Հայկական կինոարտադրությունը հիմա ինչ–որ առումով վերածնունդ է ապրում, որովհետեւ կար լիարժեք անկում հիշեցնող մի ժամանակահատված, որը համընկավ սովետական միության փլուզման վաղ շրջանի հետ: Ընդ որում այդպիսի իրավիճակ էր նախկին խորհրդային միության բոլոր երկրների կինոարտադրության բնագավառում: Այս մասին ասել է «Կուլտուրա» ալիքի «Կինոյի կուլտ» հաղորդման հեղինակ, համաշխարհային ճանաչում ունեցող մշակութաբան Կիրիլ Ռազլոգովը հարցազրույցում, որը NEWS.am STYLE-ն ընթերցողին է ներկայացնում ամբողջությամբ:
Պարոն Ռազլոգով , ինչպես սկսվեց «Կինոյի կուլտ»-ը:
Կինոյի պաշտանմունքը ամենատարբեր ընկալումներ ունի, թեեւ, իսկզբանե դա բոլորովին նոր դրսեւորում էր, որ գրեթե փոխարինելու եկավ կրոնական պաշտանմունքին: Կինոթատրոնները վերածվեցին նոր վանքերի, կինոաստղերը՝ նոր աստվածների: Ինչպես մի առիթով դիպուկ բնորոշել է Կաննի կինոփառատոնի նախագահը. « Այս ամենի մեջ ինչ-որ կրոնական բան կա»՝ կարմիր գորգ, բարձր աստիճաններ, որոնք կարծես դեպի կապույտ երկինք են տանում…
Դուք մի քանի տարի ապրել եք ֆրանսիայում եւ այդ տարիները համընկել են ֆրանսիական Նոր Ալիքի հետ: Ի՞նչ տվեցին Ձեզ այդ տարիները:
Այդ տարիներն ինձ ստիպեցին հեռանալ ճշգրիտ գիտություններից, որովհետեւ երիտասարդ ժամանակ որոշել էի մաթեմատիկոս դառնալ: Հենց այն փաստը, որ ես Ֆրանսիայում հայտնվեցի Նոր Ալիք-ին զուգահեռ, այն էլ անցումային տարիքում ու նայեցի բազմաթիվ ֆիլմեր, ինձ մոտ ցանկություն առաջացավ լրջորեն զբաղվել կինոյով: Իմ կյանքում այդ որոշումը ճակատագրական նշանակություն ունեցավ:
Ի՞նչ տարբերություններ եք նկատում 90-ականների եւ այսօր ստեղծվող ֆիլմերի միջեւ:
Ողջ աշխարհում արվեստն արդեն տասնամյակներ նորություն չի գրանցում: Այս հարցի շուրջ ես ունեմ սեփական թեորիան՝ արվեստը զարգանում է ոչ թե տարիներով, այլ ավելի շուտ՝ սերնդե սերունդ՝ 25, 11, 12 եւ 6 տարի ցիկլով: Գլխավոր մեկնարկը 70-ականներին էր, երբ Հոլիվուդը գրավելով համաշխարհային կինոշուկան, ամերիկյան ազգային կինեմատոգրաֆից վերածվեց տրանս – ազգայինի: Կինեմատոգրաֆի շրջանակներում ի հայտ եկան բազմաթիվ ու բազմատեսակ սուբ – կուլտուրաներ: Հիմք դրվեց փառատոնային մշակույթին: Արդյո՞ք արտառոց որեւէ բան փոխվեց կամ ինչի՞ն հանգեցրեց այս միտումը. փոփոխվեցին միայն կինոյի ընալման պահանջները: Առավել արդիական դարձավ ինտերնետային կինոդիտումը, կինոթատրոնները զիջեցին իրենց տեղը: Փոփոխվեց կինո երեւույթի հոգեբանական ընկալումը:
Ասում են 21-րդ դարի արվեսը բիզնեսի անբաժանելի մասն է ու, եթե ցանկացած արվեստի գործ բիզնեսի սպառման տեսանկյունից արժեք չունի, ապա դա անիմաստ գոյություն է: Ի՞նչ եք Դուք մտածում այս մասին:
Եթե 21-րդ դարում արվեստը եկամտաբեր չի, ապա իսկապես հարց է ծագում՝ իսկ պե՞տք է դա մեզ, թե ոչ: Պատասխանը միանշանակ է՝ արվեստը երբեք չի եղել բացառապես բիզնեսի աղբյուր, այն գոյություն ունի անկախ այդ հաշվարկներից: Ուրիշ հարց, որ կինոն մեծ ծախսեր պահանջող արվեստ է, եւ խնդիրը հետեւյալն է՝ ինչպես այն կգոյատեւի այս պայմաններում: Մեր օրերում կան բազմապիսի էժանագին տեսախցիկներ, նույնիսկ հեռախոսներ, որոնցով կարելի է ֆիլմեր նկարահանել ու մոնտաժել: Հետեւաբար այդ թեզը չափազանցություն է: Այլ հարց է, որ այդպիսի աշխատանքների կողքին կնկարահանվեն մեծ բյուջեյով ֆիլմեր, այնպես, ինչպես Հոլիվուդում է: Այստեղ միջանկյալ հարթակ է ձեւավորվում, որ կոչվում է համատեղ կինոարտադրություն: Սա հրաշալի հնարավորություն է օրինակ Հայաստանում կամ նմանօրինակ երկրներում կինոարտադրության զարգացման համար: Ի դեպ, այս առումով ե՛ւ Ոսկե Ծիրանը, ե՛ւ Մոսկովյան կինոփառատոնը ունեն համապատասխան ծրագրեր, որոնք ստեղծված են համատեղ կինոարտադրության զարգացման համար: Հայաստանում համատեղ կինոարտադրության զարգացմանը մեծապես նպաստում է Սփյուռքը, ինչպես նաեւ նախկին սովետական հանրապետությունների հետ ունեցած կապերը: Ապագան իհարկե ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է, բայց ֆինանսական տեսանկյունից դա հնարավոր կդառնա միայն համատեղ կինոարտադրության միջոցով:
Ծանո՞թ եք հայկական ֆիլմերին:
Այո, գրեթե ամեն տարի մասնակցում եմ ձեր երկրում անցկացվող Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնին եւ որպես ժյուրիի անդամ ծանոթանում ծրագրում ընդգրկված բոլոր, այդ թվում նաեւ հայկական ֆիլմերին:
Ինչպե՞ս եք գնահատում հայկական կինոարտադրության զարգացման տեմպերն ու որակները:
Հայկական կինոարտադրությունը հիմա ինչ–որ առումով վերածնունդ է ապրում, որովհետեւ կար լիարժեք անկում հիշեցնող մի ժամանակահատված, որը համընկավ սովետական միության փլուզման վաղ շրջանի հետ: Ընդ որում այդպիսի իրավիճակ էր նախկին խորհրդային միության բոլոր երկրների կինոարտադրության բնագավառում: Եթե սովետական տարիներին հայտնի էին Հենրիկ Մալյանի եւ Ֆրունզե Դովլաթյանի անունները, ապա այժմ կհիշատակեմ Հարություն Խաչատրյանին ու էլի մի քանիսին: Հիմա իմ կարծիքով ի հայտ է եկել կինոյի նոր՝ երիտասարդ սերունդ, որի ներկայացուցիչները հիմանականում նկարահանում են կարճամետրաժ ֆիլմեր: Թե ի՞նչ տեմպերով կզարգանա հայկական կինոարտադրությունը դժվար է ասել, սակայն այն հանգամանքը, որ դուք ունեք միջազգային կինոփառատոն եւ մի քանի հնչեղ անուններ, արդեն առաջընթացի գրավական են: Թեեւ ստեղծագործական կոնֆլիկտներն անպակաս են, մեր երկրում էլ այդպես է: Դա ստեղծագործական մթնոլորտի անբաժան մասն է, որովհետեւ ստեղծագործող մարդիկ գերզգայուն են: Հույս ունենանք, որ կինոարտադրության զարգացման տեմպերը նկատելի կլինեն: Նոր սերունդն իր հետ թարմ շնչառություն կբերի:
Վերջին 25 տարիների ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել մի շարք պատմական նշանակության իրադարձություններ, բայց կինոարվեստում գրեթե որեւէ կերպ չեն արտացոլվել կամ ուշանում են: Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել:
Գիտեք, պատմական իրադարձությունները կինոյի լեզվով արտացոլելու համար երեւի 100 տարի է պետք: Մոտ տարածությունից հաճախ լավ չենք տեսնում: Չնայած Սպիտակի երկրաշարժի մասին պատմող դոկումենտալ ֆիլմեր ստեղծվեցին: Ինչ վերաբերում է խաղարկային ֆիլմերի ստեղծմանը, ապա իրավիճակը անհամեմատ բարդ է: Առհասարակ արվեստի ֆունկցիաների մեջ չի մտնում անհապաղ արձագանքնել այստեղ եւ հիմա կատարվող իրադարձություններին, անգամ եթե դրանք պատմական նշանակության են: Իհարկե լինում են դեպքեր, երբ կինոն շատ արագ է արձագանքում այս կամ այն իրադարձությանը, եթե դա հասարակական մեծ հնչեղություն ունի, բայց առավել հաճախ հեռանում է թեմայից, որովհետեւ ռիսկային ու վտանգավոր գործոններ կան՝ դժվար է համապատասխան ֆինանսներ հայթայթել, որովհետեւ այն մարդիկ, ովքեր կատարում են ֆինանսկական ներդրումներ, առաջին հերթին հենց իրենք ենք խուսափում ռիսկային իրավիճակներից: Թեեւ պետք է նշեմ, որ սարսափելին ոչ թե արվեստի լեզվով գրանցված արձագանքների բացակայությունն է, այլեւ նմանօրինակ արձագանքների նկատմամբ հոգեւոր պահանջի բացակայությունը, երբ ինքնաարտահայտման պահանջն է բացակայում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Տեխնիկական տեսանկյունից ինչպե՞ս եք տեսնում կինոյի ապագան:
Եկել են 3D-ի ժամանակները: Վերջին տասնամյակում կինոարտադրության բնագավառում սա տեխնիկական գլխավոր ու մեծագույն հեղափոխությունն է:
Այսօրվա երիտասարդ ռեժիսորներին առավել հարմար է ֆիլմեր նկարահանել թվային տեխնիկայով: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրողությանը:
Ժապավենն արդեն անցյալ է, կարելի է ասել նույնիսկ՝ թանգարանային նմուշ: Դրանք պահպանվում են կինոարխիվներում եւ ծառայում միայն, որպես թվային տեխնիկայի վերածման աղբյուր: Նույնիսկ Մոսկովյան կինոփառատոնում ֆիլմերի 80 տոկոսը ցուցադրվում են թվայնացված տարբերակներով: Շուտով գրեթե բոլոր կինոթատրոնները թվային կդառնան: Թեեւ կինո-օպերատորների համար ինչ-որ առումով սա ցավալի իրողություն է, որովհետեւ կան հատուկ էֆեկտներ, որոնք ընդունակ է վերարտադրել միայն ժապավենի տեսապատկերային հնարավորությունը: Դրանք գրեթե անհնարին են դառնում ժամանակակից տեխնիկայի օգտագործման պարագայում, բայց միեւնույն է՝ թվային տեխնիկան առաջատար դիրքերում է:
Ասում են, որ հեռուստատեսությունը արվեստի թերի դրսեւորումն է: Ի՞նչ եք դուք մտածում հեռուստատեսության մասին:
Հեռուստատեսությունը արվեստի հետ սերտ կապ ունեցող երեւույթ է: Գոյություն ունի արվեստի գնահատման 2 ընալում՝ ըստ մակարդակի, այսպես ասած բարձր արվեստ, երբ որքան բարձր է նշաձողն, այնքան ցածր է իջնում արվեստը: Ես նախընտրում եմ խոսել օրինակներով: Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում այցելեցի Ռուբենսի ցուցասրահ: Դեռ երիտասարդ արվեստաբան էի: Նայեցի բոլոր նկարներն ու հասկացա, որ այստեղ միայն երկուսն էին բնօրինակներ՝ արվեստի գործ: Պարզ էր, որ մնացած բոլորը կրկնօրինակներ էին: Արվեստի գնահատման երկրորդ ընկալումը՝ սոցիոլոգիական մակարդակն է, այն, ինչ հասարակությունն է համարում արվեստ: Այս պարագայում հեռուստատեսությունը կարելի՞ է համարել արվեստ: Ոչ ամբողջությամբ: Ըստ իս, այն ամենն է՝ ինչ մաս է կազմում հասարակությանը, այդ թվում նաեւ մշակույթի փորձագետները ինչ-որ չափով կապված են արվեստի հետ: Լավ է, թե վատ, հարցի մյուս կողմն է:
Հեռուստատեսային սերիալը դասական իմաստով կինորվեստ համարվո՞ւմ է:
Սերիալը դասական կինոյի դրսեւորումներից մեկն է: Փոխվել են կինոյի եւ հեռուստատեսության հարաբերությունները: Այսօր հեռուստատեսային սերիալները հաճախ առավել գերադասելի ու հեղինակավոր են, քան կինոն, թեեւ, որպես արվեստի յուրօրինակ դրսեւորում կինոյի դերը պահպանվում է եւ անկասկած դեռ երկար կպահպանվի: Սա անխուսափելի պրոցես է:
Ե՞րբ կարող է արվեստը դառնալ վտանգավոր գործիք:
Արվեստն իր տեսակով պահպանողական երեւույթ է ու չի սիրում փոփոխություններ: Նախընտրում է ամեն բան թողնել այնպես ինչպես կա, որովհետու մարդկային շփումներ ապահովող մեխանիզմ է: Երբ սկսում են փոխվել արվեստի կանոնները, վտանգվում է նաեւ մարդկային հարաբերությունների որակը, երբեմն անգամ՝ անհնարին դառնում: Միեւնույն ժամանակ այն իր մեջ պարունակում է բարակ մի շերտ, որ կոչվում է՝ ակտուալ արվեստ, համաձայն որի՝ այս դաշտում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս որոշակի նորարարություններ: Սա իհարկե մշակույթին դուր գալ չի կարող: Հենց այդ պատճառով է, որ ակտուալ արվեստը հաճախ սվիններով է ընդունվում, բայց սա օրինաչափ երեւույթ է: Իր հայտնության սկզբում քրիստոներությունը եւս վտանգավոր էր թվում շատերին:
Կար ժամանակ, երբ Դուք հոդվածներ էիք գրում հօգուտ զվարճալի ժամանցային ծրագրերի, հետո Ձեր վերաբերմունքը կտրուկ փոխվեց դեպի ինտելեկտուալը: Ինչո՞վ էին պայմանավորված այդ փոփոխությունները:
Դե դա շատ պարզ է՝ լրացնում ես այն բացը, որ կա տվյալ ժամանակահատվածում: Կար ժամանակ, երբ ժամանցային արվեստի մասին գրելը խենթության պես մի բան էր, եւ ես գրում էի հենց այդ մասին: Հիմա իրավիճակն այլ է՝ միայն ծույլերն այդ մասին չեն գրում. բոլորը կարծես լծված են միայն այդ գործին, նույնիսկ համակարգը: Արդեն վաղուց ես գրում եմ միայն ինտելեկտուալ, փորձարարական, էքսպերիմենտալ եւ ավանգարդ կինոյի մասին: Բոլորովին այլ խնդիր է, որ զվարճալի - ժամանցային ինֆորմացիայի տարածումը վերահսկող գաղափարը մեր մշակույթում դեռեւս ներդրված չէ: Ու թեեւ ժամանցայինն ամենուր ու միշտ հաղթող է, այնուամենայնիվ գոյութուն ունի մշակութային էլիտա, որ այս ամենին նայում է բարձունքից՝ միաժամանակ մնալով աղքատ ու անտեսված:
Պատահե՞լ է մասնագիտական կյանքում ռիսկային քայլերի կամ որոշումների գնաք:
Առանց դրա կյանքը հետաքրքիր չէ: Այլ բան էր ռիսկային քայլերի գնալ սովետական միության տարիներին, երբ ամենուր գաղափարական «սահմաններ» էին, բոլորովին այլ բան հետխորհրդային ժամանակաշրջանում: Բայց ինչպես Ժան Կոկտոն կասեր. «Արվեստը ցույց է տալիս, թե որքան հեռու կարելի է գնալ, երբ քեզ չեն կանգնեցում»: Հետեւաբար, այո՛: Վերակառուցման տարիներին ինձ թույլ էի տալիս անել ծայրահեղ ռիսկային քայլեր՝ էկրան բարձրացնել ֆիլմեր, որոնք երբեւիցէ չէին ցուցադրվել: Ես վիրավորված էի միայն այն մտքից, որ տեսնում էի ու գիտեի շատ ճշմարտություններ, որոնց մասին բարձրաձայնելու հնարավորություն կամ իրավունք չունեի: Երեւի հենց դա էր պատճառը, որ ես սկսեցի մեծ սիրով ու նվիրումով զբաղվել կինոփառատոններով: Դա հնարավորություն էր տալիս ցուցադրել ֆիլմեր, որոնք, ըստ իս, չափազանց հետաքրքիր էին: Հենց այդ նկատառումներով ստեղծեցի նաեւ իմ հեռուստահաղորդումը, ուր թույլատրելիի սահմաներում լուսաբանում եմ այդ թեմաները:
Ինչո՞վ է պայմանավորված «թույլատրելիի սահմաններում»- ը: Ցենզուրայո՞վ:
Իհարկե: Առանց դրա հասարակությունը գոյատեւել չի կարող:
Տարիներ առաջ Դուք խաղարկային նախագծի ստեղծման փորձ արեցիք: Ինչպե՞ս ավարտվեց այդ փորձը:
Ես միայն մեկ լուրջ խաղարկային նախագծի նախաձեռնություն ունեցա, որն էլ ինձ ապացուցեց, որ այլեւս չփորձեմ: Ինչպես ասում են՝ իմը չէր:
Ի՞նչն է Ձեզ ամեն տարի բերում Հայաստան:
Հիմա զարմանալի մի բան եմ ասելու: Պապիկս հայ էր. ամեն անգամ Հայաստան գալով կարծես վերադառնում եմ սեփական արմատներիս:
Նվարդ Մանվելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ