Ջիվան Գասպարյան կրտսերը շուտով առցանց համերգների շարք կսկսի, որի շրջանակում դուդուկահարը կհամախմբի տարբեր հայ երաժիշտների ու բենդերի: Համերգները կհեռարձակվեն հենց դուդուկահարի տնից, որտեղ հատուկ հարթակ կստեղծվի նման իրադարձության համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջիվան Գասպարյան կրտսերը պատմել է իր նախաձեռնության եւ մյուս նորությունների մասին, ինչպես նաեւ՝ խոսել պապի՝ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ համատեղ ծրագրերի եւ նրա՝ իր ուղու վրա ունեցած մեծ ազդեցության մասին:
«Տեսնում եմ, որ երկար են հետաձգվելու համերգները, իսկ մենք՝ երաժիշտներս, դրանով ենք գումար վաստակում եւ ապրում, եւ հիմա ճգնաժամի մեջ ենք: Մտածեցի օնլայն համերգներ անել, հրավիրել տարբեր խմբերի, երգիչների: Նախատեսում ենք, որ այդ համերգներից սիմվոլիկ գումար կհավաքվի, որի մի մասը կտրամադրվի երաժիշտներին, քանի, որ ինչպես նշեցի՝ այս շրջանում նրանք չեն աշխատում, իսկ գումարի մյուս մասն էլ ուզում եմ տրամադրենք բանակին: Իհարկե, կախված է, թե որքան կհավաքվի»,-մանրամասնում է երաժիշտը:
Հարցին արդյոք պապիկը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը եւս մասնակցություն կունենա այդ համերգներին՝ դուդուկահարը պատասխանեց.
«Պապիկս ԱՄՆ-ում է, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ դեռ չի կարողանում գալ Հայաստան, բայց երբ վերդառնա, այնպես կանեմ, որ ինքն էլ մասնակցություն ունենա, քանի որ գիտեմ, որ մարդկանց համար նրա ներկայությունը շատ սպասված կլինի: Մարտ ամսին միասին Վաշինգտոնում համերգի ենք մասնակցել՝ ես, պապիկս եւ Նարեկ Հախնազարյանը, որից հետո ես եկա Հայաստան, իսկ նա պետք է մի որոշ ժամանակ անց միանար ինձ այստեղ, բայց թռիչքները փակվեցին ու ես այստեղ եմ հիմա, պապիկս՝ ԱՄՆ-ում»,-ասում է Ջիվանը՝ խոստոնալով, որ շուտով կունենան համատեղ նորություններ:
«Երբ պապիկս գա, կսպասվի համագործակցություն: Մի բան ենք մտածել. մենք այստեղ դպրոց պետք է կառուցեինք, որի աշխատանքները կիսատ են մնացել՝ Ջիվան Գասպարյանի անվան դուդուկի ակադեմիա. դրսից շատ աշակերտներ ունենք, որոնք մեկ շաբաթով գալիս, սովորում են ու գնում: Հիմա մտածում ենք օնլայն դասընթացներ անելու մասին, բայց պրոֆեսիոնալ մակարդակով պետք է դա կազմակերպենք: Կդասավանդենք եւ ես, եւ պապիկս»,-նշեց նա:
Անդրադառնալով արտասահմանցի երաժիշտների՝ դուդուկի հանդեպ հետաքրքրությանը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը նշեց.
«Արտասահմանցիները դուդուկը զգում են, բայց, իհարկե, հայերի պես, միգուցե, չկարողանան արտահայտել: Հոգին պետք է հայի հոգի լինի դուդուկը ամբողջությամբ զգալու համա: Մենք էլ, բնական է, ուրիշ ազգերի գործիքները նրանց պես չենք կարողանա նվագել»:
Երաժիշտի խոսքով՝ դուդուկով այժմ շատերն են հետաքրքրված.
«Հիմա, առհասարակ, շատ-շատ են դուդուկ նվագողները, ոմանց մոտ լավ է ստացվում, ոմանք մնում են միայն ռեստորանի մակարդակով: Ես՝ ինքս, ճանաչվելու հետեւից չեմ ընկել, չեմ մտածել եթերում իմ կատարումները տարածելու մասին: Իհարկել, կուզեի՝ դուդուկն ավելի շատ հնչեր եթերով, որովհետեւ ես շատ ասելիք ունեմ, որոնցից շատերը մարդիկ չեն էլ տեսել, բայց բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում դիմել, խնդրել, որ տարածեն»,-ասում է նա:
Հանրահայտ պապի անուն-ազգանունը կրելը դուդուկահարը մեծ պատիվ է համարում, թեեւ չի ժխտում, որ ինչպես նախկինում, հիմա էլ շատերն իր հաջողությունները հենց անվանն են վերագրում.
«Դա վախենալու բան չէ, համեմատողները միշտ էլ կհամեմատեն: Իմ վարպետն առաջին օրվանից եղել է պապիկս, ես իր ոճով եմ սովորել, իր նվագն է իմ մեջ սեր առաջացրել նվագելու: Իր խրատները, իր դասերը արդյունք տվել են, ու ինքը շատ գոհ է այսօր, իսկ ինձ համար ամենից կարեւորը հենց նրա կարծիքն է, որովհետեւ նա այնքան պրոֆեսիոնալ է միշտ մտածել ու մտածում, նա տեսել է, որ ես ճանապարհ ունեմ անցնելու, գնալու, մարդկանց համար նվագելու: Եթե ես վատ նվագեի, պապիկս կյանքում ինձ չէր ներկայացնի հանրությանը: Նա ինձ սովորեցրել է ու հնարավորություն տվել՝ դարձնելով դա նաեւ իմ ուղին»:
Դուդուկահարը ներկայացրեց նաեւ իր մյուս ծրագրերը.
«Այժմ տնից եմ աշխատում, ունեմ ստուդիա, շարունակում եմ նույն տեմպով ձայնագրություններ կատարել, միայն այն է փոխվել, որ չենք շրջագայում, համերգ չենք ունենում ու գումար չենք վաստակում, թե չէ ձայնագրություններ միշտ էլ անում եմ, աշխատում եմ դրսի արտիստների հետ: Հայտնի պրոդյուսեր Լերի Քլեյն հետ մի նախագծի շրջանակում ենք աշխատել. աշխարհի 800 երկրների մասնակիցներից 27-ին ընտրեցին, ես էլ էի նրանց մեջ. անցած տարի մեկնեցի Ֆրանսիա, ձայնագրեցինք ձայնասկավառակ, դրա մասին գրեց նաեւ Forbes ամսագիրը, իսկ iTunes-ում այն դարձավ առաջատար: Շարունակում եմ կապ պահել նրա հետ: Ունեմ նաեւ նոր տեսահոլովակներ, որոնք հիմնականում YouTube-ի իմ ալիքում են»:
Beyond Music Project-ի շրջանակում դուդուկարը, համագործակցելով աֆրիկացի ու ռուս երաժիշտների հետ, կատարել է «Ով, սիրուն, սիրուն» երգը: Ի դեպ, նախագծի շրջանակում Ջիվանն առաջին անգամ է ցուցադրել իր վոկալային տվյակները.
«Ես երգեցի, որպեսզի կատարումս ուղարկեի մյուս երկրների երգիչներին, որ հայերեն արտասանությունը հասկանային, բայց իմ կատարումն էլ որոշեցին ներառել տեսահոլովակում: Չէի ուզում, որ իմ ձայնը լիներ, բայց ասացին, որ այդպես ավելի հետաքրքիր է: Ես, իհարկե, երգիչ չեմ, թեեւ վոկալի դասընթացների հաճախել եմ: Ճիշտն ասած՝ սիրում եմ երգը, նաեւ ասում են, որ ստացվում է: Շուտով, կարծում եմ, այդ առումով էլ կլինի նորություն: Ի դեպ, մյուս հետաքրքիր նորությունն այն է, որ դուդուկի տեսքով USB կրիչներ ենք արտադրել, որտեղ զետեղված է իմ երաժշտությունը՝ մոտ 50 գործ: Այն արդեն վաճառվում է jivanduduk.com կայքում»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ