Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ուժերս հավաքեցի եւ կենտրոնացա մրցույթի վրա». «Միսս հայուհի» Արենա Զեյնալյանը՝ կորստի ցավը հաղթահարելու եւ երազանքին հետեւելու մասին

20:44, 18 հուլիսի

«Միսս Հայուհի» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը ծագումով Թեհրանից է: Նրա նախնիներն Իրանում հաստատվել են դարեր առաջ, սակայն ամբողջությամբ կարողացել են պահպանել թե´ հայոց լեզուն, թե´ ազգային դաստիարակությունը.

«Թեհրանում հաճախում ենք հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ: Մեզ այնպես են դաստիարակել, որ շատ բծախնդրորեն պետք է վերաբերվենք մեր մշակույթին, շփվենք հայերի հետ, ամուսնանանք հայերի հետ, որպեսզի մեր ազգը չձուլվի: Այսինքն, շատ հայրենասեր են այստեղի հայերը»,-պատմում է 24-ամյա մոդելը:

NEWS.am STYLEԱրենայի հետ զրուցել է Հայաստանի գեղեցկուհի ճանաչվելու, մրցույթին մասնակցելու որոշման, «Միսս Աշխարհ»-ից ակնկալիքների ու ծանր կորստի ցավը հաղթահարլով դեպի հաղթանակ գնալու մասին:

2018 թ-ի հայաստանյան գեղեցկուհին որքան գեղեցիկ եւ նուրբ է արտաքնապես, նույնքան էլ ուժեղ եւ նպատակասլաց է կամքով: Արենան Հայաստան գալ մտադիր էր հայրիկի հետ, ով էլ հենց ոգեւորում էր աղջկան մրցույթին նախապատրաստվելու ընթացքում: Սակայն երեք ամիս առաջ գեղեցկուհին կորցրեց հորը՝ սրտի հետ կապված խնդրի պատճառով: Այնուամենայնիվ, Արենան հավաքեց բոլոր ուժերը, կենտրոնացավ մրցույթի վրա, իսկ հաղթանակը նվիրեց հայրիկին…

«Արդեն մեկ ամիս է՝ Երեւանում եմ. այս մրցույթի համար էի եկել Հայաստան, բայց ընդհանրապես տարվա ընթացքում մոտ 2-3 անգամ գալիս եմ Հայաստան: Հայրիկս շատ էր սիրում Երեւանը, մենք հաճախ էինք լինում այստեղ: Հիմա հովանավորի եմ սպասում, որպեսզի ինձ բնակարանի հարցով ապահովեն»,-ասում է նա՝ հավելելով, որ մրցույթի մասին իմացել էր դեռեւս նախորդ տարի.

«Անցած տարվա սեպտեմբերին, երբ Հայաստանում էի, բարեկամներիցս մեկից իմացա, որ Հայաստանում նման մրցույթ է անցկացվում, ինձ այն հետաքրքրեց: Երբ մայրիկիս հետ գնացինք գրասենյակ եւ հանդիպեցի Գոհար Հարությունյանին, դեռ միայն հետաքրքրված էի, չէի որոշել, որ պետք է մասնակցեմ, Գոհարն ասաց, որ ունեմ տվյալներ եւ որ կարող եմ մասնակցել մրցույթին: Մինչ մրցույթը Facebook-ով կապը պահեցինք, եւ երբ որոշվեց մրցույթի օրը, եկա Հայաստան: Շատ հետաքրքիր ու պատահական այս ամենը տեղի ունեցավ, կարծես՝ մի բան պետք է ստացվեր, երեւի ճակատագրի հարց էր, իսկ երբ հայրիկիս ասացի, նա շատ ուրախացավ: Գիտեի, որ հաղթողը պետք է Հայաստանը ներկայացներ միջազգային հարթակում, ինչն ինձ համար մեծ հպարտություն էր, որ, միգուցե, հնարավորություն ունենամ ներկայացնելու իմ հայրենիքը: Դա ինձ համար տարիների երազանք է եղել, նաեւ հայրիկիս համար է եղել երազանք: Նա շատ էր սիրում Հայաստանը, դրա համար ես մտածեցի, որ այս մրցույթից ավելի լավ առիթ չի կարող լինել, որպեսզի ես կարողանամ  ներկայացնել իմ երկիրը: Ուժերս հավաքեցի եւ կենտրոնացա մրցույթի վրա»,-անկեղծանում է գեղեցկուհին:

«Ես մեծ սիրով եմ մասնակցել մրցույթին, որովհետեւ ինչպես արդեն նշեցի՝ Հայաստանը ներկայացնելու միտքն ինձ համար մեծ հպարտություն էր: Բայց հայրիկս, հատկապես, ուրախ էր իմ այդ որոշման համար, որովհետեւ նրա ամենամեծ ցանկությունն այն էր, որ ես գամ Հայաստան: Եթե այլ երկրում անցկացվեր, նա կհակառակվեր: Բայց Հայաստանի դեպքում նա շատ ուրախ էր, արդեն ծրագրել էինք, թե ինչպես պետք է գայիք միասին… Հաղթանակս նվիրել եմ հայրիկիս.  հենց նա էր, ով ինձ համար միջոցներ ստեղծեց, որպեսզի կարողանամ գալ Հայաստան: Իհարկե, մայրիկս էլ շատ նեղություն կրեց… Հայրիկիս մահվանց հետո ամբողջ հոգսը մայրիկիս ուսերին էր: Ես նրանից անչափ շնորհակալ եմ: Ինքն ամեն ինչ արեց ինձ համար: Այդ հոգեբանական ծանր վիճակում նա, նույնիսկ, ինձ հետ գալիս էր զգեստ ընտրելու: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ընտանիքս ինձ որքան է աջակցել՝ երկու եղբայրներս, մայրիկս, բարեկամներս… բոլորը… Ոչ մի բացասական խոսք ինձ չեն ասել ու շատ դրական են եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանցից»,-ասում է Արենան՝ հավելելով, որ մեծ հպարտությամբ է կրում Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը.

«Հայաստանի գեղեցկուհի լինելն ինձ համար մեծ հպարտություն է: Դեռ կամաց-կամաց եմ գիտակցում, որ հաղթել եմ, դարձել Հայաստանի գեղեցկուհին: Հրաշալի զգացողություն է, որովհետեւ մեկ քայլ կատարել եմ դեպի իմ նպատակը եւ պատրաստվում եմ «Միսս Աշխարհ»-ին: Այնտեղ չեմ ուզում գնամ, ուղղակի, մասնակցելու համար, ուզում եմ ամեն ինչ անեմ, որ հաղթեմ: Հայաստան գալուց էլ շատ բծախնդրորեն եմ պատրաստվել, իսկ աշխարհին ներկայանալու համար 10 անգամ ավելի բծախնդրորեն եմ պատրաստվելու: Ամեն ինչ անում եմ, որ լավ լինի, որ մեր երկրի անունը հնչի միջազգային հարթակում»:

Իրանում էլ Արենան զբաղվել է մոդելինգով, միշտ աքի է ընկել տարբերվող արտաքինով.

«Փոքր տարիքից ուշադրության արժանացրել են: Նույնիսկ, մայրիկիս ու հայրիկիս են ասել, թե ինչու ինձ չեն ուղարկում Եվրոպա, որպեսզի գնամ մոդելինգի դասընթացների, բայց չի ստացվել, որովհետեւ հայրիկս չէր ուզում, որ ես իրենից շատ հեռու լինեի»:

Սակայն «Միսս Հայուհի» ճանաչված Արենան կարծում է՝ որքան էլ կարեւոր լինի արտաքին գեղեցկությունը, ներքինը դրան չպետք է զիջի.

«Արտաքինի հետ կապված միշտ սիրել եմ խնամված լինել՝ թե մաշկի, թե մազերի առումով, նրաձեւությանը համահունչ հագնվել, բայց արտաքինը չէ, որ կարեւոր է, պետք է նաեւ լավ արտահայտված լինի ներքինդ, որովհետեւ որքան էլ գեղեցիկ լինես, երբ սկսում ես խոսել, 10 անգամ ավելի շատ ուշադրություն կարող ես գրավել: Սիրում եմ, երբ ինձ վրա ուշադրություն են դարձնում, երբ խոսում եմ: Այսինքն, երբ լսում են, հասկանում են մտքերս: Արտաքինն անցողիկ բան է: Կարծում եմ՝ մարդու բնավորությունը պետք է շատ գրավիչ լինի: Իհարկե, արտաքինն էլ շատ կարեւոր է: Մարդ պետք է հասցնի խնամված լինել, բայց ներքինը մարդկանց սրտում այլ տեղ ունի»,-համոզված է նա:

Ի դեպ, հայ գեղեցկուհու նախասիրությունները չեն սահմանափակվում միայն մոդելինգով.

«Մասնագիտությամբ կենսաբան եմ, հետասքրքրված եմ նաեւ նկարչությամբ, անցած տարի Թեհրանում տեղի է ունեցել իմ անհատական ցուցահանդեսը: Երեւանում եւս երազում եմ ունենալ ցուցահանդես: Դա ինձ համար շատ մեծ երազանք է, որ հայրենիքում էլ ներկայացնեմ իմ աշխատանքները: Նաեւ ոսկերչություն եմ սովորել, ոսկյա իրերի դիզայն: Շատ ուրախ եմ, որ հայերը շատ հմտացած են ոսկերչության մեջ, ու երազանքներիցս մեկն էլ հենց այս ոլորտում ներկայանալն է, որովհետեւ հայրիկս էլ է ոսկերչության բնագավառում աշխատել, եւ ես էլ եմ շատ սիրում այս արվեստը: Սիրում եմ նաեւ լեզուներ սովորել, հայերենից բացի՝ տիրապետում եմ նաեւ անգլերենին ու պարսկերենին եւ շատ եմ ցանկանում սովորել նաեւ իսպաներեն»:

Ինչ վերաբերում է «Միսս Հայուհի» մրցույթի մյուս մասնակիցներին՝ Արենան նշում է. «Բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին, բոլորն էլ ժյուրիի կողմից ընտրված մասնակիցներ էին եւ բոլորին էլ տրված էր հաղթելու հնարավորությունը»:

Իսկ «Միսս Տիեզերք»-ի առաջին հայ մասնակցի պատվին արժանացած Էլիզա Մուրադյանի մասին ասում է. «Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու «Միսս Տիեզերք»-ին, Էլիզային մեծ հաջողություն եմ մաղթում, որ փայլի՝ ինչպես միշտ: Նա շատ լավն է, ու ես նրան լավագույնն եմ մաղթում: Կաղոթեմ, որ նրա մոտ ամեն ինչ հրաշալի ստացվի»:

Թեեւ «Միսս Աշխարհ» մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերին՝ Արենան արդեն սկսել է պատրաստվել դրան: Սպորտով է զբաղվում ու աշխատում անգլերնն ավելի կատարելագործելու ուղղությամբ.

««Միսս Աշխարհ»-ին շատ լավ եմ տրամադրված: Արդեն հաղթահարել եմ մեկ փուլ: Ուզում եմ Հայաստանը պատվով եւ շատ լավ ներկայացնել, հայ կանանց համար լավ օրինակ լինել, որ նրանք էլ հետեւեն իրենց երազանքներին, որ լինեն ինքնավստահ ու քաջ, քայլեն դեպի իրենց երազանքները, դրանք դարձնեն նպատակ եւ իրականություն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արենա Զեյնալյանի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE-ի

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել