MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Հայկական երգարվեստի պատկերն ինձ մոտ վաղուց աղավաղված է». Անի Քրիստին՝ պասիվության պատճառի, ամերիկյան ֆիլմերում աշխատանքային փորձի ու «Սեւ Կատու լինելու» դժվարության մասին

12:31, 16 ապրիլի

Երգչուհի Անի Քրիստին վերջին շրջանում ամենաակտիվ գործունեություն ծավալող արտիստներից չէ, սակայն նրա ցանկացած նորություն ու ներկայություն միշտ մեծ սպասումով ու ջերմությամբ է ընդունվում երաժշտասերների կողմից: Ասվածի վառ ապացույցն են «Դիմակահանդես»-ում նրա մասնակցությունն ու եզրափակչում հայտնվելը եւ «Իմ լռություն» տեսահոլովակի շուրջ դրական արձագանքները:

NEWS.am STYLE-ի հետ նոր հարցազրույցում Անին պատմել է՝ ինչու է նոր երգերի փոխարեն որոշել նորովի մատուցել հին ու արդեն սիրված ստեղծագործությունները, բացատրել պասիվության պատճառն ու նոր մասնագիտություն ընտրելու որոշոմը, խոսել «Դիմակահանդես»-ում իր մասնակցության, դժվարության ու հաղթահարած ֆոբիայի մասին, ինչպես նաեւ կիսվել ներկայիս հայկական երգարվեստի վերաբերյալ իր կարծիքով:

NEW Color-8064.jpg (5.02 MB)

Անի, տեւական լռությունից հետո քո լսարանի եւ, առհասարակ, հայ հեռուստադիտողի համար, կարծում եմ, մեծ անակնկալ էր քեզ «Դիմակահանդես» նախագծում տեսնելը: Հե՞շտ համաձայնեցիր մասնակցել նախագծին, ու արդյոք հենց «Դիմակահանդե՞սը» քեզ այդ շրջանում բերեց Հայաստան:

Ինձ համար էլ էր անկնկալ «Դիմակահանդես» նախագիծը, քանի որ ես ծանոթ չէի դրան նախկինում: Այո, Ինձ հրավիրեցին մասնակցելու նախագծին, իսկ ինձ համար կարեւոր է, որ վստահեմ նրան, ում հետ պետք է աշխատեմ, ու քանի որ նախագիծն անում էր Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռեժիսորն իմ շատ սիրելի Արթուր Մանուկյանն էր, ես այդ շրջանում հենց նախագծի համար եկա Հայաստան՝ Առաջին ալիքի հրավերով:

Որքան էլ հեռուստադիտողը ծանոթ էր քո գործունեությանը, կարծում եմ` նրանց համար էլ Կատվի դիմակի ներքո դու բացահայտում դարձար. իսկ ինքդ քեզ նորովի բացահայտեցի՞ր:

Ես մի բան եմ հասկացել՝ որ արտիստը պետք է լինի շատ ճկուն: Ժամանակին մենք սովոր էինք, օրինակ, Ալլա Պուգաչովային լսել լուրջ երգերով, ու երբ նա սկսեց Գալկինի հետ ավելի թեթեւ երգեր երգել, ես այն ժամանակ փոքրիկ երգչուհի էի, մտածում էի՝ տեսնես ինչո՞ւ է այս թեթեւ երգերը երգում... Տարիներ անցան, ու ես հասկացա, որ երգարվեստում պետք է ճկուն լինել, նույն տեղում դոփելը ոչ քեզ է հետաքրքիր, ոչ քեզ ունկնդրողին: Սերունդը փոխվում է, ու եթե անգամ չես փոխում քո ոճը, պետք է ինչ-որ փոփոխություն մտցնես դրա մեջ: «Դիմակահանդես»-ն ինձ համար շատ լավ փորձ էր, քանի որ, այո, շատ հարցերում ինքս էլ կարողացա ինձ բացահայտել: Կային երգեր, որոնք ես երկու ժամում էի սովորել մինչ ձայնագրման ստուդիա մտնելս: Դրանցից էր, օրինակ, Ադելի "Easy on Me"-ն, որը կատարեցի վերջին փուլում: Մեկ կամ երկու անգամ էի լսել երգը մինչ ձայնագրվելը, ու այդ տեսանկյունից դա ինձ համար մարտահրավեր էր: Ես հասկացա նաեւ, որ չնայած տեւական դադարին՝ բեմական գործունեության առումով ընդհանրապես ոչինչ չեմ մոռացել: Ինձ համար կար մեկ խնդիր՝ երկար ժամանակ մնալ դիմակի ներքո, քանի որ, ինչպես պարզեցի, ես փակ տարածություններից ֆոբիա ունեմ, եւ դրա արդյունքում ինձ մոտ ճնշման տատանումներ սկսվեցին: Ամեն փուլից հետո, երբ ինձ լավ չէի զգում, երազում էի, որ հանդիսատեսը կամ ժյուրին ինձ, գոնե, այդ փուլից դուրս թողնեին (ծիծաղում է): Բայց հաճելիորեն ձայներն այնպես դասավորվեցին, որ ես հասա եզրափակիչ փուլ:

NEW Color-8061.jpg (6.75 MB)

Անի, արդյոք, նախագիծը գայթակղություն չդարձա՞վ ոլորտում կրկին ավելի ակտիվ գործունեություն ծավալելու:

Իհարկե, նմանատիպ շոուները, հին ընկերներիդ տեսնելը, այդ բեմին ելույթ ունենալը, որտեղ դու բազում համերգներ ես ունեցել, ծավալել ես գործունեություն... այդ ամենը քեզ տալիս է  գայթակղություն, բայց ես այդ ամենի հետ մեկտեղ նաեւ ռեալիստ եմ. չեմ կարող չբախվել իրականության հետ: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում, երբ կորոնավիրուսը եկավ մեր առօրյա, շատ բաներ փոխեց, պատերազմն էլ իր հերթին իր ազդեցությունն ունեցավ, համենայն դեպս, ինձ վրա: Կապ չունի՝ որտեղ ես դու՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս, սպին մնում է: Ես զգում եմ, որ դա ինձ խանգարում է՝ չես կարողանում ինչ-որ բան անել, ձայնագրվել, երգ գրել... Դա խանգարում է ստեղծագործող մարդուն: Կյանքը շատ է բարդացել, կամ մենք ենք հասունացել: Ժամանակին այսքան չէի մտորում շատ հարցերի շուրջ, ինչպես հիմա: Ոգեւորվածություն երբեմն լինում է, բայց այն կարճատեւ է. եթե պահը բաց թողեցիր, անցնում է:

NEW Color-8063.jpg (7.89 MB)

Քո վերջին տեսահոլովակը Youtube-ում տեղադրվել է 5 ամիս առաջ, մինչ այդ երկար ժամանակ երաժշտական նորությամբ չէիր ներկայացել. շատերը, միգուցե, պասիվությունդ կապեն ԱՄՆ-ում ապրելու ու այնտեղ գործունեություն ծավալելու հետ. իրականում արդյոք հեռավորությո՞ւնն է քեզ հեռու պահում հայկական շոու-բիզնեսից, թե՞ որոշակի հիասթափություն կա ոլորտից:

Ես, իրականում, երբեք շատ ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող երգչուհի չեմ եղել: Ինձ երբեմն պետք են դադարներ, որպեսզի կարողանամ ինքս ինձ գտնել ու ինչ-որ մի բան փորձել տալ հանդիսատեսին: Գուցե, եթե ես լինեի Երեւանում, կլինեի զարկերակի վրա, կմասնակցեի տարբեր համերգների, ինչպես անում են շատերը, բայց քանի որ ապրում եմ մեկ այլ քաղաքակրթության մեջ, այստեղի շարժն ու ռիթմն այլ են: Ես ապրում եմ այստեղի ռիթմի համաձայն: Եթե ես լինեի Հայաստանում, ինչ-որ մեկին տեսնելու համար կարող էի շատ արագ դա անել, իսկ այստեղ ժամեր են տեւում այդպիսի գործողությունները: Սա, ուղղակի, հոգնեցնում է: Այստեղ օրդ շուտ է անցնում, լարվածությունը շատ է, ու երբ տեսնում ես, որ պատճառ էլ չկա ակտիվ լինելու, ցավոք, ներշնչանք էլ չկա, արդեն անկախ քեզանից՝ պասիվանում ես: Ինչ վերաբերում է հիասթափությանը՝ ես հասկացել եմ, որ, առհասարակ, ոչ մի բանից պետք չէ հիասթափվել, որովհետեւ ժամանակահատվածն այլ է, մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր լսարանը՝ նույնիսկ ամենավատ երաժշտություն ներկայացնողները, ու ես հասկացել եմ նաեւ, որ ոչինչ չես կարող անել: Երբ համացանցը մտավ մեր առօրյա, մենք ունեցանք ընտրության հնարավորություն, եւ եթե ժամանակին մեկ-երկու հաստատություն կարող էին թելադրել, թե ինչպիսի երաժշտություն պետք է հնչեր քաղաքում, հիմա դա չես կարող անել: Անգամ բարկանալ պետք չէ, պարզապես, պետք է հավաքվես ու անես այն, ինչը համարում ես ճիշտ, ու այն մարդիկ, ովքեր կկիսեն քո ճաշակը, կշարունակեն հետեւել քեզ: Կարծում եմ՝ դա է ամենաճիշտ տարբերակը:

NEW-8032.jpg (3.53 MB)

Իսկ, առհասարակ, ի՞նչ կարծիք ունես այսօրվա հայկական երգարվեստի մասին: Որքանո՞վ ես քեզ այսօր դրա մի մասնիկը պատկերացնում:

Ես կցանկանայի իմանալ՝ որն է հայկական երգարվեստը, քանի որ, ցավոք սրտի, ինձ մոտ շատ վաղուց այդ պատկերն աղավաղված է: Ինչպես նշեցի՝ հիմա ամեն ինչ ընտրության մասին է. յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչ իրեն հոգեհարազատ է: Բացարձակ կարծիք չունեմ դրա մասին, ես համարում եմ, որ յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ ճիշտ է գտնում, պարզապես, կուզեի, որ դա անելուց նաեւ մտածեր որակի մասին, որովետեւ պետք է հասկանալ, որ քո արածը հավերժ մնալու է տարբեր հարթակներում, անգամ եթե փորձես ջնջել դա կամ վերացնել, կան մարդիկ, որոնք դա ներբեռնում են ու պահպանում: Ինձ մոտ էլ կան երգեր, որ եթե հիմա ընտրեի, չէի երգի... Սակայն մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ երիտասարդ սերունդը հիմա բավական ճաշակով բաներ է ներկայացնում, ինչը ոգեւորում է:

NEW-8035.jpg (3.78 MB)

Անի, մոտ երկու տարի առաջ պատմել էիր նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին. խոսքը գրիմին ու հատուկ էֆեկտներին է վերաբերում: Արդյոք այդ գիտելիքն էլ ձեռք բերեցի՞ր, ու որքանո՞վ ես այսօր այդ հմտությունը կիրառում գործի մեջ կամ, առհասարակ, կյանքում:

Բնականաբար, այն, ինչ սովորել եմ, ինձ պետք է եկել թե´ առօրյայում, թե´ տեսահոլովակների շուրջ աշխատելիս, նաեւ հնարավորություն եմ ունեցել աշխատելու մի շարք ամերիկյան ֆիլմերում: Իրականում, քովիդը բոլորիս շատ խանգարեց այդ առումով, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցրի գործունեությունս, բայց վստահ եմ՝ կվերադառնամ, քանի որ ամերիկյան ֆիլմերում աշխատելը լրիվ այլ մթնոլոտ ու զգացողություն է:

Դիմահարդարումը, գրիմը քեզ վաղո՞ւց է հետաքրքրել: Քո դիմահարդարումն, օրինակ, ինքնուրո՞ւյն ես արել շոուների, համերգների համար:

Իհարկե, ժամանակին, երբ նոր էինք սկսել, բոլորս էլ ինքնուրույն էինք դիմահարդարվում, հետո տարածում գտավ այն, որ ամեն արտիստ պետք է իր դիմահարդարին ու վարսահարդարին ունենար: Կարծում եմ, մեզանից շատերը տիրապետում են լավ գրիմի արվեստին, որովհետեւ պրոֆեսիոնալ մարդիկ գիտեն իրենց դիմագծերը, այն, թե ինչ դիմահարդարում ու սանրվածք է իրենց հարմար: Եթե, օրինակ, դիտեք Սելին Դիոնի շրջագայության ժամանակ իր մասին ֆիլմը, կնկատեք, որ, նույնիսկ, նա ինքնուրույն դիմահարդարվում է ու հարդարում իր մազերը ելույթից առաջ. ամեն ինչի մեջ կա բնականություն, ու այդպիսի մարդկանց ես շատ եմ սիրում: Կարծում եմ, առհասարակ, արհեստականությունը, վերջին շրջանում շատացել է, ինչը ոչ մի լավ բանի չի տանում: Բայց նաեւ մի լավ բան եմ նկատում, որ դիմահարդարման ու հագուստի նորաձեւության մեջ թրենդները ուղղվում են դեպի բնականությունն ու մեղմությունը, ու հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի: Վերադառնալով հարցի սկզբին՝ իհարկե, եղել են դիմահարդարներ ու վարսահարդարներ, որոնց հետ շատ անգամներ աշխատել եմ, բայց հիմա ինքս եմ անում իմ make up-ը, ինչը ոչ թե այստեղ սովորելուս արդյունքն է, այլ, ուղղակի, ինձ բնականությունն ավելի է դուր գալիս, քան ծանրությունը, ու կարծում եմ՝ ինձ էլ այդպես ավելի է սազում:

NEW-8036.jpg (5.05 MB)

Կա՞ մի ֆիլմ, որի գրիմը քեզ ոգեշնչել է տվյալ մասնագիտության ընտրության հարցում:

Մանկության շրջանիս ֆիլմերից շատերը՝ «Տուտսին», «Միսիս Դաութֆայերը» եւ այլն... Կարծում եմ՝ յուրաքանչյուրս էլ փոքր տարիքում հետաքրքրությամբ ենք դիտել այդ ֆիլմերը՝ մտածելով՝ տեսնես ինչպե՞ս են ստեղծվել այդ կերպարները: Իսկ հետո, երբ գնում ես դպրոց, շատ հետաքրքիր բացահայտումներ ես անում այդ թեմաներով: Առհասարակ, հոլիվուդյան ֆիլմերը բավական ոգեշնչող են:

Ինչպիսի՞ն է քո առօրյան ԱՄՆ-ում: Ի՞նչ գործունեություն ես այնտեղ ծավալում:

ԱՄՆ-ում, ժամանակ առ ժամանակ, երգեր եմ ձայնագրում, ելույթներ ունենում եւ այլն, սակայն չեմ կարող ստել՝ այս շրջանում ինձ մոտ փոքր-ինչ պասիվ շրջան է: Ծրագրեր ունեմ հետագայում Հայաստանում համերգ կազմակերպելու, որի շուրջ մի փոքր ավելի ուշ կխոսեմ, քանի որ մինչ այդ այլ ծրագրեր էլ ունեմ իրագործելու:

NEW-8042.jpg (3.18 MB)

Քո վերջին տեսահոլովակն արդեն հայտնի երգերիցդ մեկի` «Իմ լռություն»-ի հիման վրա էր: Առաջիկայում կլինե՞ն նոր աշխատանքներ, հնարավո՞ր է կյանքի կոչվի եւս մեկ սիրված հիթ` տեսահոլովակի տեսքով:

Այդ երգը չուներ տեսահոլովակ, բայց նկատել էի, որ այն մեր ոլորտի ներկայացուցիչներից շատերի կողմից սիրված էր, հետո հասկացա, որ նաեւ հանդիսատեսն է այն սիրել, ու այդպես որոշեցինք տեսահոլովակով ներկայացնել: Մտքեր կան, որ, օրինակ, «Քեզ»-ը, «Նորից»-ը նորովի ներկայացնեմ: Ճիշտ է՝ գուցե առաջին հայացքից աբսուրդային թվա, որ նոր երգերի փոխարեն անցում ես կատարում հներին, բայց հիմա, կարծում եմ, լավ երգերի պակաս կա, դրա համար վերադառնում եմ հներին, դրանք այլ կերպ եմ զգում ու ուզում նորովի ներկայացնել: Եթե լինեն նոր ստեղծագործություններ, որոնք համարեմ, որ արժանի են ներկայացվելուն, հներին չեմ անդրադառնա:

Որքա՞ն հաճախ ես լինում Հայաստանում:

Չեմ կարող ասել, որ ամեն տարի լինում եմ Հայաստանում, բայց հրավերներ կան, պարզապես, ծանր ու թեթեւ եմ անում, փորձում համատեղել այստեղի իմ գործունեության հետ: Հիմա էլ, անկեղծ ասած, ունեմ հրավեր, բայց դեռ պետք է որոշակի ճշգրտություն մտցնեմ այստեղի գործերիս հետ կապված, եթե ամեն բան ստացվի, կարծում եմ՝ ամռանը կրկին կլինեմ Հայաստանում՝ այլ նախագծի շրջանակում:

NEW-8043.jpg (3.01 MB)

NEW-8045.jpg (2.45 MB)

NEW-8050.jpg (2.38 MB)

NEW-8048.jpg (3.05 MB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել