Դերասանուհի Իրինա Այվազյանը լուսանկարվել է NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքում: Ու թեեւ ջերմ ու պայծառ արտաքինով աչքի ընկնող դերասանուհու կադրերն ամբողջացրել են արեւածաղիկները, Իրինան իրեն բնորոշում է՝ որպես դաշտային ծաղիկ՝ նշելով, որ դրանց պես անկախ է ու տենչում է ազատության:
Իրինայի հետ մեր նոր հարցազրույցն ու ֆոտոշարքը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Իրինա, տարվա չորս եղանակներից յուրաքանչյուրի ժամանակ ինչպիսի՞ն ես լինում: Տրամադրության ակնհայտ փոփոխություններ ունենո՞ւմ ես:
Միանշանակ, ունենում եմ: Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ տարվա եղանակներից ամենից շատ գարունն եմ սիրում, երբ արեւը շատ ջերմացնող է լինում: Գարնանը, սովորաբար, շատ հանգիստ եմ լինում, ավելի զգացմունքային ու ներդաշնակ եմ դառնում ինքս ինձ հետ: Կարծում եմ՝ դա հենց ջերմացնող արեւից է (ժպտում է): Ամռանն ավելի ակտիվ եմ՝ կյանքով լեցուն, տանը նստել չեմ կարողանում... ավելի «ջահելական» կյանք եմ վարում ամռանը: Երեկոներն եմ շատ սիրում… Աշնանը ներսումս ամեն ինչ խառնվում է՝ վատ առումով: Մի տեսակ աշնան քամու նման ուժեղ քամի է ներսումս սկսվում: Իսկ ձմռանը տրամադրության մեծ անկում եմ նկատում, քանի որ ցուրտ եղանակ չեմ սիրում, ամեն ինչ մռայլ է ձմռանը: Իհարկե, ամեն ինչ միշտ չէ այսպես, քանի որ լինում են օրեր, որոնց ընթացքում տրամարությունս այնքան է փոփոխվում, որ թվարկածս բոլոր եղանակային երեւույթները խառնվում են իրար:
Ռոմանտի՞կ ես առհասարակ:
Շատ ռոմանտիկ եմ, բայց չեմ սիրում, երբ այդ ռոմանտիզմը տվյալ զույգից բացի տեսնում են բոլորը: Ռոմանտիզմը ես շատ անձնական երեւույթ եմ համարում, որը պետք է լինի իմն ու կոքինինս: Բացահայտ ռոմանտիզմը չեմ սիրում:
Յուրաքանչյուրս էլ դեռահասության շրջանում երեւի կոնկրետ պատկերացումներ ենք ունենում սիրո մասին: Ինչպիսի՞ն էին քո պատկերացումներն այդ շրջանում, արդյոք դրանք փոխե՞լ են:
Բնականաբար, այդ տարիքում ամեն ինչ հեքիաթային ու առանց խոչընդոտների ենք պատկերացնում, շատ բաների շուրջ ռեալ չենք մտածում: Իհարկե, հետո՝ ավելի հասուն տարիքում գործածդ սխալներին կամ սխալ ընտրությանը սկսում ես այլ կերպ նայել, այլ կերպ մոտենալ սիրուն: Սերը գիտակից տարիքում էլ է հեքիաթային թվում, բայց դու արդեն սխալը ճշտից տարբերել ես սովորում ու իրականությունից չկտրվելով՝ հաստատ ավելի ռեալ ես կարողանում վայելել սերդ: Ինչ վերաբերում է նրան արդյոք պատկերացումներս փոխվել են, թե ոչ՝ իհարկե փոխվել են: Դա անխուսափելի է… Բայց, միանշանակ, դրանք դեպի լավն են փոխվել:
Քո հրապարակումներից երեւում է, որ շատ ընկերասեր ես: Հանուն ընկերներիդ ի՞նչ խենթություններ ես արել: Եղե՞լ են նման դեպքեր, կամ` հակառակը:
Ես անտանելի ընկերասեր եմ, առանց ընկերներիս ես մարդ չեմ, կյանքս չեմ պատկերացնում առանց նրանց: Երեւի նկատելի է, որ իմ ընկերական շրջապատում մեծ մասը տղաներ են, քանի որ նրանց հետ ավելի անկեղծ, առանց նախանձի է ստացվում ընկերությունը: Աղջիկ ընկերներ էլ ունեմ, որոնք այնքան էլ շատ չեն, չնայած՝ առհասարակ, իմ ընկերները շատ քիչ են: Ինչ վերաբերում է խենթություններին՝ հանուն ընկերներիս շատ եմ գնացել նման քայլերի, իրենք էլ՝ հանուն ինձ: Այնքան շատ են, որ, միգուցե, չհիշենք կոնկրետ դեպքեր:
Ի՞նչը չես ների երբեք ընկերության մեջ:
Առհասարակ, ես ամեն ինչ ներում եմ, ուղղակի ներելուց հետո տվյալ մարդու դիրքը փոխվում է իմ կյանքում: Հավանաբար՝ կեղծավորությունը չեմ ներում:
Իսկ սիրո՞ մեջ:
Սիրո մեջ էլ նույնը՝ էլի ամեն ինչ ներում եմ, բայց ես սիրում եմ, որ լավի կամ վատի դեպքում ինձ ճիշտն են ասում: Եթե վատն ասեն, ես մեկ կամ երկու օր կնեղվեմ, բայց երրորդ օրը կմոռանամ ամեն ինչ ու կմտածեմ, որ ճիշտ են ասել: Ուղղակի, երբ սուտն ինքն իրեն բացահայտվում է, ես միանգամից եմ հիասթափվում: Մի խոսքով՝ անկեղծությունն ու ճիշտ խոսելու ունակությունն եմ գնահատում:
Հայտնի դառնալուց հետո նկատե՞լ ես` կային մարդիկ, որոնք նախկինում մտերիմ չէին հետդ, բայց հիմա փորձում են մտնել քո ընկերական շրջապատ: Արդյոք հայտնիությունն իր հետ կեղծիք բերե՞լ է:
Շատ-շատ են նման դեպքերը, բայց ես գիտակցում եմ՝ ով ինչի համար է ինձ հետ շփվում: Մարդիկ կային, որ անգամ բարեւ չէին տալիս, իսկ հիմա այնքան ջերմ են, որ, նույնիսկ, տարօրինակ է նայվում: Նման դեպքերում աշխատում եմ բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ լինել, պարզապես իմ քայլերով այնպես եմ անում, որ հասկանան, որ ես հիմար չեմ՝ ամեն ինչ տեսնում ու շատ լավ հասկանում եմ:
Իրինա, թվում է, թե դու բարդույթներ չունես. իրոք այդպե՞ս է:
Բարդույթներ շատ եմ ունեցել, բայց ժամանակի հետ հասկացել եմ, որ դրանք կախված են կողքի մարկանցից: Այսինքն՝ եթե մի աչքդ ունի շլություն, դու բարդութավորվում ես նրանից, որ դիմացինդ կտեսնի ու կծիծաղի քեզ վրա: Հետագայում հասկացա, որ յուրաքանչյուրն ինքն իր համար է ապրում, ու ոչ ոք քո կյանքում այնքան տեղ չունի, որ ծիծաղի քեզ վրա, իսկ դու դրանից բարդութավորվես: Լաց լինելու ու բարդութավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել, չնայած այդ բառը փոքր-ինչ սխալ է հնչում, բայց ավելի հարմար բառ չեմ գտնում այդ զգացումն արտահայտելու համար: Ամենակարեւորը պետք է ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու կարողանաս հումորով մոտենալ սեփական թերություններիդ: Հավատացնում եմ՝ երբ դու քեզ այդպես ես պահում, ուրիշ ոչ ոք չի կարող այլ կերպ մտածել: Հիմա, այո, ես ինձ համարում եմ բացարձակ առանց բարդույթների մարդ ու ապրում եմ շատ հեշտ՝ չմտածելով՝ գե՞ր եմ, կոլո՞տ, լոշտա՞կ, շա՞շ, թե՞ կեղտոտ շորերով եմ դրսում ման գալիս:
Եթե չեմ սխալվում, վերջին շրջանում ակտիվորն մարզվում ես, ու արդյունքն ակնհայտ է: Դա առողջ ապրելակերպի համա՞ր ես անում, թե՞ քաշ կորցնելու:
Ես ցավով եմ նշում, որ առողջ ապրելակերպի ջատագով չեմ (ծիծաղում է): Այդ ամենն անում եմ, ուղղակի ավելորդ քաշից վերջնական ազատվելու ու գեղեցիկ կառուցվածք ունենալու համար:
Քեզ շատերը, հնարավոր է, ասոցացնեն արեւածաղկի հետ: Ինքդ ո՞ր ծաղիկը կլինեիր ըստ քեզ:
Կարծում եմ՝ ես դաշտային ծաղիկ կլինեի (ժպտում է): Դաշտային ծաղիկը, մի տեսակ, պարտավորվածություններ չունի, անկախ է… որտեղ ուզի, կաճի: Ես էլ եմ բնավորությամբ այդպիսին:
Մտահղացումը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հարցազրույցը՝ Սյունե Առաքելյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 26 մարտի
«Քչով ընդգծիր շատը»․ հարցազրույց կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի հետ18:46, 26 մարտի
Ուղեւորություն դեպի Ֆորմոզա կղզի14:34, 26 մարտի
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»12:08, 26 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)10:52, 26 մարտի
Օրվա թիվը․ Ջեյ Զիի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար09:00, 26 մարտի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը23:56, 25 մարտի
Հայկական շոու-բիզնեսի բարձրահասակ հայտնիները (ֆոտո)20:31, 25 մարտի
Խորհուրդներ հոգեբանից․ ինչպես դուր գալ երազանքների տղամարդուն18:44, 25 մարտի
Wine Story. Արթուր Սարգսյան. Գինիները, ինչպես եւ կանայք, ունեն տեսակներ16:25, 25 մարտի
Wish list. հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ականջօղեր եւ հաստ ապարանջաններ՝ հայկական ապրանքանիշերից14:10, 25 մարտի
Նորաձեւություն եւ տեխնոլոգիաներ․ hայկական հավելվածներ, որոնք պետք է ներբեռնել հիմա12:08, 25 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նազենի Հովհաննիսյանից (ֆոտո)