MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Տանը՝ հայերեն, դրսում թուրքերեն էինք խոսում». Սիբիլը՝ հայկական ազգանունը ստիպողաբար փոխելու եւ հայ երգը Թուրքիայում տարածելու մասին

13:31, 22 հունվարի

Ծնվելով եւ մեծանալով Թուրքիայում՝ նա ոչ միայն չի կորցրել իր մշակույթն ու լեզուն, այլեւ ամեն ինչ արել է այն մեզ այդքան օտար երկրում տարածելու եւ պրոպագանդելու համար: Նա առաջին հայ արտիստն է, որի հայալեզու ստեղծագործությունները հնչել են թուրքական պետական հեռուստաալիքներով: 2001 թ-ին նա առաջին անգամ եկավ Հայաստան եւ էլ ավելի սիրահարվեց հայ երգին եւ մշակույթին, հասցրեց ծանոթանալ հայ երգիչների հետ եւ, նույնիսկ, զուգերոգով հանդես գալ նրանցից մի քանիսի հետ:

Խոսքը Ստամբուլում բնակվող հայ երգչուհի Սիբիլի մասին է: NEWS.am STYLE-ին երգչուհին պատմել է Թուրքիայում մեծանալու դժվարությունների, հայկական ազգանունը ստիպողաբար փոխելու եւ հայկական երաժշտությունն այդ երկրում դժվարությամբ տարածելու մասին:

Սիբիլ, ծնվել եւ մեծածել եք Ստամբուլում: Հետաքրքիր է՝ կյանքի որեւէ փուլում դժվարություններ ունեցե՞լ եք Թուրքիայում բնակվելով:

Ընտանիքիս կողմից այնպիսի դաստիարակություն ենք ստացել, որ արդեն փոքր հասակից գիտեի՝ ինչպիսի երկրում ենք ապրում: Մեզ զգուշացնում էին, որ տան մեջ հայերեն, իսկ փողոցում՝ թուրքերեն պետք է խոսեինք, իսկ եթե անունս հարցնեին, պետք է Սիբել ասեի, ոչ թե Սիբիլ: Անվանս անգամ մեկ տառը հարց էր առաջացնում… Կարող եմ ասել, որ միշտ զգույշ ենք ապրել, բայց մեր նախնիների համեմատ՝ բախտավոր սերուդ էինք, քանի որ մեր դժվարություններն այնքան շատ չէին, որքան նրանցն էին: Ունեինք լավ թուրք հարեւաններ, դասընկերներ, ուսուցիչներ, գործընկերներ: Կարող եմ ասել, որ նաեւ լավ մարդկանց հանդիպեցի: Բոլորն էլ գիտեին, որ հայ ենք, բայց հարգանքով էին մեզ վերաբերվում:

Եթե չեմ սխալվում, Ձեր ազգանունը Թորոսյան է: Ինչպե՞ս այն վերափոխեցիք Բեկթորոսօղլուի: 

Հայրիկիս նախնիների ազգանունը Թորոսյան է եղել, բայց 1935 թ-ին ազգանունը փոխելու օրենք ի հայ եկավ. գրեթե, բոլոր «յան»-երը դարձան «օղլու» վերջավորությամբ: Դա ստիպողաբար է եղել: Հորեղբայրս եւ մորեղբայրս, երբ գնացին արտասահման, վերականգնեցին իրենց ազգանվան «յան» վերջավորությունը: Մենք «օղլու» մնացինք: Երբ դարձա երգչուհի, սակայն, չցանկացա, որ ազգանունս օգտագործվի: Բոլոր ձայնասկավառակներիս եւ տեսահոլովակներիս մեջ միայն Սիբիլ անունով եմ ներկայանում: Մամուլին էլ խնդրեցի, որ միայն անունս գրեն: Երգարվեստում լինելով՝ ցանկություն ունեի վերադարձնելու Թորոսյան ազգանունս: Մարդիկ ասում են. «Սիբիլ, քեզ շատ ենք սիրում, բայց խնդրում ենք, որ «օղլու» վերջավորությունը փոխես ազգանվանդ մեջ»: Ոմանք էլ սկսեցին խոսել՝ արդյոք այս աղջիկը թո՞ւրք է: Հետո մտածեցի, որ ես միայն արմատներով հայ չեմ: Հոգովս, սրտովս մանուկ հասակից հայրենասեր եմ մեծացել, եւ հիմա երգովս ու կեցվածքովս հայրենիքիս եմ ծառայում: Ի՞նչ կապ ունի «օղլու» եմ, թե «յան»: Դրանո՞վ պետք է ավելի հայ լինեմ: Շատ հայեր կան «յան» ազգանվամբ, որոնք ոչ մի կապ չունեն հայության հետ: 

Պատկերացնում եմ՝ որքան դժվար է եղել Թուրքիայում հայկական երգն ու երաժշտությունը տարածելը, բայց Ձեզ հաջողվել էԻնչպե՞ս: 

Երբ հետ եմ դառնում եւ նայում իմ անցած 8 տարիներին, իսկապես հուզվում եմ: Դժվար էր, բայց ստացվեց: Թե ինչպես եղավ, այդ հարցին կպատասխանեմ այսպես՝ Աստված աղոթքներս լսեց եւ երազանքս իրականացրեց… Առաջին՝ «Սիբիլ» ձայնասկավառակովս արձանագրեցի երազանքիս իրականացումը: Շատ մեծ հույսեր չէի կապում, որ հուսախաբ չլինեմ, բայց միեւնույն ժամանակ մեծ բաներ մտածեցի: Սրտիս ձայնն ասաց՝ Սիբիլ, քո կյանքը պետք է փոխվի: Փառք Աստծո՝ այդպես էլ եղավ: Ձայնասկավառակիս լույս տեսնելուց ընդամենը տասն օր անց հրավիրվեցի պետական հեռուստատեսության ուղիղ եթերին: Թուրքիայի առաջատար մամուլն իմ ձայնասկավառակի մասին դրական արձագանք կատարեց, թուրք ունկնդրողներից շատ դրական նամակներ ստացա: Այս ամենից ոգեւորվելով՝ մտածեցի՝ ինչո՞ւ տեսահոլովակ էլ չունենամ: Ինչո՞ւ Թուրքիայի առաջին հայալեզու տեսահոլովակը իմ երգով չլինի: Այդպիսով, ներկայացրեցի Հովհաննես Շիրազի խոսքերի հիման վրա Մաժակ Թոսիգյանի գրած երգը՝ «Նամակը», որը եւս մամուլում մեծ արձագանք ունեցավ: Հրավիրվեցի պետական հեռուստատեսություն, որտեղ իմ հայ երաժիշտ ընկերների հետ երգեցինք 8 երգ: Առաջին անգամ թուրքական պետական հեռուստատեսությունը հայերեն երաժշտությանը նվիրված հաղորդում հեռարձակեց:

Գիտեմ, որ եթե թուրքերեն երգեմ, ավելի մեծ հայտնիություն կունենամ Թուրքիայում, բայց նախընտրում եմ միշտ երգել հայերեն: Անգամ, եթե մի օր թուրքերեն երգեմ, դա էլ կանեմ հայերենը տարածելու նպատակով, որպեսզի մարդիկ հետո հասնեն իմ հայերեն երգերին: Փոքրիկ, բայց ուժեղ քայլերով փորձում եմ ձեռքիցս եկած ամեն ինչն անել:

Հայ ո՞ր երգիչներին էիք լսում մանկության տարիներին: 

Արտասահմանից բերվող ձայնագրություններ էինք լսում: Որոշ արձանագրությունների մեջ անուններ գրված չէին: Չգիտեի, թե ովքեր են կատարողները: Բայց հիշում եմ՝ Ադիս Հարմադյանին, Մարտին Յորգանցին եւ Հարութ Փամբուկչյանին էինք լսում:

Մասնագիտությամբ ֆինանսիստ եք, բայց հարցազրույցներից մեկում նշել եք, որ երազում էիք լինել ուսուցչուհի: Այսօր ցանկություն չունե՞ք Ձեր երաժշտական գիտելիքներով կրթել երիտասարդ սերնդին:

Ես միշտ երազել եմ լինել երգչուհի, բայց քանի որ շատ եմ սիրում երեխաներին, նաեւ ուսուցչուհի էի ցանկանում դառնալ: Բայց ցավոք՝ ակադեմիական գիտություն չունենալուս պատճառով այդ գործով չեմ կարող զբաղվել: Բայց սիրով պատրաստ եմ երեխաների հետ համագործակցել: Արտասահմանյան, գրեթե, բոլոր համերգներիս ժամանակ ինձ երեխաների խումբ է ուղեկցում: 

Հայ երգիչների գործունեությանը հետեւո՞ւմ եք: Հավանո՞ւմ եք այն, ինչ այսօր կատարվում է հայկական երգարվեստում:

Հնարավորինս փորձում եմ հետեւել: Շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց անկեղծ պետք է ասեմ, որ վերջերս երգիչները սկսել են ավելի կոմերցիոն, ռաբիզ երգեր ստեղծագործել:

Թուրքիայում ներկայացնում եք հայկական երաժտությունը: Ի՞նչ արձագանքներ եք ստանում թուրք հանդիսատեսի կողմից:

Շատ լավ ու գնահատված խոսքեր եմ ստացել: Ասում են՝ «Քո շնորհիվ ցանկանում ենք հայերեն սովորել: Ուզում ենք երգերդ հասկանալ»: Այս խոսքերն ինձ համար շատ ուրախալի են: Երանի հեռուստաալիքներն այդ երգերն ավել շատ հեռարձակեին ու դրանք ավելի հասանելի դառնային, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Լավ է, որ կա համացանցը եւ դրա շնորհիվ աշխարհի տարբեր կողմերը կարող ենք հասնել:

Հայաստանում էլ այսօր բավականին ճանաչված եք եւ սիրված: Մտադրություն չունե՞ք տեղափոխվել Երեւան եւ այստեղ շարունակել Ձեր գործունեությունը:

Հայաստանն իմ տունն է: Շատ ուրախ եմ, երբ այցելում եմ հայրենիք: Վերջերս գործի բերումով Հայաստանում էի: Անձնագրային բաժնում, երբ ոստիկանն անունս կարդաց, ասաց. «Մի՞գուցե Դուք երգչուհի Սիբիլն եք: Մենք Ձեզ շատ ենք սիրում»: Չափազանց ուրախացա: Շատ ջերմ ու բարի մարդիկ կան: Մեծ սիրով եմ գալիս-գնում: Չգիտեմ՝ ինչ կլինի ժամանակի ընթացքում, ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

Զուգերգներով արդեն հասցրել եք հանդես գալ հայ երգիչներից Անդրեի եւ Անդրե Սիմոնյանի հետ: Այլ համագործակցություններ սպասվո՞ւմ են:

Այո, Անդրեի հետ շատ զուգերգներ ունենք: Ունեմ համատեղ երգեր, ինչպես Անդրե Հովնանյանի, այնպես էլ Անդրե Սիմոնյանի հետ: Կարծես՝ Անդրեներին եմ ընտրում զուգերգի համար (ծիծաղում է): Միշտ բաց եմ համագործակցությունների առաջարկների առջեւ: Շատ տաղանդավոր երգիչներ կան, սիրով կհամագործակցեմ նաեւ մյուսների հետ:

Սիբիլ, 2019-ի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

Շուտով պետք է մեկնեմ  Բրազիլիա՝ մասնակցելու «Վիվա Հայաստան» հայկական տոնակատարությանը: 65 րոպեի ընթացքում կներկայացվի հայոց պատմությունը, մշակույթը: Ինձ համար մեծ պատիվ էր, երբ հրավեր ստացա Rosas De Ouro խմբի կողմից: Ես՝ որպես Հայաստանը ներկայացմող երգչուհի պետք է լինեմ: Շատ ոգեւորված եւ հուզված եմ այս առիթով: Այս միջոցառումից հետո Հարավային Ամերիկայի այլ երկրներում էլ համերգային շրջագայություն ունեմ, որից հետո կմեկնեմ Ֆրանսիա: Տարբեր քաղաքներում ելույթներ են նախատեսված:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սիբիլի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել