Սիրելիին առաջարկություն անելու համար փեսացուն «կողոպուտ» է բեմականացրել

23:10   30 հունվարի, 2024

Կոլումբացի տղամարդը որոշել էր ադրենալինով լի ամուսնության առաջարկություն կազմակերպել իր ապագա հարսնացուի համար։ Նա զինված «կողոպուտ» է բեմադրել, որի տեսանյութը թրենդային է դարձել Instagram-ում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Pulzo (@pulzo_col)

Տեսանյութում կարմիր մեքենան մոտենում է խաչմերուկին, եւ հանկարծ հետիոտն ու մոտոցիկլետը փակում են դրա ճանապարհը, հայտնում է Jam Press-ը։ Այնուհետեւ երկու, այսպես կոչված, «կողոպտիչները» մոտենում են մեքենային, որի ուղեւորներին՝ տղամարդուն ու կնոջը, հրամայում են «դուրս գալ» այնտեղից։ Շուտով եւս երկու տղամարդ են գալիս մեկ այլ մոտոցիկլետով եւ միանում «կողոպուտին»։ Զույգին դուրս են բերում մեքենայից, իսկ տղամարդկանցից մեկը փոքրիկ ատրճանակ է ուղղում քարացած կնոջ վրա: Այնուհետեւ բանդայի երկու անդամները ստիպում են վարորդին ծնկի իջնել փողոցի մեջտեղում: Հետո նրանք դադարում են բղավել, իսկ ծնկաչոք տղան հանում է ամուսնական մատանին, եւ պարզվում է՝ «կողոպուտն» իրականում ամուսնության առաջարկության մանրակրկիտ նախապատրաստություն էր։ Մեղսակիցները ծափահարում են՝ գոհ լինելով, որ կարողացան նման համարձակ հարսանեկան խաբեություն իրագործել:

Սկզբում վրդովված կինը հարվածում է ապագա ամուսնուն, ապա ուրախությունից արտասվելով ընդունում առաջարկը։



© NEWS.am STYLE