ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

«Գեղեցկուհու տիտղոսը ես նվաճել եմ ոչ իմ բարձր հասակի, սլացիկ ոտքերի եւ գեղեցիկ դիմագծերի համար...». «Միսս Աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանը՝ իր արտաքին յուրահատկության եւ հաղթահարված բարդույթների մասին

15:05, 7 ապրիլի

«Միսս Աշխարհ Արմենիա 2019» տիտղոսակիր Լիանա Ոսկերչյանը, վստահաբար կարելի է ասել, այն հայ գեղեցկուհին է, որը ոչ միայն չվախեցավ ցուցադրել իր յուրահատկությունը, այլեւ ամբողջ աշխարհին բարձրաձայնեց, որ մարդկանց առանձնահատկությունները չպետք է դիտարկել՝ որպես թերություն. յուրաքանչյուրը գեղեցիկ է իր տարբերակիչ հատկանիշներով: Այսօր՝ Մայրության եւ Գեղեցկության տոնին, NEWS.am STYLE-ն ամենահամարձակ հայ գեղեցկուհու հետ զրուցել է գեղեցկության ստանդարտներից, իր համարձակ քայլից, բարդույթներից եւ մայրիկի հետ հարաբերություններից:

Լիանա, վիտիլիգոն դարձել է քո արտաքին յուրահատկություններից մեկը, բայց գաղտնիք չէ, որ սկզբում ինքդ էլ շոկ ես ապրել, երբ առաջին անգամ բախվել ես դրան: Ինքնուրո՞ւյն ես կարողացել հաղթահարել այդ փուլը, թե՞ եղել են մարդիկ, պատմություններ, որոնք քեզ ոգեշնչել են եւ օգնել նայել հարցին այլ տեսանկյունից:

Կարելի է ասել՝ ինքս իմ մեջ դա հաղթահարել եմ՝ մասնակցելով գեղեցկության մրցույթին. դա եղավ 2017 թ-ին, երբ դեռ շատ էի բարդութավորվում եւ ամեն կերպ փորձում էի ծածկել դա: Հատուկ արհեստական արեւայրուք էի ընդունել, որպեսզի մաշկիս գունային տարբերությունը չերեւար: 2017 թ-ի մրցույթին հենց այդպես եմ մասնակցել, բայց 2019-ին այդպես չարեցի... Իսկ երբ հաղթեցի «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթում, ցանկացա դրա մասին խոսել, բարձրաձայնել այդ թեման, քանի որ ինքս շատ լավ գիտակցում էի խնդիրները, անցել էի դրա միջով: Վիտիլիգոն չունի պատճառ, գենետիկ չի փոխանցվում ու ցանկացած պահի ցանկացածի հետ կարող է պատահել: Փոքր տարիքում մարդիկ շատ ավելի դժվար կարող են դա հաղթահարել, եւ դա գիտակցելով՝ ուզում էի լինել օրինակ, ցույց տալ, որ ես գեղեցկուհի եմ, բայց ես էլ ունեմ վիտիլիգո, եւ որ տարբերվելը բնավ չի նշանակում, որ դու գեղեցիկ չես: Ուզում էի, որ իմ օրինակը ոգեշնչում լիներ մարդկանց համար: Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվեց, որովհետեւ շատ նամակներ էի ստանում թե´ երիտասարդ աղջիկներից, թե´ մայրիկներից, որոնց երեխաները մանկապարտեզում արդեն բախվել են այդ «խնդրին»... Ուրախացա, որ նպատակիս հասել եմ եւ, նույնիսկ, միջազգային բեմից եմ բարձրաձայնել այդ մասին: Մինչ այդ՝ ես համարձակություն չունեի, անգամ, հարազատներիս հետ այդ մասին կիսվելու, եւ երբ բարեկամներս, ընկերներս այդ թեմայով հարցնում էին, փորձում էի շրջանցել դա՝ ասելով, թե արեւահարվել եմ, շուտով կանցնի, որովհետեւ վախենում էի, որ արձագանքը դրական չի լինի:

Հաճախ դիմացինը, դիտավորյալ կամ չգիտակցելով, կարող է անել արտահայտություններ, որոնք խոցելի են իրականում: Քեզ հաճա՞խ են նեղացրել` մատնանշելով վիտիլիգոն: Կհիշե՞ս մի դեպք, որ, հատկապես, չես կարողանում բաց թողնել:

Միշտ չէ, որ քեզ հասկանում են, հաճախ որոշում են քեզ խղճալ՝ նշելով՝ դե լավ, մի վախեցիր, դու դրանով էլ ես գեղեցիկ, կամ անդադար հարցեր են տալիս՝ «ինչո՞ւ, ինչպե՞ս, գնացե՞լ ես բժիշկի, այս դեղը փորձե՞լ ես» եւ այլն...Դիմացինիդ, իհարկե, այդ հարցերն անմեղ են թվում, բայց երբ օվա ընթացքում քեզ այդ մասին հարցնում են երկու-երեք հոգի՝ մատնացույց անելով նույն «խնդիրը», իրոք, սկսում ես բարդութավորվել, հատկապես, երբ դա անում են քեզ անծանոթ մարդիկ՝ փողոցում, խանութում եւ այլ վայրերում:

Միտումնավոր, կարծում եմ, ոչ ոք չի փորձում վիրավորել, բայց անգամ, երբ նկատում ես, որ փողոցում ինչ-որ քննող հայացքներ են նետում քեզ վրա, կամ երբ խանութում վաճառողից ինչ-որ բան ես ուզում վերցնել, նա այնպես է անում, որ քեզ չդիպչի՝ մտածելով, թե կվարակվի… Մի զվարճալի պատմություն էլ կա. մի անգամ, երբ ինձ մի աղջիկ տեսավ, ասաց՝ «Վայ էս էն բանից ա, որ Մայքլ Ջեքսոնն էլ ուներ ու մահացավ» (ծիծաղում է): Ինձ համար այդ իրավիճակն, իհարկե, ե´ւ շոկային էր, ե´ւ ծիծաղելի: Նախ՝ վիտիլիգոյից ոչ ոք չի մահացել, երկրորդ՝ եթե անգամ ինչ-որ մեկն ունեցել է քո առանձնահատկությունից ու մահացել է, չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ մարդու երեսին այդ մասին ասելը, դրա համար մինչ օրս հիշում եմ այդ միջադեպը:

Քո պատմությանը ծանոթացանք «Միսս Աշխարհ»-ի շրջանակում. ինչպե՞ս որոշեցիր այն ներկայացնել հանրային նման հարթակից. ի՞նչ-որ մեկն ուղղորդեց, թե՞ հենց քո որոշումն էր:

Դրա մասին խոսելը եղել է բացառապես իմ որոշումը, անգամ մայրս չգիտեր, որ ես այդ թեմայով խոսելու եմ: Երբ Անգլիայում էի եւ հրապարակեցի այդ հոլովակը, այդ ժամանակ միայն հարազատներիցս շատերը, որոնք, նույնիսկ, չգիտեին, որ ես ունեմ վիտիլիգո, այդ հոլովակից հետո իմացան: Միտքը ծագեց նրանից, որ ես գիտեմ «Միսս Աշխարհ»-ի հորդորն ինչումն է: Այդպիսի մրցույթները միայն գեղեցիկ, սլացիկ կազմվածքով աղջիկների մասին չեն, այնտեղ դու պետք է նաեւ ունենաս ասելիք ու գաղափարախոսություն, եւ քանի որ ես իմ օրինակով գիտեի՝ որքան դժվար է, լինելով յուրահատուկ խուսափել որոշ հարցադրումներից, բացի այդ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վիտիլիգո ունեցող շատ աղջիկներ կարծում են, թե իրենք գեղեցիկ չեն, ցանկանում էի ցույց տալ նրանց, որ ես այստեղ եմ, ես հաղթել եմ իմ երկրում ազգային մրցույթն ու հասել այստեղ, նույն բեմում կանգնած եմ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկների կողքին՝ հավասարը հավասարի հետ:

Քո սեփական ընկալումները փոխվեցի՞ն պատմությունդ ներկայացնելուց հետո: Նկատե՞լ ես ինքնավստահության աճ:

Իհարկե, փոխվեցին: Ես շատ էի վախենում մարդկանց արձագանքից, երբ հաղթեցի ազգային մրցույթում: Մի քանի օր փորձում էի նորություններին չհետեւել, որպեսզի չտեսնեմ, թե ինչ են գրում մարդիկ, բայց մի օր ընկերներս անձնական նամակով ուղարկեցին սքրինշոթեր, որտեղ միայն դրական մեկնաբանություններ էին: Նույնը եղավ նաեւ «Միսս Աշխարհ» մրցույթում իմ հարցազրույցից հետո: Փորձերից հետո Լոնդոնում վախենալով բացեցի սոցիալական ցանցի իմ էջը, ու զարմացա այդքան դրական մեկնաբանություններ տեսնելով: Եվ ես զգացի, որ սրա կարիքն իրոք կար, ու դա ինձ մոտիվացրեց, որ կանգ չառնեմ ու այդ ուղղությամբ էլ շարունակեմ իմ ճանապարհը: Անցած տարի ընկերներիս հետ որոշեցինք հիմնել փոքրիկ բիզնես՝ նվերների համար փոքրի խանութ-սրահ, որի անվան ընտրության հետ կապված շատ մտքեր կային, բայց քանի որ դա առաջին բիզնեսն էր, ուզում էի, որ այն ինձ հետ կապ ունենար, իսկ նշանաբանը դրեցինք «Գո վիթիլի», ինչը վիտիլիգոյի շրջված տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն գաղափարը, որը ես սկսել եմ «Միսս Աշխարհ»-ում, տարածելու եմ նաեւ այս հարթակում:

Լիանա, կցանկանայի, որ խոսեինք նաեւ մայրիկիդ հետ հարաբերություններիդ մասին. ո՞րն է նրանից ստացածդ ամենակարեւոր խորհուրդը:

Կդժվարանամ մտաբերել միայն մեկ խորհուրդ, որն ամենակարեւորն է եղել, բայց մի բան կարող եմ վստահ ասել՝ շնորհակալ եմ այն դաստիարակության համար, որը ես ստացել եմ, եւ վստահ կարող եմ ասել, որ գեղեցկուհու տիտղոսը ես նվաճել եմ ոչ թե իմ բարձր հասակի, սլացիկ ոտքերի եւ գեղեցիկ դիմագծերի, այլ այն դաստիարակության, շնորհքի ու տաղանդի համար, որոնք ես ունեմ, իսկ դա ես ունեմ իմ մայրիկի՝ տարիների աշխատանքի շնորհիվ:

Արտաքին տվյալներդ ումի՞ց ես ժառանգել:

Իրականում ես շատ նման եմ հորս, բայց մինչեւ նրա լուսանկարները տեսնելը, բոլորն ասում են, որ ես մայրիկիս եմ շատ նման, չնայած՝ ես կարծում եմ՝ մայրիկս եւ հայրիկս արտաքնապես նման են (ծիծաղում է): Ամեն դեպքում, ինչպես նշեցի՝ գեղեցկուհի դառնալու համար միայն արտաքին տվյալները շատ ու շատ քիչ են:

Ինքդ բնական գեղեցկուհի ես. ինչպե՞ս ես վերաբերվում պլաստիկ միջամտություններին:

Ես՝ ինքս, կողմ եմ պլաստիկ միջամտություններին, որովհետեւ, միգուցե, մարդն իրեն այդպես ավելի լիարժեք է զգում: Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Երբեւէ արտաքինումդ ինչ-որ բան փոխելու ցանկություն ունեցե՞լ ես:

Երեւի՝ ամեն ամիս ես այդ խնդրին բախվում եմ (ծիծաղում է): Ինչ-որ անհաջող լուսանկարի արդյունքում կարող եմ բարդութավորվել՝ մտածելով, թե դեմքիս կամ մարմնիս ինչ-որ հատվածը գեղեցիկ չէ եւ այլն, ու որոշեմ, որ դա պետք է շտկեմ, բայց մեկ շաբաթ հետո կարող եմ մոռանալ դրա մասին: Դրանք փոքրիկ, ոչ լուրջ պահեր են, եւ այն գիտակցությամբ, որ ես այսօր ապրում եմ, չեմ դիմի ոչ մի պլաստիկ միջամտության:

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» կարգախոսն, ըստ երեւույթին, վերաբերում է նաեւ գեղեցկուհիների ծավալած գործունեությանը. դու քո վիտիլիգոյի պատմությամբ արդեն ոգեշնչել ես շատերին, փոխել նրանց մտածելակերպն ու կյանքի որակը: Էլ ո՞րն ես համարում քո առաքելությունը` որպես «Միսս Աշխարհ Արմենիա» տիտղոսակիր գեղեցկուհի:

Գեղեցկությունը, միանշանակ, կփրկի աշխարհը, միայն, թե պետք է ճիշտ հասկանալ այդ առաքելությունը: Բացի վիտիլիգոյի մասին խոսելուց՝ ես ունեմ եւս մեկ շատ մեծ առաքելություն, որը որոշել եմ անպայման իրագործել: Խոսքը լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար մասնագիտական կրթություն աահովելն է՝ նրանց համար քոլեջ բացելը: Այս պահին իմ գերնպատակն այդ միտքն է, ու ամեն ինչ կապված է դրա հետ, ինչը փորձում եմ փոքր-փոքր քայլերով իրագործել ու վստահ եմ, որ կստացվի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Recnac-Photography


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության