Ինքնակարեկցանքն օգնում է նիհարելուն

22:22   2 փետրվարի, 2024

Նրանք, ովքեր դիետայի ընթացքում որոշ թուլություններ են իրենց թույլ տալիս, հավանական է, որ ավելի հեշտ նիհարեն, քան նրանք, ովքեր խստորեն հետեւում են բոլոր կանոններին:

Appetite ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ավելի շատ ինքնակարեկցանք են ցուցաբերում, երբ բախվում են անհաջողությունների, իրենց սննդային վարքագծի եւ ֆիզիկական վարժությունների մեջ ավելի շատ հաջողությունների են հասնում:

Դրեքսելի համալսարանի Արվեստների եւ գիտությունների քոլեջի Քաշի, սնուցման եւ ապրելակերպի հետազոտական ​​կենտրոնի (WELL Center) հետազոտողները փորձել են պարզել, թե արդյոք ինքնակարեկցանքը կարող է օգնել մարդկանց ավելի հեշտ հաղթահարել գերսնման խնդիրները:

«Շատ մարդիկ անհանգստանում են, որ ինքնակարեկցանքը կհանգեցնի ինքնագոհության եւ կստիպի իրենց համակերպվել ոչ ադեկվատության հետ, բայց այս հետազոտությունը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես ինքնակարեկցանքը կարող է օգնել մարդկանց ավելի հեշտ հասնել իրենց նպատակներին»,-ասում է հետազոտության առաջատար հեղինակ Շառլոտ Հագերմանը:

Տվյալները հավաքագրվել են 140 մասնակիցներից, ովքեր փորձում էին նիհարել խմբային կենսակերպի փոփոխման ծրագրի միջոցով:

Հարցվողներն օրական մի քանի անգամ լրացնում էին հարցաթերթիկներ, որտեղ հարցերը նրանց տրամադրության մասին էին՝ ունե՞ն ուտելու որեւէ խանգարում, որքանո՞վ են իրենք իրենց հանդեպ կարեկցանք դրսեւորում՝ ի պատասխան այս խանգարման, եւ որքանո՞վ են ինքնատիրապետում ցուցաբերում սննդի եւ ֆիզիկական ակտիվության նկատմամբ։

«Դժվար նպատակներին հասնելու ճանապարհը, հատկապես քաշի կորուստը, հարթվում է ձախողումներով։ Ինքնակարեկցանքի կիրառումը օգնում է մարդկանց հաղթահարել վնասակար մտքերն ու զգացմունքները, որոնք առաջանում են ձախողման հետեւանքով: Այդպիսով, նրանք կկարողանան ավելի արագ վերսկսել իրենց նպատակներին հասնելու գործընթացը»,-ասել է Հագերմանը:

Թեեւ քաշ կորցնելը եւ դրա պահպանումը դժվար է, մարդիկ հակված են մեղադրել իրենց՝ վճռականության կամ ինքնատիրապետման բացակայության համար, ասում է նա,-«Ինքնակարեկցանքով զբաղվելը, այլ ոչ թե ինքնաքննադատությունը, առանցքային ռազմավարություն է քաշի կորստի դժվարին գործընթացում ճկունություն ստեղծելու համար»,-հավելում է Հագերմանը,-«Ամեն անգամ, երբ ուզում եք ինքներդ ձեզ քննադատել սննդային վարքի համար, փորձեք ձեզ հետ խոսել այն բարությամբ, որով կխոսեիք ընկերոջ կամ սիրելիի հետ»:

Հետազոտողները հույս ունեն, որ ստացված արդյունքները կհանգեցնեն ավելի արդյունավետ ուսուցման եւ ինքնախնամքի։ 



© NEWS.am STYLE