուղեւորությունը ներառում էր փղերով զբոսանք, այցելություն փղաբուծարան, Թագավորական այգի, Բուդդայի Ատամի գլխավոր տաճար: Մեր գիդը` Դումինդուն, հավաստիացնում էր, որ ուղեւորությունը կտեւի 3 ժամից ոչ երկար ու երեկոյան ժամը 6-ին մենք կլինենք հյուրանոցում: Մեր ուղեւորության առաջին փուլը փղերով զբոսանքն էր: Նշված վայր մենք հասանք 2 ժամից: Շրի Լանկայի ճանապարհներն ահավոր են, բայց բնության աստվածային գեղեցկությունը չեզոքացնում է ճանհապարհի դժվարությունները: Դա հեքիաթի է նման, այնպիսի տպավորություն է, որ թփերից Շերխանին հեծած դուրս կթռչի Մաուգլին` գրկախառնված Բագիրային: Տեղի կենդանական ու բուսական աշխարհն աննկարագրելի է: Իսկ երբ ճանապարհին` քեզնից ընդամենը 2 մետր հեռու, փիղ ես տեսնում, հիացմունքդ թաքցնել չի հաջողվում, ու տարիքն էլ այստեղ կարեւոր չէ: Փղի վրա նստած կեսժամյա զբոսանքն արժե 2000 ռուփի (մոտ 20 դոլար): Կարելի է մեկ ժամ զբոսնել, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ արեւի տակ կեսժամյա զբոսանքն ամբողջովին բավական է: Մեր էգ փղի անունը Մոնիկա էր: Ինչպես հայտնեց գրաստապանը, նրան այդպես էին անվանել ի պատիվ Մոնիկա Լեւինսկու: Հատկանշական է, որ տեղի բնակիչները վախենում են փղերից: Ճանապարհին մեզ հանդիպեց երիտասարդ կին, որը վախից թաքնվեց ծառի հետեւում ու չնայած փղապանի հորդորներին, հրաժարվեց անցնել ճանապարհը: Ու միայն այն ժամանակ անցավ, երբ Մոնիկան համեմատաբար անվտանգ տարածության վրա էր: Ճանապարհին մենք բանաններ գնեցիք ու կերակրեցինք Մոնիկային: Զբոսանքը տեղի ջունգլիներում ավարտվեց, երբ փղերը մտան ջուրը: Փիղը ջուրը հավաքում է կնճիթով ու շատրվանի նման հետ ցողում` ջրելով իրեն ու հեծյալներին: Բայց մենք որոշեցինք զերծ մնալ այդ հաճույքից, քանի որ այդ ջրամբարում փղերը ոչ միայն լողանում են, այլ, ինչպես մենք կասկածում ենք, հոգում են իրենց բնական կարիքները: Չնայած նրան, որ Մոնիկան շատ կցանկանար լոգանք ընդունել հոգնեցուցիչ ուղեւորությունից հետո, բայց լսեց տիրոջն ու չդիմեց այդ քայլին:

Մեր ուղեւորությունը ներառում էր այցելություն թեյի պլանտացիա ու համեմունքների այգի: Ժամանակ խնայելու համար որոշեցինք շրջանցել ուղեւորության այդ հատվածն ու շարունակեցինք ճանապարհը դեպի Պինավելում գտնվող պետական փղաբուծարան: Մեր տեղ հասնելուն պես փղերին տարան լողացնելու: Դա մի հոյակապ տեսարան էր: Կենդանիների թիվը մոտ 20 էր, նրանց մեջ կային փոքրիկ ձագեր: Նրանք բազմացել էին ազատության մեջ, խաղում էին իրար հետ ու ընդհանրապես չէին վախենում մարդկանցից, մոտենում, վերցնում էին բանաններ, չնայած պահակները դրան այդքան էլ հավանություն չէին տալիս ու փղերին կերակրել ցանկացողներին մոտ չէին թողնում, իհարկե, հանուն նրանց անվտանգության:

Կանդիից 12 կիլոմետր հեռավորության վրա` Պերադենիում, գտնվում է Թագավորական բուսաբանական այգին (Royal Botanikal Garden): Այն իրավամբ համարվում է լավագույններից մեկն Ասիայում: Այգին 1921թ. հիմնադրել են անգլիացիները: Արգելոցի տարածքը բավական ընդարձակ է: Տեղացիներն այնտեղ մնում են մի ամբողջ օր եւ շատ ճիշտ են անում, քանի որ մի քանի ժամվա ընթացքում անհնար է ամբողջ այգին շրջել: Վստահեցնում եմ, այստեղ դիտելու շատ բան կա: Այդ պատճառով, արժե յուրաքանչյուր քաղաքում կանգ առնել 1-2 օր, քանի որ, բացի հեռավորությունից, իր մասին հիշեցնում է նաեւ կլիմայի առանձնահատկությունը: Ես, օրինակ, զգացի, որ այդպիսի խոնավ պայմաններում դժվար եմ դիմանում շոգին: Բայց նահանջելն արդեն ուշ էր, բացի այդ, արեւադարձային տապը չէր կարող խանգարել ըմբոշխնել այգու գեղեցկությունը: Հազվագյուտ բույսեր, հարյուրամյա ծառեր, որոնց անունները չեք կարող արտասանել: Այս ամենն ընդմիշտ կմնա ձեր հիշողության մեջ: Քայլելով այգում, դուք ձեզ կզգաք ինչպես Ալիսան հրաշքների աշխարհում. այն ամենը ինչ տեսնում եք, արտասովոր է:

 

Երբ մենք հասանք Կանդի, տապն արեց իր սեւ գործը ու մի պահ թվաց, որ ոչինչ, նույնիսկ ամենհոյակապ տաճարը մեզ չի ստիպի լքել ավտոմեքենան, որում ամբողջ թափով աշխատում էր օդափոխիչը: Սակայն Շրի Լանկայի գլխավոր բուդդայական տաճարը չէր կարելի անտեսել, հաշվի առնելով նաեւ անցած ճանապարհը: Մինչ ներս մտնելը, մեր գիդը որոշեց մեզ` «սպիտակ վայրենիներիս», ներկայացնել բուդդայականության սկզբնավորման պատմությունը: Դումիդուն խոսում էր շատ ծիծաղելի ռուսերենով, ու հավատացնում եմ ձեզ, որ բուդդայականության տեսության այդպիսի հոյակապ բացատրություն մենք երբեւէ չէինք լսել: Չնայած որ նրա խոսելաոճը ծիծաղի պոռթկումներ էր հարուցում ու հազիվ էինք մեզ զսպում, շարադրանքն ու տրամաբանությունն այնպիսի հիացմունք պատճառեցին, որ մոռացանք հոգնածության մասին: Բուդդայի Ատամի տաճար բոլորը ոտաբոբիկ են մտնում: Զբոսաշրջիկներին թույլ են տալիս գուլպաներով մտնել: Բայց խորհուրդ եմ տալիս մոռանալ քաղաքավարության կանոններն ու ոտաբոբիկ մտնել: Հավատեցնում եմ, այդպիսի մաքրություն նույնիսկ ձեր բնակարանում չեք տեսնի: Մուտքի մոտ հոգեւորականները վաճառում են փոքրիկ թրծված ափսեներ հասմիկներով, լոտոսով եւ ուրիշ ծաղիկներով: Դրանք դասավորում են Բուդդայի արձանի մոտ ու ամբողջ տաճարը լցվում է աննկարագրելի բուրմունքով: Ինչպես կարելի է գուշակել տաճարի անվանումից, այստեղ պահվում է սուրբ մասունքը` Բուդդայի ատամը: Ավանդության համաձայն` Բուդդայի հրկիզումից հետո խարույկում հայտնաբերել են 4 ատամ, որոնցից մեկը պահվում է այս տաճարում:

Ատամը պահվում է ոսկե սանդում, որը բաղկացած է 7 միանման շերտերից, որոնք շարված են իրար վրա: Ոսկե ատամը շատ քչերն են տեսել, մի ժամանակ այն կարող էի տեսնել միայն թագավորն ու մի քանի վանահայրեր, իսկ հիմա արկղիկը կարող է յուրաքանչյուր ոք տեսնել, սակայն բուն սուրբ մասունքը հասարակ մահկանացուների համար հազվադեպ է հասանելի: Ատամը տեղադրում են ոսկե լոտոսի կենտրոնից դուրս եկող հատուկ ոսկե օղակում, քանի որ, ավանդության համաձայն, Հնդկաստանում հենց այդ ծաղկի մեջ են գտել սուրբ ատամը: Անուշաբույրությունը, ծաղիկների բուրմունքը, աղոթողների մրմնջոցը, որ միաձուլվում է աստվածային երաժշտությանը, սուրբ պատերից փչող սառնությունը, տեղացիների բարեհամբույր ժպիտները հանգստացնում են նյարդերը: Անկախ կրոնական հայացքներից` հոգեպես բավարարված ես զգում: 
Այդ հոյակապ տպավորությունները չխաթարվեցին նույնիսկ հետդարձի երկարատեւ ու հոգնեցուցիչ ճանապարհին: Խոստացված երեկոյան ժամը 6-ի փոխարեն մենք հյուրանոց հասանք մոտավորապես երեկոյան ժամը 10-ին ու երդվեցինք հյուրանոցը 1 ժամից ավելի չլքել: Առանձնապես հիացմունք է պատճառում տեղական խոհանոցը: Ես, որ կծու կերակուրների սիրահար եմ, ուղղակի էքստազի մեջ էի: Գլխավոր ուտեստը կարին էր, որը կարելի էր փորձել հավի, բանջարեղենի ու ծովամթերքների հետ: Դա շատ սննդարար կերակուր է: Աստվածային բրնձի հետ մատուցում են տարբեր սոուսներ, աղցաններ, կանաչեղեն: Այստեղ գալուց առաջ կարիի համը ես չէի հավանում, բայց պարզվեց, որ Երեւանում այն չեն կարողանում պատրաստել: Իսկական կարին հաճույք է: Եթե դուք չեք սիրում կծու կերակուր, ապա զգուշացրեք մատուցողին «No spicy», սակայն իմ կարծիքով այն այդքան էլ կծու չէ: Եզակի դեպքը, երբ ինձ թվաց, որ կոկորդս կայրվի, թաիլանդական կարիում չիլիի քանակությունից էր: Այն շատ կծու է, զգացողությունն աննկարագրելի է: Կարին շատ լավ է համատեղվում գարեջրի հետ: Բացի այդ, պարզվեց որ Շրի Լանկայի գարեջուրը բավականին լավն է: Իսկ ինչպես են այստեղ պատրաստում ծովամթերքները, այդ թվում` ձուկը: Տեղի համեմունքները ոչ միայն չեն փչացնում, այլ ավելի են ընդգծում ձկների, խեցգետիների, ոստրեների, օմարների համը: Համերն այստեղ նույնպես գունեղ են, ինչպես արեւադարձային արեւն ու ջունգլիները: Մեխակը, դարչինը, հիլը, բոլոր հայտնի ու անհայտ համեմունքներն այստեղ յուրահատուկ են բուրում` առաջացնելով անփոխարինելի զգացողություն ու գրգռելով ախորժակը: Բացի այդ, մեզ ծանոթ էկզոտիկ մրգերի համն էլ այսեղ ուրիշ է: Դուք ձեր համար կբացահայտեք լրիվ ուրիշ բանաններ, անանասներ, մանգո ու նույնիսկ` ձմերուկ:


Ոչ մի տեղ բնության հետ կապն այդպես չես զգում, ինչպես Շրի Լանկայում: Մեր հյուրանոցի տարածքում ազատ թռչկոտում էին փոքրիկ սկյուռիկներ, որոնք հարմար պահի էին սպասում սեղանից ուտելիք թռցնելու համար: Մողեսներն ինքնավստահ կեցվածքով շրջում էին հյուրանոցի կածաններով, ծովախեցգետինները համերաշխ խմբերով վազում էին օվկիանոսի ափով: Հնդկական օվկիանոսի գեղեցկությունն ու ուժը հիացնում են, բայց, նշեմ, որ լողալ ձեզ չի հաջողվի, քանի որ ալիքները բարձր են ու ձեզ տաշեղի նման դուրս կշպրտեն` պատռելով լողազգեստը: 


Հայրենիք վերադառնալուց հետո ամենավատն այն է, որ սկզբնական շրջանում ամեն ինչ թվում է անհամ ու տենչում ես կրկին փորձել կծու ու համեղ կարին…

Շրի Լանկան կատարյալ վայր է ռոմանտիկների ու արկածասերների համար, նրանց համար, ովքեր երկրային դրախտ են փնտրում:

Ֆոտո,տեքստ:Աննա Ավետիսյան/NEWS.am


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել