Սիրով՝ ամեն ինչի մասին. Ռուսլան Սաղաբալյանի «Քաղաքի խենթը» գրքի շնորհանդեսը

20:40   15 դեկտեմբերի, 2023

Common & Ground-ում կայացավ Ռուսլան Սաղաբալյանի «Քաղաքի խենթը» նոր գրքի շնորհանդեսը։ Ահա թե ինչպես դա տեղի ունեցավ:

Հինգշաբթի, երևանյան մթնշաղ, ամանորի եռուզեռի նախօրեին անցնելով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողքով, հայտնվում եմ շրջանաձև սանդղավանդով բակում, աստիճաններն ինձ տանում են դեպի գրքերի սրահ, որ լի է մարդկանցով։ Շնորհանդեսին հավաքվել էին գրողի ընկերներն ու հարազատները, փոքր տարածքը հազիվ էր տեղավորել գրողի բոլոր երկրպագուներին։ Ինձ դիմավորում են լուսաշղթայի  մեղմ լույսը, հյուրերի աղոտ պատկերները և գրքերի շարքերի միջև կախված՝ գրողի անձնական լուսանկարները:

руслан1.jpg (68 KB)

Գիտակ շրջանակներում գրողը ներկայացման կարիք չունի։ Արձակագիր, հրապարակախոս և կինոդրամատուրգ՝ հայտնի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

Միջոցառման ծրագիրը ներառում էր Սաղաբալյանի սցենարով երկու մուլտիպլիկացիոն ֆիլմի դիտում, նոր գրքի քննարկում, ինքնագրերի բաժանում, որը դարձավ երեկոյի առանցքային իրադարձությունը, և ֆուրշետ:

Ռուսլան Սաղաբալյանը Ժուռնալիստների միության, Հայաստանի և Ռուսաստանի գրողների միության անդամ է, իսկ հիմա  նաև անդամ «քաղաքային խենթերի» ակումբի, որին հանդիսավորությամբ անդամագրվեցին երեկոյի բոլոր մասնակիցները։

руслан2.jpg (72 KB)

Սաղաբալյանի մտերիմների, այլ գրողների և գրաքննադատների ելույթներից հետո վերջապես հանդիսատեսի առաջ է կանգնում մի բարձրահասակ տղամարդ՝ մանդարինի գույնի ժիլետով․ թերեւ  այն կենսուրախության մոտիվներով, որով լի են հեղինակը և նրա ստեղծագործությունները։ Ողջույնի և շնորհակալական ելույթներին հաջորդում են կատակները և զրույցները փիլիսոփայության մասին։

Սաղաբալյանի նոր գիրքը էսսեների հավաքածու է սիրո, քաղաքի, կոսմոպոլիտության, կանանց, ազգային ավանդույթների և այն ամենի մասին, ինչի մասին կարելի է գրել և ոգեշնչվել:

руслан3.jpg (64 KB)

Սաղաբալյանի գրչին ծանոթները նշեցին, որ արձակագիրը շատ նրբորեն է զգում կնոջ հոգու էությունը՝ ինչպես ոչ ոք հասկանալով նրա բոլոր քմահաճույքները: Գրողի մտերիմները բարձրաձայն կարդացին իրենց սիրելի հատվածները նոր գրքից։

Համեստորեն լսելով բոլոր բանախոսներին՝ Սաղաբալյանը խոսեց կարճ. «Ամեն ինչի մասին կարելի է խոսել, արվեստում չկան թեմաներ, որոնց մասին խոսել չի կարելի»,- ասաց արձակագիրը։

руслан5.jpg (51 KB)

Մտածելով սովորական շրջանակների սահմաններից դուրս, չվախենալով քննադատել ու հեգնել ազգային առանձնահատկությունները՝ գրողն իր նոր գրքով ընթերցողին հնարավորություն է տալիս կողքից նայել իրեն և սովորել ծիծաղել իր վրա։ Գիրքը լի է ռոմանտիզմով, հումորով և անունների ու իրադարձությունների անվերջ հիշատակումներով։ Երեկոյին հավաքվածները մի քանի անգամ ընդգծեցին, որ իրենք ամենևին էլ հիմար չեն, բայց նույնիսկ իրենք հեղինակի գրքում եղած անունների, անվանումների և այլ մետատեքստի միայն  փոքր մասն են  հասկանում և գիտեն։

Ինչ-որ մեկն ասաց, որ Ռուսլան Սաղաբալյանը հավասարապես փայլուն է եւ որպես լրագրող, եւ որպես գրող, և որպես սցենարիստ։ Եվ գրողի հետ հանդիպելուց հետո ավելի ես համոզվում դրանում։

руслан4.jpg (67 KB)

Երկրպագուների բազմության միջով անցնելով՝ ես ցածրաձայն խնդրում եմ գրողին թույլ տալ լուսանկարել իրեն: Հազիվ հասցնելով  ներկայանալ  և լուսանկարելով, ես առաջ եմ թողնում համառ ձեռքերի շարանը, որոնք ձգվում են ինքնագիր ստանալու և հետևում եմ, թե ինչպես է Սաղաբալյանը իր բարեմաղթանքները ստորագրում մանր ձեռագրով: Մենք ժպիտներ ենք փոխանակում, և ես հրաժեշտ եմ տալիս այն գիտակցմամբ, որ Ռուսլանի գրքերը, եթե ոչ միշտ են սիրո մասին, ապա անպայման գրված են սիրով:

 

Ռեգինա Մելիքյան

 



© NEWS.am STYLE