Ռայան Գոսլինգը պատմել է, թե ինչու իր եւ Եվա Մենդեսի դուստրերը չեն դիտել «Բարբի» ֆիլմը

15:54   17 հունվարի, 2024

Ռայան Գոսլինգը պատրաստ չէ իր երեխաներին ներկայանալ Քենի կերպարով, գրում է Eonline.com-ը։

E!-ին տված հարցազրույցում ամառային հիթ դարձած «Բարբի» ֆիլմի դերասանը հայտնել է, որ թեեւ իր եւ Եվա Մենդեսի դուստրերը՝ 9-ամյա Էսմերելդան եւ 7-ամյա Ամադան, օգնել են իրեն նախապատրաստվել Քենի դերին, նրանք դեռ չեն դիտել ֆիլմը:

«Ես չգիտեմ, արդյոք նրանք պե՞տք է տեսնեն իրենց հորը՝ որպես Քեն»,-Ռայանը բացատրել է E! News-ին,-«Չգիտեմ, թե որ տարիքում հարմար կլինի, որ նրանք տեսնեն ինձ այդ կերպարում։ Այս ամենը գնալով խենթություն է դառնում»:

Այնուամենայնիվ, նրա դուստրերը ներկա են եղել նկարահանման հրապարակում․ «Նրանք փոքրիկ հատվածներ են տեսել նկարահանումներից, եւ ներկա են եղել այն պահին, երբ ես  կատարում էի երաժշտական հատվածը»:

Դերասանը նշել է, որ իրականում նրանք սկսել են հետաքրքրվել «Բարբի»-ով, քանի որ ինքն է նկարահանվել այնտեղ։ 

Գոսլինգը նաեւ նշել է, որ կցանկանար եւս մեկ անգամ ինչ-որ տեղ նկարահանվել սիրելիի՝ Եվայի հետ՝ հաշվի առնելով, որ նրանք առաջին անգամ էկրանին հայտնվել են 2012 թ-ին՝ «Սոճիներից այն կողմ» ֆիլմում: «Դա ամենամեծ փորձն էր, որ ես ունեցել եմ ֆիլմում նկարահանելիս, այնպես որ, հուսով եմ, որ կրկին նման հնարավորություն կլինի»:



© NEWS.am STYLE