Ինչպես Կոկո Շանելն էր ասում՝ ձեռքերը յուրաքանչյուր աղջկա այցեքարտն է: Անկախ այն հանգամանքից՝ կարճ կամ երկար եղունգներ ունեք, լաք քսում եք կամ ոչ, ձեռքերը պետք է անբասիր վիճակում լինեն: Ժամանակակից մատնահարդարման բոլոր նրբությունների մասին զրուցել ենք եղունգների աճեցման ծառայության մասնագետ Մարիաննա Միրզախանյանի հետ:
Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ մանիկյուր անել:
Եթե նախընտրում եք մանիկյուր անել պրոֆեսիոնալ մատնահարդարի մոտ, ապա կարելի է գեղեցկության սրահ հաճախել 10-14 օրը մեկ՝ կախված եղունգների աճի արագությունից: Իսկ եթե ժամանակն ամենեւին չի բավականացնում, եւ հազվադեպ է հնարավոր մատնահարդարի մոտ գնալ, ապա՝ գոնե ամիսը մեկ անգամ: Տնային պայմաններում, մասնագիտական հմտություններ չունենալով, ստիպված եք ձեռքերը խնամել յուրաքանչյուր 5 օրը մեկ:
Այսօր մատնահարդարման ո՞ր ծառայությունները պահանջարկ ունեն:
Այսօր մատուցվող ծառայությունների սպեկտրը շատ է ընդլայնվել: Եվ այն ամենը, ինչը կնոջ ձեռքերը գեղեցիկ ու խնամված է դարձնում, պահանջարկ ունի: Սովորական հիգիենիկ մանիկյուրը, աճեցումը ակրիլով, գելով կամ շելաքով: Կոպիտ ասած՝ յուրաքանչյուր ապրանք իր գնորդն ունի: Սակայն կարող եմ բոլոր միջամտություններից առանձնացնել ամենատարածվածը՝ շելաքը:
Շելաքը եղունգների հատուկ ծածկույթ է, որը համակցում է սովորական լաքի հատկությունները: Շելաքի ծածկույթը եղունգի շերտի վրա ամուր թաղանթ է ստեղծում, որը եղունգի կառուցվածքը լավ է պաշտպանում եւ թույլ չի տալիս, որ այն շերտատվի: Դա էապես հեշտացնում է երկար եղունգների աճեցումը: Անխոս, շելաքի գլխավոր առավելությունը երկարաժամկետ եւ ամուր ծածկույթի ստեղծումն է, որն առանց հատուկ միջոցների դժվար է մաքրվում: Սակայն շելաքը ոչ բոլորին է համապատասխանում: Այն քսելուց առաջին հերթին պետք է հրաժարվեն այն աղջիկները, որոնց մոտ եղունգների սնկային ախտահարում կա: Ձեռքի մատների եղունգների համար շելաքն արժե մոտ 7 հազար դրամ՝ մաքրելով, ոտքերինը՝ 9 հազար դրամ:
Իսկ եթե խոսենք եղունգների աճեցման միջամտության մասին, ապա մեզ մոտ ավելի հաճախ 2 նյութ է օգտագործվում՝ ակրիլ եւ գել:
Ակրիլը հեղուկով է խառնվում եւ չորանում է օդի ազդեցությամբ: Գելը 2 բաղադրիչի խառնուրդ է եւ չորանում է ուլտրամանուշակագուն լամպի ազդեցությամբ: Ակրիլը բավականին տհաճ կայուն հոտ ունի, որը ատամնաբուժական կաբինետի հոտն է հիշեցնում: Սակայն ակրիլային եղուգները դժվար է բնականից տարբերել: Դրանից բացի, եղունգները հանելիս նյութը խարտելու կարիք չկա, քանի որ ակրիլը հատուկ լուծույթով հեշտորեն լուծվում է: Ակրիլային եղունգները հնարավոր է աճեցնել 14 հազար դրամով:
Գելային եղունգները, ակրիլայինի համեմատությամբ, ավելի պլաստիկ են, այս պատճառով նման եղունգների դեպքում հարմարավետության զգացումն ավելի մեծ է: Այսպիսի ծածկույթը սնդուսի փայլ ունի, ուստի եղունգները մշտապես առողջ տեսք կունենան: Իսկ ամենագլխավորն այն է, որ գելն, ի տարբերություն ակրիլի, եղունգներին «շնչելու» հնարավորություն է տալիս եւ տհաճ հոտ չունի: Գելային եղունգների աճեցումն արժե մոտ 13 հազար դրամ:
Սակայն եղունգների աճեցումը հակացուցված է այն կանանց, որոնք տառապում են դիաբետով, արյան վատ շրջանառությամբ, սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդություններով, եղունգների տարբեր սնկային հիվանդություններով:
Վերջին տարիներին տարածված կարծիքի համաձայն՝ այլեւս նորաձեւ չէ՞ եղունգներ աճեցնելը:
Իսկապես նորաձեւ չէ ոչ իրական չափերի, ձեւի եւ հաստության եղունգների աճեցումը: Իսկ ահա բնական տեսք ունեցող եղունգների մոդելավորումը մշտապես պահանջարկ է ունեցել եւ կունենա, քանի որ դա առաջին հերթին հարմարավետ է: Եղունգների ոչ ամուր շերտ ունեցող կանանց սա օգնում է այն արհեստականորեն մոդելավորել:
Այսօր ոտքերի մատների՞ն էլ են եղունգներ աճեցնում:
Երբեմն դա կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ այս միջամտությունն օգնում է լուծել ներաճող եղունգի խնդիրը, ուղղել եղունգի վնասված շերտը, եւ երկարաժամկետ գեղեցիկ տեսք է հաղորդում, ինչը հատկապես տարածված է լողափային սեզոնին:
Ո՞ր տեխնոլոգիան է ամենաանվտանգը:
Կարեւոր է, որպեսզի մատնահարդարը պրոֆեսիոնալ լինի, այդ դեպքում միջամտությունը վտանգավոր չի լինի: Օգտագործվող նյութերը պետք է լավորակ լինեն, որոնք ալերգիա, այրվածքներ կամ կարմրություն չեն առաջացնում: Նախազգուշական տարրական միջոցներ կան, որոնք մատնահարդարը պետք է պահպանի՝ հետեւել արտադրանքի պահպանման ժամկետին, փոխել շարքից դուրս եկած գործիքները եւ անպայման դրանք մշակել ու ախտահանել: Ես այս հարցում շատ բծախնդիր հաճախորդներին խորհուրդ կտայի միջամտության ժամանակ օգտագործել մանիկյուրի սեփական հավաքածուն, որպեսզի ավելի հանգիստ լինեն:
Հիմա եղունգների ո՞ր ձեւը եւ ո՞ր գույնն է նորաձեւ:
Այսօր թրենդում է եղունգների բնական ձեւը կամ նշաձեւը, այն նաեւ «փափուկ քառակուսի» են անվանում: Ինչ վերաբերում է եղունգի երկարությանը, ապա նախապատվությունը տրվում է կարճ եղունգներին: Այս երկարությունն առօրյայում շատ հարմար է: Աշնանը նախապատվությունը տրվում է բորդոյին, սմբուկի գույնին, կապույտին, մոխրագույնին եւ սեւին: Սա այն դեպքում, երբ խոսքը հավերժական դասականի մասին է: Իսկ եթե ընդգծելու լինենք այս աշնան թրենդները, ապա շատ տարածված են նուրբ վարդագույնը, բաց շագանակագույնը, ինչպես նաեւ արծաթագույնի երանգները, եղունգների վրա փայլերը եւ օմբրեն:
Աշնանը ձեռքերի եւ եղունգների խնամքի ո՞ր միջամտությունն է տարածված:
Ձեռքերի եւ ոտքերի, ինչպես նաեւ դեմքի, մաշկը հատուկ խնամքի կարիք ունի, հատկապես տարվա ցուրտ եղանակին: Այս պատճառով ես իմ բոլոր հաճախորդներին խորհուրդ եմ տալիս օգտվել պարաֆինաթերապիայից: Մաշկի վրա սքրաբ են քսում, ապա սուզում են հալված պարաֆինով լոգնոցի մեջ: Տաք պարաֆինը մաշկը փափկեցնում է, բարելավում արյան շրջանառությունը, անգամ առաջին միջամտությունից հետո արդյունքն ակնհայտ է: Սակայն պարաֆինաթերապիան ոչ բոլորին է համապատասխանում: Այն հակացուցված է այն մարդկանց, որոնց մոտ ցան կա, մաշկը վնասված է կամ մաշկի վրա վերքեր կան, քերծվածքներ, թարախային բորբոքումներ, ունեն ընդգծված ալերգիկ ռեակցիա, դիաբետի եւ հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաեւ մաշկային ցանկացած հիվանդության դեպքում: Այսպիսի միջամտությունն արժե մոտ 3 հազարից մինչեւ 5 հազար դրամ:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը