Ժամանակին այս հրապարակը Երեւանի ամենաաշխույժ վայրերից էր: Գնացքներ էին ժամանում եւ մեկնում մեծ երկրի շատ քաղաքներից, Հայաստանի տարբեր վայրերից: Հետո «Երեւան» երկաթուղային կայարանը վերածվեց Անդրկովկասյան երկաթուղու փակուղու, եւ այսօր կապ ունի միայն հարեւան Վրաստանի հետ:
«Էրիվան» երկաթուղային կայարանը սկսել է կառուցվել 19-րդ դարի վերջին, իսկ առաջին գնացքն էրիվանյան կայարան է ժամանակ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին:
Խորհրդային շրջանում մայրաքաղաքի բնակչության թվի աճը կայարանի ընդլայնման անհրաժեշտություն առաջացրեց: Նոր շենքի բացումը 1956 թվականի հուլիսի 22-ին էր:
Կայարանը կառուցել է «Անդրտրանսշին»-ի երեւանյան մասնաճյուղը, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանի նախագծով:
1950-58 թ.թ. ճարտարապետն աշխատում էր Հանրապետական նախագծային ինստիտուտում. նա կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին է: Հետո դարձավ Հայաստանի վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր: Նրա հայտնի գործերից են Գիտությունների ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի շենքը Զեյթունում, Երեւանի պետական համալսարանի համալիրը:
Այն վայրում, որտեղ հիմա կիսակառույց հյուրանոցի կմախքն է, գտնվում էր մայրաքաղաքի ամենահայտնի կինոթատրոններից մեկը՝ մեկ դահլիճով «Սասունցի Դավիթ»-ը:
Կինոթատրոնը բացվել է 1960-ականներին եւ մեծ ճանաչում ուներ հատկապես հնդկական ֆիլմերի սիրահարների շրջանում: Այն կառուցվել է Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով: Նա առաջին հայ կին ճարտարապետն էր։ Պատանեկության տարիներին աշխատել է Ալեքսանդր Թամանյանի եւ Նիկոլայ Բունիաթյանի արվեստանոցներում:
Նրա առավել հայտնի գործերից են Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում գտնվող Լեզվի ինստիտուտը (որը տարիներ առաջ քանդվեց), Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի անկյունում գտնվող բնակելի տունը, Մաշտոցի պողոտայի վերջնամասում գտնվող բնակելի շենքը, որտեղ տեղակայված է «Պոնչիկանոցը»: Նա կյանքից հեռացավ 2013 թվականին՝ 100-ամյակից երեք ամիս առաջ:
Իսկ կինոթատրոնը քանդեցին 1980-ական թվականներին՝ կայարանամերձ հյուրանոց կառուցելու համար, սակայն շինարարությունն այդպես էլ ավարտին չհասավ:
Սակայն հրապարակի մարգարիտը, անկասկած, հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթի հուշարձանն է: Այն տեղադրելու գաղափարը ծնվել է դեռեւս 1939 թվականին, երբ պետք է նշվեր էպոսի հազարամյակը: Մեծ թվով հյուրերի էին սպասում, եւ հանրապետական իշխանություններն ուզում էին, որ «քաղաքի դարպասներից» դուրս եկողներին դիմավորի էպոսի հերոսը: Դիմեցին հայտնի քանդակագործներ Այծեմիկ Ուրարտուին, Արա Սարգսյանին, Սուրեն Ստեփանյանին, բայց ժամկետները շատ սեղմ էին, եւ ոչ ոք չէր համաձայնում ստանձնել:
Տոնակատարությանը մեկուկես ամիս էր մնացել, երբ վերջերս Փարիզից վերադարձած Երվանդ Քոչարը համաձայնեց՝ պայմանով, որ իրեն գիպս կտրամադրեն եւ թույլ կտան հենց տեղում աշխատել: Քչերն էին հավատում, որ քանդակագործին կհաջողվի գործը ժամանակին ավարտել: Քոչարն ինքն էլ հետագայում խոստովանել է, որ որոշ պահերի իրեն էլ թվում էր, որ չի հասցնի: Հարուստ երեւակայությունը նրան օգնում էր կերպարը քանդակել հենց տարածության մեջ: Դավիթը փոքր-ինչ այլ էր, քան հիմա մեզ ծանոթ տարբերակը: Հուշարձանի հիմքում արաբի ֆիգուր էր: Եվ միայն այն ժամանակ, երբ քանդակագործն ավարտեց նժույգի իրանը, ինքն էլ հավատաց, որ կհասցնի ժամանակին: Գործն արվեց 18 օրում: Գիպսե քանդակը դեմքով կայարանին էր նայում՝ մայրաքաղաք ժամանող հյուրերին: Դավթի այդ տարբերակը երկու տարի կանգնեց հրապարակում: 1941 թվականին քանդակագործին ձերբակալեցին, իսկ հուշարձանը հանեցին:
Նոր հուշարձանը որոշեցին տեղադրել 1957 թվականին, այդ ժամանակ Քոչարն արդեն քանդակի նոր մտահղացում ուներ, եւ նա սկսեց աշխատել: Ինժեներ Մկրտիչ Ամիրխանյանի հետ համատեղ քանդակագործը 3.5 տոննա կշռող պղնձից հուշարձան ստեղծեց: Քանդակի հիմնաքարի հեղինակն էլ ճարտարապետ Միքայել Մազմանյանն է: 1959 թվականի հոկտեմբերի 3-ին հուշարձանը հանդիսավորությամբ բացվեց: Այն անմիջապես դարձավ Երեւանի խորհրդանիշերից մեկը:
Բայց հայտնի հուշարձանը փոքրիկ գաղտնիք ունի: Երբեմն քանդակագործին հարցնում էին. իսկ ո՞ւր մնաց խաչը: Նա վստահեցնում էր, որ այն հուսալիորեն թաքցրել է Դավթի թիկնոցի տակ:
Պավել Ջհանգիրով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 հունիսի
ՀՈւՆԻՍԻ 27-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:42, 26 հունիսի
«Սիրում եմ իմ աշխատանքը»․ Մարգարիտա Պոզոյանի ամառային լուքը23:08, 26 հունիսի
Վալերիան համերգի ընթացքում ընկել է բեմի վրա (վիդեո)22:58, 26 հունիսի
Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը22:37, 26 հունիսի
«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)22:13, 26 հունիսի
Օրվա թիվը․ Թոմ Քրուզը «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի համար կարող է 200 միլիոն դոլար ստանալ21:45, 26 հունիսի
Արմինկայի երեւանյան «street style»-ը21:12, 26 հունիսի
Ինչու՞ է 30-ից հետո դժվարանում ընկեր ձեռք բերելը20:38, 26 հունիսի
«Ինչ տեսք ունի խաղաղությունը»․ Իջին (ֆոտո)20:08, 26 հունիսի
«Նա ինձ դավաճանեց հարսանիքից ընդամենը մեկ ժամ անց»․ Բրիթնի Սփիրսի ամուսինը՝ նրա ու Մադոննայի համբույրի մասին19:45, 26 հունիսի
«Երեկոյան Երեւան»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)19:12, 26 հունիսի
Էլվիս Փրեսլիի ընտանիքը քննադատել է երգչի մասին Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմը