Հանգստյան օրերին ընտանիքով Արցախում էինք: Մեկնելիս երկար մտածում էինք՝ ո՞ր ճանապարհով գնալ՝ Վարդենիսով, թե՞ Գորիսով: Բոլոր ծանոթները պնդում էին, որ հարկավոր է Սոթքի լեռնանցքով գնալ, քանի որ ճանապարհն ավելի լավն է, նոր ասֆալտապատված: Արդյունքում՝ որոշեցինք երկու մայրուղիներից էլ օգտվել:
Արցախ կարելի է գնալ կա՛մ հանրային տրանսպորտով, կա՛մ տաքսիով: Ամեն օր առավոտյան 8-ից ժամը մեկ Երեւանի կենտրոնական ավտոկայանից Ստեփանակերտ միկրոավտոբուսներ են գնում, որոնք Արցախ են հասնում 6 ժամում՝ Վայք քաղաքում 30 րոպեանոց դադարով: Տոմսը 5.000 դրամ արժե, իսկ տաքսիով Ստեփանակերտ կարելի է հասնել 50.000 դրամով կամ ուղեկիցներ գտնել ու բաժանել գումարը: Իսկ մենք գնացինք մեր մեքենայով եւ բենզինի համար շուրջ 25.000 դրամ ծախսեցինք՝ երկու կողմի համար: Ի դեպ, Արցախում բենզինը 20-30 դրամով ավելի թանկ է, քան Երեւանում:
Ուղեւորությունը սկսեցինք Վարդենիս-Սոթք-Քարվաճառ-Մարտակերտ-Ստեփանակերտ նոր մայրուղով, ինչի համար ամենեւին չենք ափսոսում: 350 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է. նման ճանապարհով ընթանալը մեծ հաճույք է: Սա, թերեւս, Հայաստանի միակ ճանապարհն է, որտեղ չես մտահոգվում ավտոմեքենայի «ճակատագրի» մասին եւ արագ ընթանում ես: Ճանապարհի ձախ կողմում Սեւանն ու քարքարոտ ժայռեր էին, որոնք սահուն կերպով վերածվեցին ոլորանների, իսկ հետո՝ հեքիաթային անտառների: 3-4 ժամ ճանապարհ անցնելով, բնականաբար, քաղց զգացինք: Մտածելով, որ ճանապարհին որեւէ տեղ կճաշենք, մեզ հետ ոչինչ չէինք վերցրել: Բայց իզուր, քանի որ ճանապարհին որեւէ նորմալ տեղ չկար, որտեղ կարելի էր, ասենք, թարմ սպաս կամ խաչապուրի պատվիրել: Այս ճանապարհին Վարդենիսը, թերեւս, վերջին կետն է, որտեղ կարելի է գոնե բուլկի կամ ջուր գնել, իսկ դրանից հետո շուրջ 150 կմ որեւէ խանութ չկա: Այս մայրուղում նաեւ հազվադեպ կարելի է բենզալցակայան կամ գազալցակայան գտնել:
Որոշ ժամանակ անց այսպիսի ցուցանակ կտեսնեք՝ «Բարի գալուստ Արցախ» գրությամբ, որի ֆոնին բոլոր զբոսաշրջիկներն անպայման լուսանկարվում են: Մենք՝ նույնպես: Հսկիչ անցակետում Ռուսաստանի քաղաքացի մեր ուղեկիցների անունները գրանցեցին մատյանում, խնդրեցին թերթիկ լրացնել, որը վերադառնալիս պետք է թողնեին «մաքսատանը»:
Մի քիչ էլ առաջ անցնելով՝ կանգ առանք ճանապարհամերձ սրճարանում: Այստեղ, սակայն, սուրճից եւ խորովածից բացի՝ ուրիշ բան չկարողացան առաջարկել: Ստիպված եղանք բավարարվել սեւ սուրճով: 5 գավաթ սուրճի եւ մեկ տուփ վաֆլիի համար 1.000 դրամ վճարեցինք:
Ճանապարհին այցելեցինք Դադիվանք: Վանքը դիտահրապարակի դեր է կատարում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի հզոր լեռները: 1993 թվականից մինչեւ հիմա ակտիվ վերանորոգման աշխատանքներ են տարվում Դադիվանքում, որը Խորհրդային միության տարիներին անտերության էր մատնվել: Ստեփանակերտից 50 կմ հեռավորությամբ կանգ առանք «Խաչմերուկ» սրճարանում, որտեղ մեզ դիմավորեցին ինչպես հյուրերի, որոնց սպասում էին վաղ առավոտից:
Մեզ տնական ձեւով կերակրեցին. տապակած հավ, ամառային աղցան, աղի պանիր, թարմ հաց եւ տարատեսակ ըմպելիքներ: Այդ ամենի համար շուրջ 10.000 դրամ վճարեցինք:
Հետո ուղղվեցինք դեպի Գանձասար: Վանական համալիր տանող ճանապարհն անցնում է Վանք գյուղի միջով: Կենտրոնական փողոցում ճանապարհի երկայնքով դեռ խորհրդային ժամանակներից մնացած մեքենաների պետհամարանիշերից պատ է շարված:
Քարե Առյուծին հասնելու ճանապարհին էլ հնաոճ մեքենաներ են ցուցադրված՝ երկաթե հենասյուների վրա կանգնած:
Ստեփանակերտում պետք է իջեւանեինք «Նաիրի» հյուրանոցում: Այն ընդարձակ է՝ մանկական խաղահրապարակով ու սրճարանով:
Ընտանեկան համարը՝ չորս մահճակալով, բազմոցով, հեռուստացույցով եւ լոգասենյակով, մեկ գիշերվա համար 25.000 դրամ արժեցավ: Սենյակն ամրագրել էինք դեռեւս Երեւանում՝ մի կայքի միջոցով, որը մեզ նաեւ զեղչ տրամադրեց: Համարը շատ հարմարավետ էր, իսկ հյուրանոցը մոտ էր քաղաքի կենտրոնին: Ստեփանակերտը խնամված, մաքուր քաղաք է՝ հարմարավետ փողոցներով, զուսպ եւ սիրալիր մարդկանցով:
Երեկոյան Արցախի մայրաքաղաքը բազմամարդ էր, բայց խաղաղ: Դժվար է պատկերացնել, որ այստեղ դաժան մարտեր են ընթացել: Գուցե դա է պատճառը, որ մարդիկ այստեղ այլ կանոններով են ապրում՝ գնահատելով խաղաղության եւ կյանքի արժեքը: Ստեփանակերտը տիպիկ հայկական քաղաք չէ, այն ավելի շատ հիշեցնում է վրացական Բոլնիսին, տեղ-տեղ՝ Բաթումը, հատկապես ճանապարհի երկայնքով աճող սոճիների պատճառով: Ցավոք, Ստեփանակերտում միայն մի քանի ժամ անցկացրեցինք եւ չկարողացանք մի լավ շրջել ամբողջ քաղաքով:
Հաջորդ առավոտյան վերադարձանք այլ ճանապարհով: Շուշի մտանք՝ տեսնելու հին ամրոցն ու Ղազանչեցոց եկեղեցին: Վերադարձին ճանապարհը հոգնեցուցիչ էր՝ վտանգավոր շրջադարձերով եւ ոլորաններով:
Գորիսում համեղ նախաճաշեցինք. լոլիկով ձվածեղ, թարմ ռեժան եւ տաք հաց, որի համար շուրջ 8.000 դրամ վճարեցինք:
Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ի տարբերություն նորի, ավելի աշխույժ է, ավելի շատ բնակավայրեր, լցակայաններ, զբոսաշրջային վայրեր կան: Երեւան վերադառնալիս հասցրեցինք լինել Տաթեւում, ճոպանուղի նստել, մեքենայով իջնել մինչեւ Սատանի կամուրջ: Եթե ժամանակ ունեք, կարող եք նաեւ գիշերել Տաթեւում:
«Հին» մայրուղին, չնայած արդեն նորոգման կարիք ունի, ավելի հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, քանի որ յուրաքանչյուր 50 կմ-ից հետո կարելի է շեղվել ճանապարհից եւ ճարտարապետական որեւէ հուշարձան տեսնել: Կարող եք հիանալ քարանձավային Խնձորեսկ քաղաքով, լինել մոգական Տաթեւում, գոռ ժայռերի միջով հասնել Նորավանք, Արենիում գինի համտեսել եւ հիանալ Արարատով՝ կանգնելով Խոր Վիրապի պատերի մոտ: Լավագույն հանգստյան օրերը, թերեւս, հենց այսպես են անցնում:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)