Սիրուշոն ներկայացրել է PreGomesh-ի առաջին մեծ հավաքածուն՝ տղամարդկանց համար (VIDEO)

19:27   13 դեկտեմբերի, 2023

PreGomesh-ը թողարկել է տղամարդկանց զարդերի առաջին մեծ հավաքածուն։ Արծաթյա զարդերի բրենդի հիմնադիր, երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում կիսվել է հավաքածուի մասին ազդարարող տեսանյութով, որում նկարահանվել է նաեւ ինքը։

«10 տարի առաջ ներկայացրեցինք կանանց հավաքածուն, որը փոխեց արծաթի ու ազգային զարդերի ընկալումն ու տարածվածությունը: Եթե առաջ հազվադեպ էին հայկական մոտիվներով զարդեր կրում երիտասարդ աղջիկները, ապա հիմա այն արդեն մշակույթ գնահատող, ժամանակակից աղջկա ու կնոջ կերպարի կարեւոր մաս է»,-տեսանյութին կից գրել է երգչուհին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Նա հավելել է, որ հավաքածուն պատրաստելիս աշխատել են այն ուղղությամբ, որ «զարդերը ոչ միայն լինեն այն տղամարդկանց համար, ովքեր արդեն իսկ կրում են զարդեր, այլ նաեւ նրանց համար, ովքեր երբեք չեն կրել»։

«Կանանց համար մեր զարդերը դարձել են միջոց ցույց տալու այն, որ նրանք մասն ու շարունակությունն են հազարամյա մշակույթի, որ որքան էլ սփռվեն աշխարհով մեկ, կատարելագործվեն ու աճեն՝ իրենց հագուստի մեջ կա դետալ, որը ցույց է տալիս իրենց արժեքներն ու մշակութային հարստությունը։ Հուսով եմ, որ նույն զգացողությունը կունենան տղամարդիկ, ովքեր կրելու են այս զարդերը, եւ, որ այսուհետ ավելի շատ տղամարդկանց վրա կտեսնենք ուժ ու պատմություն խորհրդանշող այս նմուշները։ Այսօր հայկական զարդագործության մեջ բացում ենք ամբողջովին նոր էջ»,-նշել է Սիրուշոն։ 



© NEWS.am STYLE