Ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր Ոսկե մեդալով

16:04   5 դեկտեմբերի, 2023

Ֆրանսահայ  հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանն իր բարեգործական գործողության համար ֆրանսիական հեղինակավոր՝ LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC հաստատության կողմից  պարգեւատրվել է նոր Ոսկե մեդալով։ Այս կառույցը պարգեւատրում է հանրային գործունեություն ծավալող մարդկանց, որոնց թվում են՝ Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը եւ այլք։

Պարգևատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն Էլբակյանի կատարած հաղթական Մարսելեզով։ 

Սա հայ տենորին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար․ առաջինը նա ստացել էր 2021 թվականին՝ Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։

d8ba128b-605e-44ad-b756-8662ef215723.jfif (190 KB)

Նա նաեւ 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել եւ Journal LUXURY հեղինակավոր ամսագրի կողմից դասվել աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին:

Իր շնորհակալական խոսքի ընթացքում Ռուբեն Էլբակյանն անվանակոչվածների եւ հյուրերի ուշադրությունը հրավիրել է  հայրենիքի՝ Հայաստանի ներկա իրականության վրա եւ  ցանկություն հայտնել բարեգործական համերգեվ ելույթ ունենալ Երեւանում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված բնակչությանը: 

8f55824c-0dbd-4ab6-9104-3ca702ef9ba3.jfif (85 KB)
 
Ռուբեն Էլբակյանը բազմիցս հրաւիրվել է Մարսելեզի եւ Հայաստանի օրհներգը կատարելու՝ Փարիզի Հաղթական կամարի ներքո.  նրա «Կոմիտաս» ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ LA FNAC-ի  "Coup de Cœur"  մրցանակին։ 



© NEWS.am STYLE