Ինչու՞ են արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդյան առավոտյան առանձին նախաճաշելու

11:46   16 դեկտեմբերի, 2023

Բրիտանական թագավորական ընտանիքը մի քանի արտասովոր ավանդույթներ ունի, եւ, ըստ երեւույթին, դրանցից մեկը պահանջում է, որ տղամարդիկ եւ կանայք Սուրբ Ծննդյան առավոտյան առանձին նախաճաշեն:

Սուրբ Ծնունդը, սովորաբար, բավականին լարված տոն է թագավորական ընտանիքի անդամների համար: Նրանք սիրում են ամեն ինչ անել տոների համար՝ բացիկներ ուղարկելուց մինչեւ իրենց տները շքեղ ծառերով զարդարելը: Երբ գալիս է Սուրբ Ծնունդը, ընտանիքն ավանդաբար ժամանակ է անցկացնում Սանդրինգհեմի կալվածքում, որտեղ նրանք մասնակցում են Սուրբ Մարիամ եկեղեցում մատուցվող պատարագին, որին հաջորդում է աշխույժ խաղը:

Սակայն, ըստ պալատի նախկին խոհարար Դարեն Մակգրադիի, Սուրբ Ծննդյան առավոտը, սովորաբար, առանձին են անցկացնում, ինչը նշանակում է, որ արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը սուրճը խմելու են առանձին սենյակներում:

«Սուրբ Ծննդյան օրը կանայք, սովորաբար, ընտրում են թեթեւ նախաճաշ՝ կտրատած մրգեր, կես թուրինջ, տոստ եւ սուրճ, որը առաքվում է նրանց սենյակ»,-դեռ 2017 թվականին The Daily Mail-ի հետ զրույցում ասել էր Մակգրեդին,-«Իսկ թագավորական տղամարդիկ առավոտյան 08:30-ին իջնում ​​են ճաշասենյակ՝ ձու, բեկոն եւ սունկ, ապխտած ձուկ եւ խորոված երիկամներ ուտելու, որպեսզի պատրաստվեն եկեղեցական ծառայությանը: Վերադարձին նրանց խմիչք են մատուցում ճաշից առաջ»։

Սա մեզ համար, գուցե, հնաոճ տարանջատում է, բայց ինչպես նշում է The Mirror-ը, ավանդույթը, ըստ երեւույթին, առաջացել է այն պատճառով, որ կանայք ավելի շատ ժամանակ են հատկացնում առավոտյան պատրաստվելուն, ինչը բացատրում է, թե ինչու են նրանք նախաճաշում իրենց սենյակում:

Ամեն դեպքում, Սուրբ Ծննդյան գիշերը, սովորաբար, ամենամտերմիկ ժամանակն է ընտանիքի համար, քանի որ հենց այդ ժամանակ են նրանք փոխանակվում նվերներով եւ միասին վայելում հաճելի ընթրիքը:



© NEWS.am STYLE