Նադի Իսպիրյանի «Թամզարա» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը եւ անդրադարձը՝ պահպանողական ծեսերից մեկին

15:05   9 փետրվարի, 2024

Երեկ՝ փետրվարի 8-ին, մեծ էկրաններ բարձրացավ Նադի Իսպիրյանի «Թամզարա» գեղարվեստական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Չնայած ցուրտ եղանակին՝ ռեժիսորն ու դերասանները փայլուն ու տոնական կերպարներով կեցվածք էին ընդունում կարմիր գորգին՝ չթաքցնելով հուզմունքն ու ոգեւորությունը։ Նադին հանդիսանում է ոչ միայն ֆիլմի ռեժիսորը, այլեւ սցենարիստը։ 

«Չեմ վախեցել, այս ֆիլմում շոշափել եմ Կարմիր խնձորի թեման»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա,-«Հետաքրքիր մելոդրամա է, փորձել եմ հնարավորինս որակով ֆիլմ ստանալ, մնացածը թողնում եմ հանդիսատեսի դատին»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Թամզարան, պարուհի է։ Պատմության սկզբում նրա ընկերը՝ Ռուբենը, թողնում եւ հեռանում է նրանից՝ ընտրելով կարիերան։ Երկար ժամանակ աղջիկը ոչ մի այլ տղամարդու իրեն մոտ չի թողնում՝ կորցնելով վստահությունը յուրաքանչյուրի հանդեպ։ Բայց կյանքը մի օր կրկին ժպտում է նրան, եւ նա հանդիպում է Աթոյին ու սիրահարվում տղային։ Բայց սիրելիի ավանդապաշտ ընտանիքը դեմ է նրա եւ Թամզարայի հարաբերություններին՝ պատճառաբանելով, որ վերջինը նախկինում հարաբերությունների մեջ է եղել այլ տղայի հետ։ Բացի այդ, ֆիլմում հասունանում են նաեւ այլ ինտրիգներ՝ պատմությունը դարձնելով ավելի լարված ու հետաքրքիր։ 

Կինոնկարում առկա են նաեւ պարային տեսարաններ։ 

Խոսելով ֆիլմի ասելիքի մասին՝ Նադին նշեց․ «Ես, բացարձակապես, չեմ ուզում հերքել կամ ընդունել կարմիր խնձորի ավանդույթը, պարզապես, նկարել եմ մի պատմություն, իսկ կարծիքը թողել եմ հանդիսատեսին»։

419290054_122122373066103708_497564350728785452_n.jpg (225 KB)

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Աելիտա Գեւորգյանն ու Վահե Մկրտչյանը։ Ռեժիսորի խոսքով՝ քասթինգը եղել է երկար, բայց գոհ է դերասանների վերջնական ընտրությունից։ 

«Ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Թամզարային, մարմնավորում է Աելիտա Գեւորգյանը․ սա նրա առաջին փորձն է գեղարվեստական ֆիլմում, եւ ես հատուկ եմ ընտրել այնպիսի դերասանուհու, որն առաջին անգամ հենց իմ ֆիլմում կխաղար, իսկ հերոսին՝ Աթոյին մարմնավորում է Վահե Մկրտչյանը, որը բավական ճանաչված է հեռուստադիտողի կողմից»։

Ֆիլմի էպիզոդներից մի քանիսում նկարահանվել է նաեւ ինքը՝ Նադին, սակայն, բոլորովին կերպարանափոխված տեսքով։ Մյուս առանցքային կերպարներին մարմնավորում են Աշոտ Հակոբյանն ու Մանանա Գեւորգյանը։ 

Թեեւ Նադին հանդիսանում է նաեւ սցենարի հեղինակը, նշում է՝ պատմությունը, բացարձակապես, կապ չունի իր անձնական ապրումների հետ․ «Ֆիլմը նկարահանված է իրական պատմության հիման վրա, բայց սցենարն ինձ հետ ընդհանրապես կապ չունի»։

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE