22:21 8 փետրվարի, 2024Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը տարված է Հռոմի կայսր Օգոստոսով։ Դա արտահայտվում է նույնիսկ նրա սանրվածքում։ Մարկ Ցուկերբերգը ցանկանում է նմանվել հռոմեացի կայսրին։
Դեռեւս 2018 թվականին Ցուկերբերգը The New Yorker-ին ասել էր, որ սկսել է լատիներեն սովորել ավագ դպրոցում՝ Նյու Հեմփշիրի Ֆիլիպս Էքսեթերի ակադեմիայում։ Հենց այդ ժամանակ նրան սկսեց հեռտաքրքրել Հին Հռոմը:
«Կարծում եմ՝ Օգոստոսը պատմության ամենահետաքրքիր դեմքերից մեկն է»,-The New Yorker-ին ասել է Ցուկերբերգը,-«Ըստ էության, շատ կոշտ մոտեցման միջոցով նա երկու հարյուր տարվա խաղաղություն հաստատեց ամբողջ աշխարհում»:
Օգոստոսը բազմաթիվ նվաճումներ է կատարել․ Եգիպտոս, Հյուսիսային Իսպանիա եւ Կենտրոնական Եվրոպայի մեծ մասը: Նա սպանել է մարդկանց։ Նա վտարել է իր՝ իբր ամբարոյական դստերը։ Նրա ժառանգները խորհրդավոր կերպով մահացել են։
«Մի կողմից, համաշխարհային խաղաղությունը երկարաժամկետ նպատակ է, որի մասին այսօր մարդիկ խոսում են: Երկու հարյուր տարին անհասանելի է թվում: Մյուս կողմից՝ ամեն ինչ իր գինն ունի, եւ նա ստիպված էր որոշակի բաներ անել»,-նշել է Ցուկերբերգը, ով իր երկրորդ դստերն անվանել է Ավգուստա:
Նա իր մեղրամիսն անցկացրել է Հռոմում, իսկ կինը՝ Պրիսցիլա Չանը, ասել է, որ ներկա են եղել երեք մարդ՝ իրենք եւ Օգոստոսը: «Բոլոր լուսանկարներում կային Օգոստոսի տարբեր քանդակներ»,-ասել է Facebook-ի հիմնադիրը։
Ակնհայտ է, որ Ցուկերբերգը ընդօրինակում է հռոմեական տիրակալին։ Բայց որքանո՞վ են նրանք նման: Mashsable պորտալը գնահատել է նրանց նմանությունը հինգ կատեգորիաներում՝ կենդանակերպի նշան, երիտասարդության շրջան, իշխանության վերելք, ընդհանուր մթնոլորտ եւ ժողովրդականություն, ինչպես նաեւ՝ նրանց տեւական ազդեցությունն աշխարհի վրա: Յուրաքանչյուր կատեգորիան գնահատվում է մեկ միավոր:
Կենդանակերպի նշանը
Օգոստոսը ծնվել է մ.թ.ա. 63 թ-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ համաստեղությամբ Կշեռք է: Մարկը Ցուլ է, ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին։ Նրանց նշաններն առանձնապես համատեղելի չեն: Նրանց միակ ընդհանրությունը ընդհանուր տիրակալ Վեներան է, որը նրանց դարձնում է արվեստի, շքեղության ու ռոմանտիկայի սիրահար։ Օգոստոսը ծնվել է Հռոմում, մինչդեռ Ցուկերբերգը՝ Նյու Յորքի Ուայթ Փլեյնսում՝ շատ ավելի քիչ դյութիչ վայրում, ինչը նրանց դարձնում է տարբեր աշխարհներ՝ թե աստղագուշակով, թե աշխարհագրական առումով:
Գնահատականը՝ 0
Ընդհանուր՝ 0/5
Երիտասարդություն
Ե՛վ Օգոստոսը, եւ՛ Ցուկերբերգը սովորել են իրենց արհեստը վաղ տարիքից: Ցուկերբերգի հայրը մասնավոր դաստիարակ է վարձել, որպեսզի նա նրան սովորեցնի ծրագրավորում, իսկ ավագ դպրոցում նա ստեղծել է «ZuckNet» ծրագիրը, որը միացնում էր բոլոր իրենց տան եւ հոր ատամնաբուժարանի համակարգիչները: Նա նաեւ ստեղծել է Synapse Media Player անունով երաժշտական նվագարկիչը, որը նման է Spotify-ի ավելի վաղ տարբերակին:
15 տարեկանում Օգոստոսը կատարել է մի արարողություն, որը նրան տղամարդ է դարձրել օրենքի աչքում, եւ նա ընտրվել է Պոնտիֆիկոսների գործընկերության անդամ՝ պետական մարմին, որն, ի թիվս այլ պարտականությունների, պատասխանատու է հանրային եւ մասնավոր զոհաբերությունների համար: Հաջորդ տարի նա ստանձնել է հռոմեական խաղերի ղեկավարությունը։
Գնահատականը՝ 1
Ընդհանուր՝ 1/5
Իշխանության վերելք
Ե՛վ Ցուկերբերգը, եւ՛ Օգոստոսն իրենց իշխանությունը ձեռք են բերել սովորելու ընթացքում. առաջինը գործարկել է Facebook-ը Հարվարդում սովորելիս, իսկ երկրորդն իր տեղն է հաստատել որպես գահաժառանգ Իլիրիայում սովորելու եւ ռազմական պատրաստություն անցնելու ժամանակ։ Նրանք երկուսն էլ վաղ շրջանում բախվել են որոշակի դիմադրության՝ Ցուկերբերգը՝ համահիմնադիրների կողմից, իսկ Օգոստոսը՝ Մարկոս Անտոնիոսի: Այստեղ տարբերությունն այն է, որ բոլորը գիտեին, որ Օգոստոսը, ի վերջո, դառնալու էր «մեծ շեֆը», մինչդեռ Ցուկերբերգը դիտվում էր որպես խելագար, ով ցանկանում էր վերամշակել MySpace-ը:
Գնահատականը՝ 1
Ընդհանուր՝ 2/5
Ընդհանուր մթնոլորտ եւ ժողովրդականություն
Մարդիկ հարգում էին Օգոստոսին։ Երբ նա մահացավ, նա հռչակվեց աստված: Նա չուներ իր ազգականի՝ Հուլիոս Կեսարի հմայքն ու խարիզման, բայց նրա բարեփոխումները նրան հռոմեացիների կողմից շատ սիրված էին դարձրել: Նա Հռոմը հանրապետությունից վերածեց կայսրության, խաղաղություն բերեց Հռոմին, եւ սահմանադրական, եւ ֆինանսական բարեփոխումներ կատարեց, որոնք նրան մեծ ժողովրդականություն բերեցին։
Մարդիկ չեն սիրում Մարկ Ցուկերբերգին. Z սերնդի շրջանում հարցվածների միայն 23 տոկոսն է Ցուկերբերգին վստահելի համարել, իսկ Pew Research Center-ի ուսումնասիրության համաձայն՝ բոլոր ամերիկացիների 77 տոկոսը «քիչ կամ բացարձակապես չի վստահում սոցիալական ցանցերի առաջնորդներին»: Մարդիկ չեն վստահում նրան, չեն կարծում, որ նա խարիզմատիկ է, նրա հոբբիները նյարդայնացնում են, իսկ նրա գործունեությունը ստիպում է մտածել՝ արդյոք այն չի՞ փչացնում այն բոլոր լավ բաները, որոնք մենք սիրել ենք:
Գնահատականը՝ 0
Ընդհանուր՝ 2/5
Ազդեցությունը՝ աշխարհի վրա
Ե՛վ Օգոստոսը, եւ՛ Ցուկերբերգը երկարատեւ ազդեցություն են ունեցել մեզ ծանոթ աշխարհի վրա: Իհարկե, սա ավելի հեշտ է ասել Օգոստոսի, քան Ցուկերբերգի դեպքում։ Նա կառավարել է ավելի քան կես դար, ստեղծել ինստիտուտներ եւ մոդել, որը գոյատեւել է դրանից 200 տարի հետո, Հռոմը հանրապետությունից վերածել է կայսրության՝ վերականգնելով խաղաղությունն ու բարգավաճումը եւ փոխելով հռոմեական կյանքի գրեթե բոլոր ոլորտները:
Ցուկերբերգը փոխել է ժամանակակից կյանքի գրեթե բոլոր ասպեկտները: Թեեւ վիճելի է՝ արդյոք սա փոփոխություն է դեպի լավը․ մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ մենք շփվում ենք, աշխատում, քվեարկում, մասնակցում հասարակության քննարկումներին, սիրում եւ ապրում ենք այլ աշխարհում՝ շնորհիվ Ցուկերբերգի ստեղծած սոցիալական մեդիայի էկոհամակարգի:
Գնահատականը՝ 1
Ընդհանուր՝ 3/5
Ի վերջո, նրանք ինչ-որ չափով նման են: Նրանք երկուսն էլ առաջնորդներ են, ովքեր վաղ են սկսել իրենց ուղին եւ սարսափելի ուժ ունեն: Պորտալի հաշվարկներով Մարկ Ցուկերբերգը 60 տոկոսով է համապատասխանում Օգոստոսին, բայց դեռ բարելավման տեղ ունի։