Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Իմ կոմֆորտ զոնան իմ տղամարդու կողքին է». Մարիամ Ալեքսանյանը՝ «Այրված անուրջներ»-ի Սոնայի, Կարենի հետ աշխատելու եւ սիրելիի աջակցության մասին

12:08, 27 սեպտեմբերի

Կենսախինդ, ժպտերես, աշխույժ ու լավ իմաստով շատախոս՝ այսպիսին է «Այրված անուրջներ»-ի Սոնան իրական կյանքում, որին մարմնավորում է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը: Երիտասարդ դերասանուհին խոստովանում է՝ արվեստում լինելն ու հարցազրույցներ ունենալը մանկության երազանքներից է եղել, իսկ այժմ իր առջեւ նոր ու ավելի ծանրակշիռ նպատակներ է դրել, իսկ թե որոնք են դրանք, կբացահայտեք դերասանուհու հետ մեր հարցազրույցում: NEWS.am STYLE-ի հետ անկեղծ ու հետաքրքիր զրույցի ընթացքում Մարիամը խոսել է նաեւ անձնական կյանքի, սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ հարաբերությունների, նրա աջակցության ու իր կյանքում նրա դերի կարեւորության մասին:

Մարիամ, այս տարվա ընթացքում քո անունը շատ արագ սկսեց տարածվել մամուլում, քո մասին սկսեցին խոսել, քեզ քննարկելԻնչպե՞ս տարար ճանաչման այդ փուլը: Բարդություններ եղա՞ն:

Այո, համաձայն եմ՝ այս տարվա ընթացքում անունս շատ հաճախակի սկսեց տարածվել: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, բայց կարող եմ ասել, որ դա մանկությանս փոքրիկ երազանքներից մեկն է եղել: Մանկապարտեզի տարիքից երազել էի հարցազրույցներ տալու մասին, երբ մեր մանկապարտեզ ինչ-որ մեկը գալիս ու հարցեր էր տալիս, ես միշտ առաջինն էի պատասխանում, շատ կազմակերպված էի, առհասարակ: Դպրոցում էլ էի աշխույժ: Երբ ինչ-որ դերեր էին լինում, ինձ էին տալիս: Եվ ես անընդհատ խոսում էի:)  Երազում էի, որ մի օր էլ հարցազրույց կունենամ՝ արդեն որպես դերասանուհի: Չեմ ուզում նշել կայացած բառը, որովհետեւ ինձ դեռ այդպիսին չեմ համարում, դեռ կիսատ եմ, քանի որ չեմ աշխատում թատրոնում: Կարծում եմ, որ կայացած համարվելու համար նաեւ պետք է աշխատել թատրոնում, կերտել լավ դերեր: Լավ դերեր ասելով նկատի չունեմ միայն դրական կերպարները, այլ այն դերերը, որոնցով քեզ ճանաչեն: Նաեւ չեմ կարող ասել, թե անցել եմ իմ ճանաչման փուլը, որովհետեւ դեռ այդ ընթացքի մեջ եմ: Այո, կան մարդիկ, ովքեր արդեն ճանաչում են ինձ, բայց էլի կկրկնվեմ՝ կցանկանայի, որ ինձ ճանաչեին նաեւ թատրոնի միջոցով, որովհետեւ դա ինձ համար մի ուրիշ աշխարհ է: 

«Այրված անուրջներ»-ում մարմնավորում ես մի հերոսուհու, որը բավականին շատ ապրումների միջով է ստիպված անցնել՝ կյանքի անարդարության պատճառով: Հետեւելով քեզ համացանցում՝ կարելի է ենթադրել, որ հերոսուհուդ հակապատկերն ես՝ միշտ կենսուրախ եւ աշխույժ: Ինչպե՞ս ստացվեց քո փախակերպումը Սոնայի: 

Այո, Մարիամն ու Սոնան միմյանց հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ են: Այնուամենայնիվ, մի փոքր նմանություն ունեն՝ երկուսն էլ էմոցիոնալ են: Կարծում եմ՝ դա նաեւ իմ բնույթից է գալիս: Ես շատ-շատ էմոցիոնալ մարդ եմ, էմոցիաներս շատ ժամանակ, նույնիսկ, կառավարում են ինձ: Երբ նկարահանման ժամանակ զգում եմ, որ զգացմունքներս ինձ շատ են խեղդում ու խաղս դառնում է էմոցիոնալ կծիկ, դադարեցնում եմ տեսարանն ու ռեժիսորի հետ փորձում հասկանալ՝ արդյոք պե՞տք է այդքան էմոցիոնալ լինի կերպարը… Մարիամը անսահման էմոցիոնալ է: Չգիտեմ՝ ինչի հետ է դա կապված, միգուցե, շրջան է, որը կանցնի:

Եթե իմ սոցիալական ցանցի էջերին էլ հետեւեք, կտեսնեք, որ ես շատ ակտիվ եմ, այնքան էներգիա ունեմ, որ չգիտեմ՝ որտեղ ծախսեմ դա: Երբեմն առավոտյան արթնանում եմ էներգիայի մեծ պաշարով, հաճախ էլ այնպիսի տպավորություն է լինում, որ առհասարակ էներգիա չունեմ ու սպառված եմ: Դա հիմնականում լինում է այն ժամանակ, երբ անդադար փորձերի կամ նկարահանումների եմ լինում եւ երբեմն անգամ անձնական կյանքի ժամանակ չի մնում: Շատ եմ նեղվում այն փաստից, որ երբեմն ժամանակ չեմ ունենում հարազատներիս նվիրելու, բայց հուսով եմ՝ նրանք հասկանում են, որ սա իմ մասնագիտությունն է, որը ես շատ եմ սիրում:

Ինչ վերաբերում է Սոնային փոխակերպվելուն՝ երեւի դա ստացվեց տեխնիկայի միջոցով: Ես Սոնայի մեջ ստեղծել եմ այն կերպարին, որին ինքս էլ կցանկանայի ունենալ: Սոնան ունի զսպվածություն, նա կուտակում է իր ամեն ինչը, հետո հանկարծակի պայթում է, իսկ Մարիամն անդադար խոսում է ու իր պայթյունը տեղի չի ունենում (ծիծաղում է):

Ասում են՝ արվեստի մարդիկ, առավել էմոցիոնալ են լինում:) 

Ճիշտն ասած՝ չեմ կարծում, թե էմոցիոնալ լինելը կապ ունի արվեստի բնագավառում լինելու կամ չլինելու հետ: Կարծում եմ՝ դա գալիս է մարդու տեսակից, որովհետեւ մարդիկ լինում են բաց կամ փակ: Փակ մարդիկ ավելի հանգիստ են՝ իրենց աշխարհում, էմոցիաները շատ բուռն չեն լինում: Իսկ բաց մարդիկ կարողանում են առանց կաշկանդվելու այդ էմոցիաները ներսից դուրս բերել: Իսկ դերասանական արվեստում գոյություն ունի տեխնիկա, որ միգուցե դերասանն այդքան էմոցիոնալ չլինի, բայց ունենա աշխատասիրություն եւ կարողանա արտահայտվել: Նույնիսկ, փակ մարդուն կարելի է դարձնել էմոցիոնալ: Դա ավելի հեշտ է, քան բաց մարդուն փակելը:) Սեփական օրինակից ելնելով եմ ասում:

Մարիամ, ինչո՞ւ որոշեցիր նկարահանվել ֆիլմերում: Ի՞նչը քեզ գրավեց կինոյի աշխարհում:

Ես այն դերասանների շարքին եմ պատկանել, որոնք միշտ ասում են, որ պետք չէ նկարահանվել սերիալներում, ֆիլմերում, արվեստի մարդ եղեք, թատրոնում ստեղծագործեք եւ այլն: Բայց կյանքում լինում են պահեր, որ պետք է կոմֆորտ զոնայիցդ դուրս գաս ու անես այնպիսի բան, որը, միգուցե, խոսքիդ հակառակ լինի: Ես այդպես էլ արեցի ու հասկացա, որ դա այդքան էլ վախենալու բան չէ: Իհարկե, ինձ քննադատեցին, բայց հիմա այն մարդիկ, ովքեր ինձ քննադատել են, իրենք էլ են նկարահանվում սերիալներում եւ գեղարվեստական ֆիլմերում: Իհարկե, գեղարվեստական ֆիլմն ուրիշ աշխարհ է: Այս ոլորտում արդեն պրոֆեսիոնալ մարդկանցից շատերն ինձ խորհուրդ էին տալիս դիտել, իսկապես, դասական արժեք ունեցող մնայուն ֆիլմեր, որոնք դիտելուց հետո այնքան հիացա, որ հասկացա, որ որքան էլ թատրոնն ինձ համար ուրիշ աշխարհ է, դերասանը նաեւ պետք է նման ֆիլմերում խաղա, ու սկսեցի տարվել այդ ամենով: Իմ կյանքում մեծ նշանակություն ունի իմ մասնակցությամբ առաջին հեռուստասերիալը՝ «Բացիր աչքերդ», որից հետո ես ունեցա շատ հասուն ընկերներ՝ դերասաններ Լալա Մնացականյանը, Լուիզա Ղամբարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Հայկ Սարգսյանը եւ էլի շատերը, որոնց հետ շփվեցի ու որոնց շնորհիվ զարգացա: Իսկ ամենակարեւորն այն է, որ հենց այդ սերիալից հետո իմ կյանքում հայտնվեց Գոռը, ինչի շնորհիվ այն ինձ համար միշտ կմնա մի լուսավոր հուշ:

Առհասարակ, մարդիկ սիրում են մնալ իրենց կոմֆորտ զոնայում: Հե՞շտ ես կարողանում հարմարվել կյանքի փոփոխություններին, միջավայրին:

Շատ հետաքրքիր հարցեր են, որոնց մասին կարելի է անվերջ խոսել: Ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունի հորոսկոպի իմ նշանը՝ Երկվորյակը: Ես ամեն տեղ հարմարավետություն գտնում եմ, բայց լինում են դեպքեր, երբ միեւնույն վայրը ինչ-որ ժամանակահատվածում կարող է ինձ հարմարավետ թվալ, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ, անգամ, երբ տվյալ միջավայրն ու մարդիկ չփոխվեն: Հիմա հասկացել եմ, որ իմ կոմֆորտ զոնան իմ տղամարդու կողքին է: Որտեղ Գոռն է, այնտեղ ես ինձ հարմարավետ եմ զգում, քանի որ այդտեղ ես պաշտպանված եմ, սիրված եւ ես ինձ ապահով եմ զգում: Եղել են դեպքեր, երբ իմ հարմարավետությունից դուրս եմ եկել հանուն ինչ-որ բանի, հետո հասկացել եմ, որ պետք չէր ինձ նեղություն տալ, որովհետեւ հաճախ դա չի էլ գնահատվում:

«Այրված անուրջներ»-ի քո խաղընկերը՝ Կարեն Ասլանյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ քեզ հետ աշխատելը շատ հեշտ է, որ միանգամից կարողանում եք ընկալել տվյալ տեսարանը: Դու ի՞նչ կասես նրա մասին: Ինչպիսի՞ խաղընկեր է Կարենը:) 

Կարենը ոչ միայն լավ խաղընկեր է, այլեւ լավ ընկեր, ու ամենակարեւորն այն է, որ մեր կերպարային մտածողությունը նույնն է: Հաճախ կոնֆլիկտներ էլ ենք ունենում, բայց դա վատ վերջաբան չի ունենում:) Իրականում երկուսս էլ միշտ նույն բանի մասին ենք խոսում, ուղղակի տարբեր ձեւով ենք հաճախ միմյանց հասկանում:) Ինձ համար իմ եւ Կարենի տեսարանները ստացված են, որովհետեւ մենք խաղի ժամանակ էմոցիոնալ մի ուրիշ դաշտում ենք գտնվում եւ շատ ուրիշ ձեւով ենք աշխատում: Երբ արդեն դուրս եմ գալիս այդ տեսարանից, նույնիսկ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում րոպեներ առաջ:) Շնորհակալ ենք, իհարկե, նաեւ սցենարի հեղինակին, որովհետւ նրա դերակատարումն էլ շատ մեծ է մեր խաղի մեջ: Տեսարաններն այնքան մանրամասն ու ճիշտ են նկարագրված, որ ես ու Կարենն էլ հեշտությամբ կարողանում ենք հասկանալ մեր հետագա գործողությունները:

Մինչ շատերը սկսեցին քեզ եւ Կարենին սիրավեպ վերագրել, դու բացահայտեցիր, որ ունես ընտրյալ:) Դու էլ,  Գոռն էլ դերասաններ եք, մասնագիտություն, որը ավելի հաճախ է առնչվում խանդի հետ: Ձեր հարաբերություններում խանդը ի՞նչ տեղ ունի եւ արդյոք հե՞շտ եք փոխզիջումների գնում:

Անկեղծ ասած՝ հարցից հետո սկսեցի մտածել այն մասին, որ իրոք՝ ես իմ եւ Գոռի հարաբերությունների մասին սկսեցի բարձրաձայնել հենց այն ժամանակ, երբ իմ ու Կարենի միջեւ սիրավեպ էին վերագրում: Բայց դա դիտավորյալ չեմ արել: Ես եւ Գոռն այն ժամանակ դեռ միմյանց ճանաչելու փուլում էինք, մենք շատ լավ ընկերներ էինք, բայց չգիտեինք՝ հարաբերություններում ինչպես կդրսեւորվենք, այդ պատճառով էլ ճիշտ էի համարում սկզբնական շրջանի գաղտնիությունը: Ես սնահավատ չեմ ու չեմ հավատում, որ մարդիկ կարող էին «աչքով տալ» մեզ կամ նման բաներ, ուղղակի, եթե մեզ մոտ ինչ-որ բան չստացվեր, ես շատ կնեղվեի, որ բոլորն իմանային ու սկսեին խոսել այդ մասին, եւ այդ նեգատիվը մեծ ազդեցություն կարող էր ունենալ մեզ վրա… Անկեղծ պատասխանեմ՝ իմ եւ Գոռի միջեւ այս ընթացքում խանդի պատճառով ոչ մի վեճ չի եղել: Ես այնպիսի միջավայրում եմ աշխատում, որոնց Գոռը ճանաչում է: Կարենի հետ նրանք լավ ընկերներ են: Ես առանց լարվելու գնում եմ աշխատանքի ու հանգիստ վերադառնում տուն: Խանդը մեր կյանքում առհասարակ տեղ չունի: Ես ինքս էլ բնույթով խանդոտ չեմ, եւ երբեք այդպիսին չեմ եղել: Հետաքրքիր է, բայց երբ, ուղղակի, ընկերներ էինք, ես եւ Գոռն ավելի հաճախ էինք միմյանց հետ վիճում, քան հիմա:) Հիմա ավելի շատ ենք փոխզիջումների գնում, միանգամից միմյանց հասկանում ենք: Աստված տա, եւ ես իրոք վստահ եմ, որ մեզ մոտ հետագայում էլ ամեն ինչ լավ է լինելու, հիմա մեր ներկան հրաշալի է, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ ու ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում:)

Մարիամ, իսկ ի՞նչը կարող է քեզ հունից հանել:

Անկեղծ ասած՝ ինձ ամեն ինչը կարող  հունից հանել (ծիծաղում է): Ինչպես նշեցի՝ հորոսկոպով Երկվորյակ եմ ու շատ փոփոխական մարդ եմ: Երբեմն տրամադրությունս լավ է, երբեմն՝ վատ, անգամ այդ փաստը ինձ հաճախ կարող է հունից հանել:) Նաեւ բացարձակ չեմ սիրում երկար սպասել, բայց ամենավատն այն է, որ ես ինքս էլ ուշացող եմ բնույթով ու հաճախ ինքս էլ սպասեցնում եմ մարդկանց :) Չգիտես՝ ինչու, բայց այն, ինչ ինձ դուր չի գալիս, հունից հանում է: Մի քիչ… Չէ, ավելի ճիշտ՝ շատ բարդ բնավորություն ունեմ, բայց ինձ սիրողներն ինձ հենց այսպիսին են սիրում:) 

Ինչպիսի՞ պատկերացումներ ունեիր շոու-բիզնեսի, հայտնի լինելու մասին նախկինում, եւ ինչպիսի՞ն են այսօրվա բացահայտումներդ:

Առօրյա բացահայտումներ, նույնիսկ, ինքս իմ մեջ եմ տեսնում: Երբեմն այնպիսի բաներ եմ բացահայտում, որ զարմանում եմ:) Իմ կյանքում նկարահանումներից հետո շատացել են «բայց»-երն ու «ինչու»-ները: Ինձ սկսել են ճանաչել, տեսնելիս ժպտում են, ինչն, իհարկե, հաճելի է:) Բայց շոու-բիզնեսի մասին ավելի լավ պատկերացումներ եմ ունեցել, իսկ հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ այնքան էլ դրական չէ, որքան ես էի պատկերացնում: Ամեն դեպքում, ես այս ամենի մեջ աշխատում եմ չեզոք մնալ, իմ աշխատանքն եմ կատարում ու այդպես ավելի լավ հոգեվիճակում եմ լինում: Բացի այդ, երբ ունենում ես անձնական, որին շատ ժամանակ չես կարողանում տրամադրել, աշխատանքից հետո միանգամից ուզում ես վայելել անձնականդ ու այլ բանի ժամանակ չի լինում:) Առհասարակ, ես ինձ հայտնի չեմ համարում, դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու այդպիսին կոչվելու համար :) Համացանցում follower-ներ ունենալը դեռ չի որոշում քո հայտնիությունը: Ինձ մեծ բավարարություն կփոխանցի այն փաստը, որ դերասանական ոլորտում կայացած ու ճանաչված մարդիկ ինձ ճանաչեն ու մատնանշեն իմ այս կամ այն լավ դերը, դա ինձ անչափ կոգեւորի ու ես հետագայում ավելի լավ բաներ կաշխատեմ անել:)

Շատ դերասան-դերասանուհիներ, երկար տարիներ նկարահանվում են, բայց գլխավոր դերերը նրանց շատ դժվար են տրվում: Քեզ այդ առումով կարելի է նախանձել, որովհետեւ միանգամից գլխավոր դերերով հայտնի դարձար: Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն էր հաջողությանդ գրավականը:

Անկեղծ՝ չգիտեմ, թե որն է այդ հաջողության գրավականը: Միգուցե, բախտի հարց է: Բայց, իսկապես, երկու հեռուստասերիլներում էլ այդպես ստացվեց: Չեմ ցանկանա պարծենալ այդ ամենով, պարզապես, կասեմ, որ դա, իրոք, շատ ոգեւորիչ հանգամանք է ինձ համար: Ես սա որպես հարց չեմ ընդունի, ավելի շատ՝ որպես ինձ ուղղված հաճոյախոսություն:) Շատ շնորհակալ եմ թե Հանրայինին, թե «Շանթ»-ին, որ ինձ վստահեցին  ու առաջարկեցին գլխավոր դերեր, որոնց վրա անդադար աշխատում եմ՝ փորձելով արդարացնել բոլորի հույսերը: 

Ասում են՝ շոու-բիզնեսում մտերիմ ընկերներ չես կարող ձեռք բերել: Ունե՞ս մտերիմներ քո ոլորտում: 

Շոու-բիզնեսում ընկերներ ունեի, բայց հիմա այդ շրջանակը շատ է նոսրացել ու երեւի՝ բարին էլ հենց դա էր: Մտերիմ ընկերներիս թվում են Մարինա Մնացականյանը, Սեյրան Մովսիսյանը, ինչպես նաեւ կողակիցս՝ Գոռ Համբարձումյանը, որի հետ նաեւ շատ մտերիմ ընկերներ ենք:) 

Երազանքներ եւ նպատակներ, որոնց պատրաստվում ես հասնել մոտակա տարիների ընթացքում:

Չեմ սիրում խոսել ու բարձրաձայնել նպատակներիս ու երազանքներիս մասին, ուղղակի խոսակցությունն այնքան ջերմ ու անկեղծ ստացվեց, որ ցանկություն առաջացավ խոսելու նաեւ այս թեմայով:) Իհարկե, երազանքներս չեմ բարձրաձայնի, դրանք թող գաղտնի մնան: Իսկ նպատակներիս մեջ մտնում է արտերկրում ուսումս շարունակելը, ընդունվել թատրոն, որովհետեւ, միգուցե, կրկնվեմ, բայց թատրոնն է դերասանի տունը: Իսկ անձնական նպատակներիցս մեկն ընտանիք ունենալն է, որը կայուն կլինի, ու ես վստահ եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի :)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիամ Ալեքսանյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել