Այս պատմությունն սկսվեց մի պարզ հարցից` «Զալցբուրգում եղե՞լ ես»: Մնացածն արդեն չեմ հիշում: Թերեւս՝ միայն երջանիկ ժպիտս, երբ Գերմանիայի դեսպանատան սիրալիր աշխատակցուհին հանձնեց բաղձալի կնիքով անձնագիրս: Հետո, ինչպես ընդունված է, օդնավակայանն էր` սկզբում երեւանյան, ապա՝ Վիենայի, իսկ այնտեղից արագընթացը 4 ժամում մեզ հեքիաթային Զալցբուրգ հասցրեց:
Ասել, թե հեքիաթն անմիջապես կայարանից էլ սկսվեց, չեմ կարող։ Սովորական, անգամ գորշ ու սովորականից ավելի վատ կայարան էր` բնորոշ խառնաշփոթով, «ֆասթֆուդի» տհաճ հոտով, կեղտոտ անխնամ հարթակներով, ծուռ աստիճաններով ու անհասկանալի բետոնե անցումներով, որոնք տեղ-տեղ զարդարված էին անհեթեթ գրաֆիտիով: Իսկական հիասթափություն։ Տաքսու վարորդը հայելու մեջ որսաց դեմքիս արտահայտությունը եւ սկսեց ինձ հանգստացնել. «Մեր քաղաքը շատ գեղեցիկ է… Դե, կայարանը… Ի՞նչ է, մյուս քաղաքներում ավելի լա՞վն են»։ Այս խոսքերն ինձ իրականություն հետ բերեցին՝ իրոք որ, սովորական կայարան է, էլի…
Սակայն հինգ րոպե էլ չէր անցել, նկատեցի վարորդի խորամանկ ժպիտը. «Ահա եւ Զալցբուրգը…»։ Ճանապարհի երկու կողմում մերթ ընդ մերթ սկսեցին երեւալ ցածր շենքերը, որ կառուցված էին ամենտարբեր ճարտարապետական ոճերով ու գունավորված՝ ամենաանհավանական երանգներով։ Բոլորն էլ տարբեր էին, եւ միակ բանը, որ միավորում էր դրանք, պատշգամբի ծաղիկներն էին՝ թափվող, տարածվող, պատով մեկ ձգվող… Եվ հեքիաթն իրոք սկսվեց։
Հյուրանոց տանող ճանապարհն անցնում էր հին քաղաքի նեղ ու ծուռ փողոցներով: Կան քաղաքներ, որտեղ զբոսնելիս քեզ բռնացնում ես այն մտքի վրա, թե արդեն եղել ես այդտեղ: Քայլել ես այս փողոցներով, մտել ես այս տները, ու նույնիսկ գիտես, թե որտեղ է ամենահամեղ թխվածքներ վաճառող խանութը։ «Դեժավյո՞ւ» - հարցով դիմեցի մեզ ուղեկցող Անդրեյին։ «Զալցբուրգն այդպիսի աուրա ունի... Բոլորին թվում է, թե այստեղ եղել են», - հանգիստ պատասխանեց նա:
Իսկ մենք առայժմ զբոսնում ենք Զալցախ գետի ձախ ափին տարածվող քաղաքով։ Գետը մի նեղ գիծ է Մենհսբերգ (Վանականների լեռ) եւ Ֆեսթունբերգ (Ամրոցների լեռներ) ժայռապատ լեռներից ներքեւ: Ֆեսթունբերգի վրա էլ կառուցված է Հոենզալցբուրգ ամրոցը, որը վաղուց ի վեր քաղաքի խորհրդանիշն է: Այն կարելի է բարձրանալ ճոպանուղով, թեւ ոտքի ճանապարհ էլ կա։ Բայց չարժե ռիսկի դիմել. այն գտնվում է քաղաքից 120 մետր բարձրության վրա։ Իսկ ոտքերը խնայել է պետք, չէ՞, որ նայելու դեռ այնքան բան կա։
Փոքրիկ էլեկտրաքարշը զգուշորեն բարձրանում է լեռը, իսկ կպչուն այն միտքը, թե երբեւէ եղել եմ այստեղ, միեւնույնն է, հանգիստ չի տալիս։ Անդրեյը կլանված ու ընդգծված դերասանությամբ պատմում է ամրոցի մասին։ Այն մասին, որ ամրոցը Եվրոպայի ամբողջական պահպանված միջնադարյան ամրոցներից ամենախոշորն է։ Այն մասին, որ 1077-ին այստեղ կառուցվել է ռոմանական մի ամրոց, որից միայն հիմքն է մնացել, որ դարերի ընթացքում այն բազմիցս վերակառուցվել է մինչեւ կաթոլիկության այս պատվարը դառնալը։ Այն մասին, որ ամրոցն ընդամենը մեկ անգամ, այն էլ առանց մարտի, գրավել է Նապոլեոնը։
«Սա Ֆեսթունբերգն է, - Ցույց է տալիս լեռն Անդրեյը։ - Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է այն պահում։ Ոչ մի դեպքում չեք կռահի։ Գուլպաներն ու ներքնաշորերը։ Առանց չափազանության, բառացիորեն…»։ Պարզվում է, վաղուց ի վեր լեռը սկսել է նստել։ Սկզբում նրա վրա փոքրիկ անցքեր են հայտնվել, հետո, ժամանակի ընթացքում, դրանք սկսել են մեծանալ։ Եվ ահա, տեղի հոգեւորականը քաղաքացիներին հավաքել է գլխավոր հրապարակում եւ ասել, որ բերեն իրենց անպետք ողջ հագուստը, ընդհուպ մինչեւ ներքնազգեստներ։ Քաղաքացիներն արձագանքել են եւ որոշ ժամանակ անց հրապարակում է հավաքվել մ իամբողջ լեռ հագուստը, որով էլ «լցոնել» են Ֆեսթունբերգի անցքերը։ Չգիտեմ՝ ինչպես երկրաբաններին, բայց ինձ այս տարբերակը դուր եկավ։ Տեսարժան վայրերից բացի ցանկացած քաղաքին շուք են տալիս պատմություններն ու առասպելները։ Չգիտեմ՝ իրականում ինչպես է հաջողվել պահպանել լեռան վեհությունն ու կանգունությունը, սակայն վարտիքների պատմությունը յուրահատուկ հմայք է տալիս դրան։
Ասել, թե Զալցբուրգն ամբողջությամբ շնչում է Մեծն Մոցարտով, նշանակում է ոչինչ չասել: Հուշանվերներ, կոնֆետներ, հայտնի շոկոլադե գնդիկներ, կարմրա-ոսկեգույն հագնված կեղծամներով արտիստներ, կառքեր, որոնցից դուրս են գալիս Մոցարտներ...Եւ, իհարկե, Զալցբուրգի երաժշտական փառատոնը: Փառատոնի համերգներից մեկն ամբողջությամբ նվիրված էր Մոցարտին: Այն տեղի էր ունենում Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ բալալայկանները հնչեցնում էին Մոցարտի ստեղծագործությունները: Երբեք չէի մտածի, թե Մոցարտի «Փոքրիկ գիշերային սերենադն» այդքան նրբագեղ կհնչի բալալայկաների կատարմամբ: Երաժշտությունը, թերեւս, երբեք չի լքում այս քաղաքը: Այն դուրս է հորդում պատուհաններից, այն ապրում է տաճարների կամարների տակ, այն հնչում է ի պատիվ Մոցարտի… Ճիշտ է, ընթացքում մի քանի անհասկանալի կատարում նույնպես հնչեց, որոնք երաժշտության գիտակները հիասքանչ համարեցին։ Սակայն ինձ համար միեւնույն է, միայն թե երաժշտությունը հաճելի լինի ականջին ու հոգուն…
Զալցբուրգի համարյա թե բոլոր տները կապ ունեն Մոցարտի անվան հետ։ Սկզբում թվում էր, թե մեր երթուղին բացառապես «մոցարտյան» է։ Պարզվեց` ոչ: Պարզապես մեծանուն երգահանն ապրել է այս քաղաքի շատ տներում: Դրանցից մեկում ծնվել է, մյուսում անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը, երրորդում հանդիպել է իր Կոնստանցային, ով այդպես էլ մինչ ի մահ հավատարիմ ու սիրող կին չեղավ նրան, մեկ ուրիշ տանը նրան այցելել է մուսան եւ նա ստեղծել է իրա հերթական գլուխգործը։ Ապագա հանճարը ծնվել է Գեթրայդեգասի տանը, 1756թ. հունվարի 27-ին: Այժմ Մոցարտների բնակարանում Մոցարտի թանգարանն է: Հայտնի ցուցանմուշների շարքում կարելի է տեսնել նրա մանկական եւ համերգային ջութակները, կլավիկորդը, նրա ընտանիքի դիմանկարներն ու նամակները:
«Տեսնո՞ւմ եք այս լծակները, - հարցնում է Անդրեյը, - սա XVIII-րդ դարի զանգ է։ Այստեղից քաշում ես, իսկ վերեւում լսում են։ Բայց պետք չէ քաշել, դրանք չեն աշխատում։ Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փչացրել են ամերիկացի զինվորները։ Տեղի խիզախներից մեկը նրանց ասել է, թե Մոցարտին տեսնելու համար պետք է այդ լծակներից քաշել, նրանք էլ հավատացել են ու ամբողջվ ուժով քաշել դրանք։ Սակայն Մոցարտն այդպես էլ նրանց առաջ չի հայտնվել»։ Մի փոքր նույնիսկ վատ զգացի, որ զինվորներին այդպես խաբել էին։ Բայց դե ո՞վ էր ստիպել նրանց հավատալ։
«Եվ քանի՞ տուն է զբաղեցրել մեծն երգահանը», - հարցնում եմ Անդրեյին։ «Շատ։ Նստակյաց մարդ չի եղել, - ասում է Անդրեյը, - հանճարեղ եւ շատ հակասական։ Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ այդքան շատ տուն է ունեցել։ Նա ընդամենը վարձակալում էր դրանք։ Վերջերս Զալցբուրգ մի խումբ էր եկել ոչ թե զբոսնելու, այլ՝ սովորական առրեւտրի։ Ձեւի համար գրանցվել էին էքսկուրսիայի։ Ինձ կոտորելով պատմում եմ, իսկ նրանց աչքերում դատարկություն է, հայացքը հերթական խանութն է փնտրում… Այ այստեղ ես չդիմացա, ու սկսեցի. ահա այստեղ նրա գերեզմանն է, իսկ այստեղ նրա գերեզմանը, իսկ այ այստեղ՝ նրա փոքրիկ գերեզմանը։ Նրանք նույնիսկ հուզվեցին։ Իսկ նրանցից ամենախելացին որպես գաղտնիք ինձ ասած, որ Վենայում նրանք երգահանի ամբողջ չորս գերեզման են տեսել։ Իսկ Հրացում՝ եւս երկուսը… Բայց ինչն ինձ ամենաշատը դուր եկավ այս պատմության մեջ՝ վերջաբանն էր։ Խմբի անդամներից մեկը բանիմաց տոնով հայտարարեց, թե «ինչո՞ւ եք զարմանում։ Ո՞վ ասաց, որ այդ հայտնի ու հզոր տղամարդը մեկ գերեզման պետք է ունենար»»։
Էլեոնորա Մալխասյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:31, 3 հոկտեմբերի
«Մաքրենք մեր միտքը վատից, մտածենք միայն լուսավորի ու գեղեցիկի մասին, ու հենց դա կգա դեպի մեզ». Էվա Խաչատրյան20:15, 3 հոկտեմբերի
Balenciaga-ի շուրջ սկանդալից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ նկարահանվել է բրենդի արշավում19:17, 3 հոկտեմբերի
«Փողով, իսկապես, ամեն ինչ կարելի է գնել»․ Գեւ Օրկյանը՝ ՄԱԿ-ի՝ Արցախ կատարած այցի ու գնահատականի մասին17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա