«Գրեմմի» մրցանակակիր քառյակն՝ առաջին անգամ Երեւանում

15:08   14 փետրվարի, 2024

Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Էբեն» քառյակի բացառիկ համերգով:

Համերգի  ծրագրում կհնչեն՝

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21 
Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3 
Էդվարդ Գրիգ  | Լարային քառյակ համար 1 

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր,  «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով եւ նոր մոտեցումներով:

Փարիզում «Իզայի» քառյակի եւ ապա Գաբոր Տակաչի, Էբերհարդ Ֆելցի և Դյորդ Կուրթագի հետ կատարողական կարողությունները զարգացնելուն հետեւում է քառյակի առաջին նշանակալի եւ նախադեպը չունեցող ձեռքբերումը՝ հաղթանակը 2004 թվականի ARD միջազգային երաժշտական մրցույթում։ Սրանով քառյակը միջազգային համբավ ձեռք բերեց եւ արժանացավ բազմաթիվ այլ մրցանակների։ 2005 թ-ին խումբն արժանացավ Ֆորբերգ-Շնայդեր հիմնադրամի «Բելմոնտ» մրցանակի, 2007 թ-ին՝ Բորլետտի-Բուիտոնի հիմնադրամի գլխավոր մրցանակին, իսկ 2019 թ-ին դարձավ Ֆրանկֆուրտի երաժշտական մրցանակին արժանացած առաջին քառյակը։

Բարտոկի, Բեթհովենի, Դեբյուսիի, Հայդնի, Ֆորեի, եւ Մենդելսոն եղբայրների ստեղծագործությունների ձայնագրություններն արժանացել են բազվաթիվ մրցանակների՝ այդ թվում Գրամոֆոնի, BBC Music Magazine-ի մրցանակի, Midem Classic մրցանակի։ 

Անսամբլի նշանակալի ձեռքբերումներից է Բեթհովենի 16 լարային քառյակների ձայնագրությունները՝ ստեղծագործություններ, որոնք անսամբլը 2019 թ.-ի մայիսից 2020 թ-ի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարել է աշխարհի վեց մայրցամաքում։ Այս ամբողջական ձայնագրությամբ ԷԲԵՆ քառյակը տոնեց իր հիմնադրման քսանամյակը։ 

Քառյակի կազմից Պիեռ Կոլոմբեն նվագում է երկու գործիքով։ Առաջինը Անտոնիո Ստրադիվարիի՝ 1717 թվականին ստեղծած «Պիատտի» ջութակն է, իսկ երկրորդը՝ Մատեո Գոֆրիլերի՝ 1736 թվականին ստեղծած գործիքը։

Գաբրիել լը Մագադյուրը նույնպես կատարում է երկու գործիք՝ երկուսն էլ Գուարներիի ձեռքով ստեղծված։ Առաջինը ժամանակին պատկանել է Բարոն Ռոթշիլդին, իսկ երկրորդը ստեղծվել է 1740 թվականին։

Մարի Շիլեմի երկու ալտերից մեկը Ստրադիվարիի՝ 1734 թվականին ստեղծված «Գիբսոն» ալտն է։  



© NEWS.am STYLE