Արվեստի մարդիկ հայրենիքի համար ծանր ժամանակներում պետք է գնան անժամկետ արձակուրդի՞, մինչեւ գան «լավ ժամանակներ», թե՞ հակառակը՝ աշխատեն, ստեղծագործեն կրկնապատկված էներգիայով։ Արդիակա՞ն է արդյոք մշակութային մոբիլիզացման գաղափարը։ Այսօր՝ սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թեմայի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, «High fest» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը եւ դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը։
Հայ արվեստագետների խոսքով՝ մշակույթը հզոր գործիք է, որն, անկախ իրավիճակից, պետք է միշտ լինի առաջնագծի թիկունքում, իսկ երկում ստեղծված խնդիրների ընթացքում՝ աշխատի իրավիճակին համարժեք՝ աշխարհին պատմելով Հայաստանի ու հայերի պայքարի մասին։
«Ես համարում եմ, որ աշխարհում ինչ էլ լինի, մուսան երբեք չպիտի լռի։ Երկրի ու դրա ինքնորոշման ամենամեծ ցուցանիշը մշակույթն է։ Հանուն դրա մենք պետք է պայքարենք՝ յուրաքանչյուրն իր ոլորտում։ Մանավանդ այնպիսի ծանր իրավիճակում, ինչպիսին մեր երկրում է, պետք է մուսան ավելի շատ արթնանա, ակտիվանա, որովհետեւ մենք հիմա ապրում ենք մի այնպիսի աշխարհում, որտեղ ինչպես սոցիալական ցանցերի շնորհիվ են մարդիկ հասկացել կամ հասկանում, ոչ մի պարզություն ու անկեղծություն չկա։ Մենք՝ արտիստներս, ու շոու բիզնեսի ներկայացուցիչները հիմա պետք է շատ ակտիվանանք, որպեսզի աշխարհին փորձենք հասցնել եւ բացատրել, որ այստեղ էլ է բավական ծանր իրավիճակ։ Պետք է բոլորն ակտիվանան ու յուրաքանչյուր իրավիճակում աջակցեն մշակույթին»,-նշեց Նարեկ Հախնազարյանը՝ հիշելով նաեւ Չերչիլի օրինակը, որը, նույնիսկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չէր դադարել աջակցել Բրիտանիայի մշակույթին։ Երաժիշտը վստահ է, որ մշակույթի միջոցով մենք կարող ենք հասնել նաեւ աշխարհի ուշադրությանը։
Թշնամին փորձում է ջնջել հայկական պատմությունն ու մշակույթը, ինչն առավել փաստում է դրա պահպանման ու տարածման կարեւորությունը։ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ յուրաքանչյուր գործիչ իր կարողության սահմանում պետք է ծառայի հայկական մշակույթին․
«Մշակույթն է մարդում մարդ դարձնում, մշակույթը՝ կրթության միջոցով։ Թշնամիները չեն հանգստանա, քանի դեռ մենք կանք, այդպիսով՝ պետք է ստեղծվի մի օրակարգ, ծրագիր ու կոնկրետ ժամանակացույց, որի ընթացքում այն պետք է իրականացնել, մենք էլ կհասկանանք՝ ինչ պետք է անել․․․ Պետք է յուրաքանչյուրն անի այն, ինչի պատրաստ է, եւ կարծում է, որ իր գործունեությամբ կկարողանա ավելի շատ ծառայել իր երկրին»։
«High Fest»-ի նախագահը, սակայն, ընդգծեց, որ ինչ-որ բան չպետք է արվի, պարզապես, ցուցադրաբար,-«Ամենավատը կլինի այն, եթե դա արվի, ուղղակի, մի բան անելու, ցույց տալու համար։ Ես վախենում եմ այդ տեսակի մարդկանցից։ Իրականում նրանք վախենալու են»։
Հայկ Պետրոսյանն էլ նկատեց, որ մեր մշակույթն այսօր ունի գոյաբանական խնդիր, որոնք լուծելու համար պետք է մի շարք հարցեր առաջ բերել․
«Մենք այսօր ապրում ենք պետականության պահանման մի ժամանակաշրջանում, եւ նույն վիճակում նաեւ մեր մշակույթն է։ Ես տեսնում եմ, որ այս ահասարսուռ իրավիճակները իմ գործընկերներից շատերին, հասկանալի պատճառներով, հաճախ բերում են անգործության, քանի որ շատերը չեն հասկանում՝ ինչ անել, առավոտյան, նույնիսկ երբեմն ուժ չես գտնում վեր կենալու, բայց այդպես չի կարելի։ Ըստ իս՝ մշակույթն այսօր մի քանի կարեւոր նպատակ պետք է իր առաջ դնի․ նախ՝ պետք է պահպանել այն, ինչ արդեն կա։ Մշակույթը մարդկանց շատ մոտ է, եւ արվեստի մարդիկ կարող են ժողովրդին հույս ու հավատ փոխանցել, ոգերորել մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ շատ կոտրված են։ Մշակույթը պետք է գործի, բայց, ըստ իս, ճիշտ կլինի, որ գործի այսօրվա իրավիճակի տրամաբանության մեջ։ Այն նաեւ կարող է աջակցել զինվորին․ կարող են կազմակերպվել համերգներ, որոնց բյուջեի մի մասը կուղղվի տարբեր խնդիրների լուծման։ Մշակույթը նաեւ մեր ինքնությունն է, ու սա առաջին հերթին կյանքի պայքար է, քանի որ զինվորը, նախ եւ առաջ, կյանք է պաշտպանում․․․Կյանքը՝ այս հողի վրա»։
Կարեն Ավետիսյանը կարծում է, որ կարեւոր են նաեւ որոշ գաղափարների վերաիմաստավորումները․
«Ընդհանրապես մենք պետք է տարբեր մտածելակերպերի վերափոխումներ կատարենք՝ թե ինչպես ենք մենք վերաբերվում այս կամ այն հարցին։ Մեզ համար, օրինակ, վերաիմաստավորված չէ այն տեսակետը, որ Կոմիտասն ավելի շատ կյանքի մասին է, ոչ թե մահվան։ Այս բոլոր տարիների ընթացքում այնքան շատ է Կոմիտասը մատուցվել այդ անհերքելի դժբախտության կոնտեքստում, որ իր գործունեությունը, կյանքը, մշակույթը, որն ուղղված էր կյանքին, կարծես ստվերել է իր մասին կարծրատիպը։ Մշակույթն ուղղված է կյանքին, բայց այսօր մենք շատ քիչ ենք մտածում կյանքի մասին։ Կարեւոր է, որ այն լինի մեր առօրյայի գոյաբանական մի մասը։ Դրա դերը կարեւոր է ոչ միայն այս շրջանում, այլեւ՝ միշտ։ Պետք է հասնենք նրան, որ ինչպես սահմաններին են զինվորները միշտ կանգնած, այնպես էլ թիկունքը անընդհանտ լինի։ Բայց ի տարբերություն առաջնագծի՝ մենք տիկունքի պահպանման հարցում ծուլանում ենք, ավելի շատ վախեր ենք ունենում, քան այնտեղ, որտեղ այդ վախերն ավելի արդարացված են»,-հավելեց նա։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ