Երաժիշտ եւ վլոգեր Լիլի Առաքելյանը, որն առավել հայտնի է Yellowheart անվամբ, կարճ ժամանակում ճանաչվեց իր՝ յուրահատուկ ճաշակը ներկայացնող երգերի շնորհիվ։ «Մետրո», «Ո՞ւր տարաք», «Մենք», «Էլի ես ու դու»՝ Լիլիի երգացանկն առայժմ առատ չէ, բայց այն երգերը, որոնք թողարկել է, YouTube-ում գրանցել են միլիոնավոր ու հարյուր հազարավոր դիտումներ, եւ TikTok-ի «ռեք»-ի անբաժան մասն են այսօր։ «Դեղին սրտով» աղջիկը հասցրել է ներթափանցել շատերի սրտերը եւ բազմիցս անվանվել «հայկական երգարվեստի հույսերից մեկը»։
NEWS.am STYLE-ը Լիլիի հետ խոսել է գլխապտույտ հաջողության ու դրա գաղտնիքի մասին։
«Կարծում եմ, որ ծնվել եմ ստեղծագործելու համար։ Եթե երաժշտությունը չլիներ, լինելու էր նկարահանելը, կամ գրելը, բայց ստեղծագործելն ինձնից անբաժան է»,-պատմում է նա։
Վլոգեր-երաժիշտը, որը TikTok-ում՝ սեփական երաժշտական կոնտենտը ստեղծած առաջին հայ օգտատերերից է, երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից․ ասում է՝ բոլոր քույրերն ու եղբայրները հաճախում էին դաշնամուրի, ինքն էլ որոշել է «հետ չմնալ»․
«Սկսել էի պարապել, նույնիսկ, ուզում էի դաշնակարուհի դառնալ, բայց շատ շուտ հոգնեցի (ծիծաղում է)։ Ավելի ուշ՝ 12 տարեկանում, սկսեցի հաճախել կիթառի։ Եղբորս կիթառ էին նվիրել, չէր հասցրել սովորել, ես էլ առիթից օգտվելով որոշեցի փորձել, որովհետեւ փոքրուց կիթառը հետաքրքիր էր ինձ։ Փոքր տարիքումս արված շատ լուսանկարներ ու հոլովակներ կան, որտեղ խաղալիք կիթառով եմ (ժպտում է)։ Մեկ տարի երաժշտական դպրոց հաճախելուց հետո որոշեցի ավելի լուրջ զբաղվել դրանով, ու սկսեցի դասական կիթառի անհատական պարապմունքների հաճախել։ Ավելի ուշ ընդունվեցի երաժշտական քոլեջ՝ շարունակելով անհատական պարապմունքներս։ Այդ ժամանակ նպատակս դասական կիթառահար դառնալն էր, նույնիսկ մրցույթներ եմ հաղթել՝ որպես դասական երաժիշտ, բայց ինչ-որ ժամանակ անց հասկացա, որ քառակուսի՝ «գործ սովորել-նվագելն» իմը չէ, ու սկսեցի ինքնուրույն սովորել ակուստիկ կիթառ նվագել, երգել։
Հրաժարվեցի դասականից ու խորացա փոփի, ջազի մեջ։ Մի շրջան էլ ջազ կիթառ էի սովորում, բայց որքան մեծացա, այնքան սկսեցի տարբերել՝ ինչն է ինձ իրոք դուր գալիս, ինչն է իմը, ոչ թե ինչ եմ ես ուզում լավ անել։ Աշխարհում բոլորն էլ ուզում են ամեն ինչում լավագույնը լինել, բայց պետք է, նախ, հասկանալ, թե ինչն է ամեն օր ստիպում, որ զարթնես ու ապրես։ Իմ դեպքում դա երգ գրելն է, նվագելը, ու ամենակարեւորը՝ ազատ լինելն այդ երկուսի մեջ։ Այդպես սկսեցի երգեր գրել։ Հիշում եմ այն պահը, երբ առաջին անգամ՝ մոտ 13-14 տարեկանում, իմ գրած երգն ինձ դուր եկավ, ու հասկացա, որ ստացվում է (ժպտում է)։ Վերջերս էլ սկսել եմ գործիքավորում սովորել, սկզբում ինքնուրույն, իսկ հիմա՝ Լոս Անջելեսի երաժշտական քոլեջում»։
Yellowheart մականունը, որի ներքո իր երգերը թողարկում է Լիլին, եղբոր «թեթեւ ձեռքով» է ընտրվել։
«Դեղինի ու լույսի հետ ինձ միշտ են ասոցացրել, իսկ եղբայրս ինչ-որ պահից սկսած սոցցանցերում մեր նկարների տակ սկսեց օգտագործել #yellowheart հեշթեգը։ Այդտեղից էլ ինչ-որ ժամանակ հետո վերցրի անունը, ու հասկացա, որ ավելի ճիշտ բեմական անուն չկա ինձ համար»,-պատմում է Լիլին՝ հավելելով, որ եղբոր ազդեցությունն իր երաժշտական ճաշակի ու, առհասարակ, կյանքի վրա մեծ է, ինչով էլ իր համար խորհրդանշական է դարձել Yellowheart լինելը։
Լիլիին անչափ ոգեւորում է TikTok-ում գրանցած հաջողությունը․ նշում է, որ կարեւորում է յուրաքանչյուրի աջակցությունն ու ուրախանում, երբ իր երգերի ներքո տեսանյութեր են հրապարակում։
Հավատը, աշխատասիրությունը եւ ներքին մոտիվացիան՝ այս երեք գործոնն են Լիլիի կարծիքով իր հաջողության գրավականները, իսկ երգերում ընտրված պատմությունները եթե ոչ իր, ապա՝ հարազատ մարդկանց եւ, երբեմբ, անծանոթների ապրումներն են։ «Ո՞ւր տարաք» երգն ամենաէմոցիոնալներից է․ այն պատերազմի ու դրա ցավալի հետեւանքի մասին է․
«Ինձ շատ հարազատ մարդկանց ու նաեւ անծանոթների ապրումներն եմ փորձել պատկերացնել։ Շատ պատահաբար եմ սկսել այս երգը գրել․ այդ ժամանակ ԱՄՆ-ում էի, ու, երեւի, հայրենիքի կարոտից էր։ Գրել էի, որ փոքր երեխա երգի, բայց չգտա մեկին, ով իմ պատկերացմամբ կկատարեր այն, ու որոշեցի ինքս երգել։ Կարծում եմ, որ սխալ չի եղել որոշումս»։
Երաժշտությունն ու վլոգինգը Լիլիի առօրյայի անբաժան մասն են դարձել․ շուտով Yellowheart-ը կներկայանա նորությամբ, որն իր խոսքով՝ անսովոր բան է լինելու․
«Մյուս գործը համագործակցություն է լինելու մի հայ արտիստի հետ, ում հետ Լոս Անջելեսում եմ ծանոթացել։ Հանդիպել ենք ստուդիայում ու մոտ հինգ ժամ հետո երգը վերջացրել ենք։ Երգը հայերեն-անգլերեն է լինելու. ընդհանրապես ինձ համար շատ-շատ դժվար է անել մի բան, որը լիովին ինձնից կախված չէ։ Իմ բոլոր երգերի ու տեսահոլովակների պրոցեսը ես եմ միայն կառավարել, իսկ այսպիսի դուետի ժամանակ դա մի քիչ բարդ է ստացվում (ծիծաղում է), բայց շատ հետաքրքիր է, ինքս ինձ բացահայտում եմ՝ որպես արտիստի։ Ուրիշների հետ աշխատելիս ինքդ քո մասին շատ բան ես բացահայտում։ Ես «գործի մեջ» միշտ շատ խիստ ու բծախնդիր եմ եղել, ինձ հետ ով աշխատում է, հասկանում է, որ ինձնից բծախնդիր ու նրբանկատ մարդ, երեւի, չկա»։
Լիլին հուսով է՝ ինչպես նախորդները՝ նոր երգն էլ կսիրվի, չնայած, որ այն, ինչպես ինքն է ասում, մի քիչ «փախած» պատկերացում ունի․
«Նոր երգն իմ առաջիկա ալբոմի ոճից շատ է տարբերվում, բայց էքսպերիմենտը միշտ լավ է, առանց դրա մի քիչ ձանձրալի կլինի։ TikTok-ում արդեն սիրվել է այն փոքրիկ հատվածը, որը տեղադրել եմ, հիմա մարդիկ սպասում են ամբողջականին, ես էլ անհամբեր սպասում եմ, որ այն հանձնեմ իրենց։ Հետաքրքիր մի բան էլ ասեմ. ինձ մոտ միշտ շատ դժվար է ստացվում ամեն ինչ, միշտ խնդիրներ են լինում, ու այս երգի տեսահոլովակի համար էլ, որը նկարել ենք ԱՄՆ-ի անտառներից մեկում, շատ դժվարությունների միջով ենք անցել՝ եղանակային հարցերից մինչեւ ոստիկանություն (ծիծաղում է)։ Մանրամասները կպատմեմ պրեմիերայից հետո՝ իմ ինստագրամյան էջում»։
Երաժշտությամբ զբաղվել ցանկացող սկսնակներին Լիլին հորդորում է, որ հասկանան ամենակարեւորը՝ անհնարին ոչինչ չկա․
«Ոչ մեկին մի լսեք, արեք այն, ինչ սիրում եք, ու ամենաանկեղծ սիրով ու հոգատարությամբ վերաբերվեք ձեր ստեղծածին։ Անհնար բան էլ չկա, չհավատաք ձեզ կոտրողներին՝ ով ուզում է լինի։ Շատ աշխատեք, անկեղծ եղեք ինքներդ ձեզ ու աշխարհի հետ, ու ամեն ինչ լավ կստացվի»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 3 հոկտեմբերի
«Մաքրենք մեր միտքը վատից, մտածենք միայն լուսավորի ու գեղեցիկի մասին, ու հենց դա կգա դեպի մեզ». Էվա Խաչատրյան20:15, 3 հոկտեմբերի
Balenciaga-ի շուրջ սկանդալից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ նկարահանվել է բրենդի արշավում19:17, 3 հոկտեմբերի
«Փողով, իսկապես, ամեն ինչ կարելի է գնել»․ Գեւ Օրկյանը՝ ՄԱԿ-ի՝ Արցախ կատարած այցի ու գնահատականի մասին17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)