Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:55   5 փետրվարի, 2024

Փետրվարի 7, չորեքշաբթի

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմ կբարձրանա Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ» պիեսի հիման վրա՝ «Կոլոմբինա» ներկայացումը։ Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի։ Սկիզբը՝ 20:00-ին։

Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ։ 

Փետրվարի 8, հինգշաբթի

Գուստավ Մալեր. Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրում է ունկնդրելու Գուստավ Մալերի Թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ 19:30-ին։

Տոմսերի արժեքը՝ 3000-ից 10000 դրամ։

«Իսկ վերջում՝ ստրիպտիզ»․ սա ներկայացման անունն է, որը նույն օրը կլինի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում՝ ժամը 19:30-ին։ 16 + ներկայացման գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Համացանցում հայտարարություն՝ պահանջվում է մերկապար։ Երեք ընկեր հանդիպում են այդ հայտարարությանը եւ համաձայնվում են կազմակերպել մերկապար։ Պահանջարկն է ծնում առաջարկ, բայց քովիդի ժամանակ այդպիսի սխրանք գործելը հեշտ չէ․․․ Դերերում հանդես են գալիս Գոռ Համբարձումյանը, Արամոն, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը։ 

Տոմսերի արժեքը՝ 3000-ից 8000 դրամ:

Երգի պետական թատրոնն էլ հրավիրում է դիտելու «Ցուրտ օր դժոխքում» մոնո դրաման, որի բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, իսկ գլխավոր դերում՝ Ներսես Ավետիսյանը։ Ներկայացումը՝ 20:00-ին։ 

Տոմսերի արժեքը՝ 2000, 4000, 5000 դրամ:

Փետրվարի 9, ուրբաթ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ ժամը 19:00-ին,  տեղի կունենա «Արվեստի հայկական հետքերով» համերգը` «Ակունք» ազգագրական համույթի կատարմամբ: Ծրագրում կհնչեն Հայաստանի տարբեր գոտիների ազգագրական երգեր, պարեր, երաժշտական նմուշներ: Համույթի երաժշտական ղեկավարն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Տոմսերի արժեքը՝ 2000-ից 6000 դրամ:

Փետրվարի 10, շաբաթ

«Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում ժամը 16։00-ին տեղի կունենա հաղորդավար, հեղինակ Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Հենրիկ Էդոյանի կարծիքով՝ «Համլետ Առաքելյանը «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում փորձում է բանաստեղծական լեզվամտածողությամբ բացատրել եւ մեկնաբանել իր աշխարհի առեղծվածը»:

Մուտքն ազատ է։ 

Փետրվարի 11, կիրակի

Մանկական նոր եւ գունեղ հեքիաթային ներկայացում՝ «Մոխրոտը»: Վարկածը եւ բեմադրությունը՝ Լիլի Էլբակյանի, բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մարիամ Շահինյանը, Ջուլիա Մովսեսյանը, Մեսրոպ Աբտոյանը եւ Հայկ Սարգսյանը: Ներկայացումը տեղի կունենա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ժամը՝ 12:00: 

Տոմսերի արժեքը՝ 1000-ից 3000 դրամ:
Մինչեւ 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է:



© NEWS.am STYLE