Wine Story. Երկրի արյուն. ծանոթություն հայկական նռան գինիներին

20:14   23 հունվարի, 2024

Հին ժամանակներից նուռը համարվում էր պտղաբերության և բարգավաճման սուրբ խորհրդանիշ: Ավելին, դարեր շարունակ ամբողջ աշխարհի ժողովուրդները նուռն օգտագործել են որպես տարբեր հիվանդությունների դեմ դեղամիջոց։ Այս ժողովուրդներից ոմանք տիրապետել են համեղ ըմպելիք պատրաստելու արվեստին, որը հայտնի է որպես նռան գինի: Նրանց թվում էին հայերը, որոնք առաջին հերթին են ասոցացվում նռան գինու հետ: Հետագայում գինին այնքան օրիգինալ և հիշարժան է ստացվել, որ այն առանձնացել է այլ մրգային գինիներից և այս պահին գոյություն ունի և ընկալվում է, գրեթե, որպես գինու առանձին կատեգորիա։

NEWS.am STYLE-ի գինու սյունակագիր Լիանա Աղաջանյանը ձեզ կծանոթացնի նռան գինու պատրաստման տեխնոլոգիային ու առանձնահատկություններին, ինչպես նաև կպատմի, թե այս կատեգորիայի որ գինիներն անպայման արժե փորձել։

гранат.jpg (61 KB)

Նախ, հարկ է նշել, որ ոչ բոլոր նռներն են հավասարապես պիտանի գինեգործության համար. պտուղները պետք է լինեն բավականին հյութալի, ինչպես նաև պահպանեն շաքարի և թթվայնության բարձր մակարդակ։ Նռան ծառերի լավագույն և ամենահին տնկարկներից մի քանիսը գտնվում են Սյունիքի մարզի հարավում՝ հայկական Մեղրի քաղաքի շրջակայքում: Այս քաղաքի անունը կարելի է թարգմանել որպես «մեղր»՝ հավանաբար նկատի ունենալով այս տարածաշրջանում հազարավոր տարիներ աճող նռան քաղցրությունը։ Ինչպես սովորական խաղողի գինին, նռան պտուղները ճզմում են, սեղմում և հետո ֆերմենտացնում։ Այստեղ ամենակարեւորը ճզմելիս նռան կեղեւը չվնասելն է, այլապես դրա դառնությունը կփոխանցվի հյութին։ Ֆերմենտացումը սովորաբար դադարեցվում է տակառը սառեցնելով, որպեսզի պահպանվի բնական շաքարի մի մասը և հասնի այն հաճելի, նուրբ քաղցրությանը, որով հայտնի է նռան գինին: Խմորումը ընդհատվում է մոտ մեկ ամիս հետո, երբ ալկոհոլի պարունակությունը հասնում է 6-7%-ի:

Կարծիք կա, որ նռան գինին օգտակար է առողջությանը։ Եվ իզուր չէ՝ նուռը հարուստ է սննդարար նյութերով. այն պարունակում է C և K վիտամինների, ֆոլաթթվի և կալիումի մեծ քանակություն: Փաստացիորեն, գիտնականներն ապացուցել են, որ նռան գինին երեք անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան կարմիր գինին կամ նույնիսկ կանաչ թեյը։ Այս հակաօքսիդանտներն ունեն հզոր հակատարիքային ազդեցություն, օգնում են բարելավել մաշկի վիճակը և իջեցնում խոլեստերինի մակարդակը: Այլ կերպ ասած, մարդիկ հիմքեր ունեն նռան գինին ոչ միայն համեղ, այլեւ առողջարար անվանելու։

Իսկ հիմա կանցնենք գործնական մասին՝ ինչպե՞ս և ինչի՞ հետ խմել նռան գինին․

Նռան գինին պետք է խմել կիսաքաղցր և հարստացված գինիներ խմելու ավանդույթին համապատասխան՝ սառը վիճակում, և այն կարելի է համադրել, գրեթե, ցանկացած ուտեստի հետ, քանի որ այն բավականաչափ հագեցած է համեմունքների վառ համին դիմակայելու համար և, միևնույն ժամանակ, դրա նրբագեղ քաղցրությունն ու հյութեղ թարմությունն ընդգծում և չեն ընդհատում ուտելիքի համը։ Անպայման փորձեք շիշ քյաբաբի կամ լուլա քյաբաբի հետ։

Voskevaz Pomegranate

воскеваз-1.jpg (245 KB)

Հավանաբար հայկական նռան ամենահայտնի գինիներից մեկը՝ հատկապես սիրված զբոսաշրջիկների շրջանում, ովքեր որսում են Հայաստանի մրգային կիսաքաղցր գինիները: Այն պատրաստվում է Արագածոտնի մարզում աճող նռան ընտիր, հասած և անուշաբույր մրգերից։ Դրա համն ինտենսիվ է, ոմանք նույնիսկ ասում են, որ առաջին կումից հետո բերանում սուր կծու զգացում են զզում, հետհամը շոկոլադի հաճելի նրբերանգներ ունի։ 

Akoom Pomegranate Semi-Sweet

акум.jpg (54 KB)

Գինի՝ Mijnaberd ապրանքանիշից, որը հայտնի է իր պրեմիում թորումներով։ Գինին ունի նռան հյութի ոչ շատ մուգ գույն, մրգերի և կեռասի վառ բուրմունք, համում առկա է կեղևի տտիպություն և հատիկների թթվայնություն։ Հետհամը թթու է՝ թեթևակի մածուցիկ քաղցրությամբ: Այն դուր կգա նրանց, ովքեր իրականում չեն սիրում քաղցրություն, այլ նախընտրում են թեթև դառնություն ու տտիպ զգացողություն բերանում:

Gevorkian «Meghri» Pomegranate Reserve

геворкян.jpg (78 KB)

Սա վառ և, հավանաբար, ամենահզոր հայկական նռան գինին է, որը պատրաստված է Gevorkian Winery ընկերության գինեգործների կողմից՝ եզակի տեխնոլոգիայով։ Գինու պատրաստման համար օգտագործում են հասուն նռներ, որոնք աճում են Մեղրի քաղաքի այգիներում՝ կիզիչ արեւի տակ։ Արտադրության ընթացքում նռան հյութը ֆերմենտացվում է 15-16 ºC ջերմաստիճանում։ Գինին այնուհետև հնեցվում է ղարաբաղյան կաղնե տակառներում 6 ամսվա ընթացքում։ Գինու գույնը մուգ է, հիշեցնում է կոնյակ, բույրը կարող է թունդ թվալ, բայց համը փափուկ թավշյա դաբաղանյութերով է, թեթև թթվայնությամբ և նռան կեղևի դառնությամբ։

Լիանա Աղաջանյան



© NEWS.am STYLE