Մարկ Ցուկերբերգը կարող է նախապատրաստվել «Ահեղ դատաստանին». նա ստորգետնյա բունկեր է կառուցում

21:06   15 դեկտեմբերի, 2023

Մարկ Ցուկերբերգը, հավանաբար պատրաստվում է Դատաստանի օրվան: Meta-ի գործադիր տնօրենը հսկայական համալիր է կառուցում Հավայան կղզիների Կաուայում, որը կներառի 5000 քառակուսի ոտնաչափ ստորգետնյա բունկեր եւ վթարային ելք: Այն կունենա սեփական էներգիան, ապահովված կլինի սննդով ու ջրով, գրում է Wired-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ցուկերբերգի Koolau Ranch կալվածքի շինարարության արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն դոլար: 

Համալիրը կունենա առնվազն 30 ննջասենյակ եւ 30 լոգարան, ինչպես նաեւ մոտ մեկ տասնյակ տներ՝ կառուցված ծառի վրա, որոնք միացված են պարաններով կամուրջներով, որպեսզի հյուրերը կարողանան շարժվել դրանց միջով՝ «մնալով ծառերի գագաթներին», հաղորդում է Wired-ը:

Նախատեսվում է կառուցել երկու առանձնատուն, որոնք միացված կլինեն թունելով, որը տանում է դեպի ստորգետնյա բունկեր։ Ըստ Wired-ի՝ Ցուկը նախատեսում է գրադարանում տեղադրել «կույր դռներ», որոնք կհամապատասխանեն պատերի արտաքին տեսքին:

Ցուկերբերգը առաջին տեխնոլոգիական «հսկան» չէ, որը պատրաստ է տուն կառուցել աշխարհի վերջի համար:

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ունի այնպիսի իրերի պաշար, ինչպիսիք են զենքերը, ոսկին, հակաբիոտիկները եւ հակագազերը:

Reddit-ի գործադիր տնօրեն Սթիվ Հաֆմանը գնել է մոտոցիկլետներ, ատրճանակներ եւ զինամթերք, որպեսզի պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում «որոշ ժամանակով տանը նստել», եւ, նույնիսկ, աչքի լազերային վիրահատություն է կատարել, քանի որ կարծում է, որ աղետի դեպքում դա կմեծացնի իր գոյատեւման հնարավորությունները:

LinkedIn-ի համահիմնադիր Ռիդ Հոֆմանը մի անգամ New Yorker ամսագրին ասել է, որ իր գնահատմամբ՝ Սիլիկոնային հովտի միլիարդատերերի կեսից ավելին ներդրումներ է կատարել «ապոկալիպսիսից պաշտպանվելու» որեւէ միջոցի մեջ:



© NEWS.am STYLE