«Ամերիկացի» ֆիլմը լավ հնարավորություններ ունի Օսկարի short-list-ում հայտնվելու համար. Deadline

17:17   19 դեկտեմբերի, 2023

Ռեժիսոր Միքայել Գյուրջյանը «Ամերիկացի» ֆիլմի վրա աշխատելիս, որը ներկայացվել է որպես Օսկարի թեկնածու, ցանկացել է այլ տեսակի ֆիլմ ստեղծել հայերի մասին, գրում է Variety-ն։

Բացի ռեժիսուրայից, Գյուրջյանը մարմնավորում է ամերիկացի Չարլիին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձվում է Հայաստան, բայց հայտնվում է խորհրդային բանտում: Հանգամանքները անհեթեթ են և մութ, բայց Գյուրջյանը փորձում էր թեթև, դրական երանգ գտնել պատմության համար:

«Շատ հայկական ֆիլմեր կային, որոնք սովորաբար նվիրված էին ցեղասպանությանը: Ես պարզապես ուզում էի անել մի բան, որը մարդկանց հույս կտար: Բայց ես նաև ուզում էի մի ֆիլմ նկարահանել, որով հայերը կարող էին հպարտանալ եւ այն հաճելի լիներ ներկայացնել այլոց», - նշել է Գյուրջյանը՝ գործընկեր ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ զրույցում: «Այսօր շատ խենթ բաներ են կատարվում: Եվ մենք մոռանում ենք մարդկության այն կողմի մասին, որն ըստ էության լավն է: Դա այն թեման չէ, որն այդքան հաճախ ներկայացվում է ֆիլմերում»:

Էգոյանը դարձել է «Ամերիկացի» ֆիլմի ամենամեծ երկրպագուներից մեկը՝ անցյալ տարի Վուդսթոքի կինոփառատոնում ֆիլմի դեբյուտից հետո:

«Ֆիլմի նպատակներից մեկն էլ Հայաստանին աջակցելն էր»,- ասում է Գյուրջյանը:

Նշենք, որ Deadline պորտալը կարծում է, որ «Ամերիկացին» բոլոր հնարավորություններն ունի հայտնվելու «Օսկարի» short-list-ում, որը կհայտարարվի դեկտեմբերի 21-ին։



© NEWS.am STYLE