Դուբայի ռեստորանները Մերձավոր Արեւելքում գլխավորել են «50 լավագույն ռեստորանների» ցանկը

22:22   22 փետրվարի, 2024

The 50 Best Restaurants-ը հրապարակել է 2024 թվականի իր ցուցակը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար (MENA), իսկ վարկանիշում գերիշխում է քաղաքներից մեկը: Զարմանալի չէ, որ խոսքը Դուբայի մասին է։

Դուբայը լավագույն 50-յակում ունի 18 ռեստորան, իսկ երկրորդ տեղում են Ամմանը, Կահիրեն եւ Թել Ավիվը՝ 5-ական, այնուհետեւ Մարաքեշն ու Բեյրութը՝ 3-ական ռեստորաններով: Ցանկը, որի օգտին քվեարկել են ողջ տարածաշրջանից սննդի եւ խմիչքների ոլորտի ավելի քան 250 փորձագետներ, ներառում են տարածաշրջանի 14 քաղաքների ռեստորանները:

Orfali Bros Bistro-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է լավագույն տիտղոսը: Այն բացվել է 2021 թվականին երեք եղբայրների՝ Մուհամեդի, Վասիմի եւ Օմարի կողմից, եւ խորհրդանշում է նրանց սիրիական ժառանգությունը՝ ներառելով Դուբայի բազմաթիվ արտագաղթած բնակիչների միջազգային ազդեցությունները:

«Մենք շատ ուրախ ենք եւ պատիվ ենք համարում այս մրցանակը»,-​CNN-ին ասել է Մոհամմադ Օրֆալին՝ հավելելով, որ ռեստորանի ճաշացանկը ներկայացնում է «Դուբայի համայնքը եւ այստեղի մարդկանց բազմազանությունը»:

Մամլո հայտարարության մեջ Ուիլյամ Դրյուն՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի 50 լավագույն ռեստորանների բովանդակության տնօրենը, գովաբանել է Orfali Bros Bistro-ն՝ իր «ստեղծարարության, նորարարության եւ սննդի ներկայացման համար, որը համալրված է սպասարկման անհատական ոճով»:

Դուբայի մյուս ռեստորանները լավագույն տասնյակում են՝ Trèsind Studio (ընտիր ճաշարանային ռեստորան, որը մասնագիտանում է հնդկական խոհանոցի փորձարկումների վրա), Ossiano (հայտնի ծովամթերքի ռեստորան՝ Atlantis-ում), Moonrise (ճապոնական եւ մերձավորարեւելյան հարմարավետ ռեստորան) եւ 3Fils (հայտնի է իր ասիական ֆյուժն խոհանոցի եւ ծովամթերքի ուղղվածություններով):

Այն պահից, ինչ «50 Best»-ը սկսել է իր MENA ցուցակը, Դուբայի ռեստորաններ այցելող հյուրերի տեսակը փոխվել է, ասում է Գրեգուար Բերգերը՝ Ossiano-ի խոհարարը, որը ճանաչվել է տարածաշրջանի երրորդ լավագույն ռեստորանը:

Դուբայի ռեստորանային լանդշաֆտը կտրուկ փոխվել այն բանից հետո, երբ Բերգերը 2014 թվականին սկսել է աշխատել Ossiano-ում:

Բերգերն այժմ նկատում է ավելի շատ միջազգային այցելուների, ովքեր գալիս են Դուբայ՝ «բացահայտելու նոր խոհարարական միտումները» եւ «գտնելու բաներ, որոնք վստահ եմ, որ այլ տեղ չեք գտնի»:

Դուբայից երեք նոր ռեստորան ընդգրկվել են ցուցակում՝ Bait Maryam-ը, որի շեֆ-խոհարար Սալամ Դակակն այցելուներին ծանոթացնում է տնական պաղեստինյան խոհանոցին,  21 Grams-ը՝ ռեստորան եւ հացաբուլկեղեն, որը մատուցում է բալկանյան խոհանոց, եւ Row on 45 ռեստորանը, որը ղեկավարում է հայտնի խոհարար Ջեյսոն Աթերթոնը:



© NEWS.am STYLE