Նյութը կարդալուց առաջ խորհուրդ եմ տալիս ընթերցանությունը համատեղել բրիտանական The Cinematic Orchestra խմբի Arrival of The Birds & Transformation դյութիչ երաժշտության հետ։
Տեսնես ի՞նչ է մեռնելը։ Հետո ի՞նչ է լինելու։ Կմնա՞մ արդյոք հոգով արքայությունում, որտեղ ինձ համար տեղ չկա, թե՞ լույսի պայծառ շողը կտանի ինձ երկինք ու կպարուրի ամպերի փափուկ մշուշում։ Թե՞ կընկնեմ երկրի խորքը՝ խավար դժոխք, որտեղ բանականությունս կայլասերվի ու կայրվի։
Իսկ եթե առանց պոեզիայի, ապա միտք բանիս, կարծում եմ, որսացիք. ի՞նչ է մեզ սպասվում մահվանից հետո։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է 1998 թվականի կինոնկար այլաբանության, ֆանտաստիկայի եւ դրամայի ժանրում՝ «Ուր են տանում երազանքները»։
Ռեժիսոր՝ Վինսենթ Ուորդ, գլխավոր դերերում՝ Ռոբին Ուիլյամս, Քյուբա Գուդինգ կրտսեր եւ Աննաբելա Շիորա։
Մանկաբույժ Քրիս Նիլսենն ապրում է երջանիկ եւ հաշտ ու համերաշխ կնոջ՝ Էննիի եւ երկու երեխաների հետ։ Բայց մի անգամ տեղի է ունենում ահավոր մի բան. երեխաները մահանում են ավտովթարից։ Որոշ ժամանակ անց զոհվում է նաեւ Քրիսը. նա հայտնվում է դրախտում։
Իրեն որպես ուղեվար կցված բարի ոգու օգնությամբ նա սկսում է վարժվել իր նոր գոյությանը։ Բայց երբ վշտից խենթացած կինը կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ, նրան նզովում եւ հավերժ քշում են դժոխք։ Քրիսն ամեն կերպ փորձում է գտնել սիրելիին, բայց դեռ ոչ մեկին երբեք չի հաջողվել փրկել մեղավոր հոգին սանդարամետից։
«Ուր են տանում երազանքները» այն կինոնկարն է, որը չի կարելի պարզապես դիտել։ Այն պետք է զգալ՝ մենակ դիտելով, որպեսզի ոչ ոք եւ ոչինչ չշեղի ուշադրությունդ կինոնկարից։
Զգացեք, ապրեք Ուիլյամսի հերոսի հետ այն ամենը, ինչ բաժին է ընկել նրան. իսկական սեր, սիրելի երեխաների մահ, սեփական վախճան, ճանապարհորդություն դրախտով, եւ որ գլխավորն է՝ ճանապարհ դեպի դժոխք՝ փրկելու սիրելի կնոջը։ Ոչ մի բանի մասին մի մտածեք այդ պահին, պարզապես պարուրվեք այն անսահման քնքշությամբ ու սիրով, որոնք լցնում են ֆիլմը։ Զգացեք սենտիմենտալ թախիծը, որից արցունքներն իրենք իրենց են հայտնվում ձեր աչքերում։
Իսկ ամենագլխավորը ֆիլմի գաղափարն ու նրա մատուցումն է։ Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իր համար դրախտ կամ դժոխք հորինում։ Եդեմի հայեցակարգը՝ կառուցված այն բանի վրա, որ դրախտը կտավ է, իսկ դու նկարիչ՝ սահմանափակված միայն սեփական երեւակայությամբ, ցավեցնելու աստիճան պարզ է ու հանճարեղ միաժամանակ։
Որքան լուսավոր է ցուցադրված դրախտը մարդու երեւակայության վիզուալացման առումով, այնքան խավար ու անելանելի է դժոխքը։ Այստեղ մեզ չեն ցուցադրում թեժ կրակ, լավա կամ ֆիզիկական ցավ։ Ոչ, այստեղ դժոխքը խավար, մութ, դեպրեսիվ ու մենթալ անդունդ է, որտեղ լույս չկա։ Եվ որ ամենակարեւորն է՝ մարդն այստեղ թե՛ ինքն է բանտարկյալ, թե՛ ինքն էլ իր բանտապահն է։
Ֆիլմը դիտելուց հետո ծագում է հետեւյալ միտքը. միայն վախերն են ծնունդ առնում դժոխքում, դրախտում միայն երջանկություն է։
Անհնար է չհիանալ Ռոբին Ուիլյամսի անզուգական խաղով, որն իրեն հատուկ անկեղծությամբ ու հմայքով փոխանցում է հույզերի ողջ ընդգրկումը։ Առաջին հայացքից սեր լճում հիասքանչ անծանոթուհու հանդեպ եւ անելանելիության վիճակ երեխաների մահվան հետ կապված, զարմանք դրախտում կատարվող ամեն ինչի հանդեպ եւ հուսահատ վճռականություն՝ փրկելու սիրելիին դժոխքի տառապանքներից։
Հիանալի է նաեւ Քյուբա Գուդինգ կրտսերը, որին հաջողվել է ցուցադրել խրատատուի կերպարը. Ուիլյամսի հետ բավական կոլորիտային տանդեմ է ստացվել։
Անհնար է անտարբեր անցնել Աննաբել Շիորայի հանդեպ։ Նա ցուցադրել է մարդու, կնոջ ու մոր ողջ դրաման։ Դիտեք ֆիլմը։ Անպայման դիտեք։
Հ.Գ. Հոդվածը գրեցի Դենիս Լարիոնովի «Սովորական երկինք. ինչպե՞ս են դրախտը պատկերում կինոյում» հոդվածով ոգեշնչված։ Եթե թեման հետաքրքիր է, կարդացեք այն ազատ ժամանակ։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ