«Слова пацана» սերիալի հայտնի հիթի կատարողները ելույթ կունենան Երեւանում

14:05   23 փետրվարի, 2024

«Теперь запомни- ты теперь пацан. Ты теперь с улицей а кругом враги»… Ռուսական հայտնի «Слова пацана» սերիալի այս տողերն արդեն գիտեն, նույնիսկ, այն մարդիկ, ովքեր չեն դիտել վերջին շրջանի ամենամեծ աղմուկ բարձրացրած սերիալը: 

Օրերի ընթացքում սերիալը դարձավ ամենամասսայականը թե Ռուսաստանում, թե նախկին խորհրդային երկրներում, իսկ դրա դերակատարները, որոնց մեծամասնությունը նախկինում հայտնի չէր լսարանին, մեկ գիշերում դարձան աստղեր: Սերիալին զուգահեռ պակաս չքննարկվեցին դրանում հնչած երգերը, ավելին՝ սովետական շրջանի հիթերն այսօր դարձան ինստագրամյան եւ տիկտոկյան թրենդներ:

Մեծ ուշադրության արժանացավ սերիալի գլխավոր սաունդթրեքը, որը հնչում է թաթարերեն «AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետի կատարմամբ: Ուշագրավն այն է, որ այս երգը չի գրվել հենց «Слова пацана» սերիալի համար, պարզապես սերիալի ստեղծագործական թիմը հենց այն համարեց ամենահամապատասխանը:

Օրերս հայտնի դարձավ, որ «AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետը շուտով՝ մարտի 9-ին, կլինի Երեւանում: Նրանց երեւանյան համերգի կազմակերպիչը Unity Production ընկերությունն է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը նշեց, որ այս դուետին հենց այս շրջանում էր պետք հրավիրել, երբ սերիալը եւ երգը մեծ աղմուկ են բարձրացրել, այդ թվում՝ Հայաստանում:

3444b15f-a6fc-4511-be36-b64f45a051d0.jpg (117 KB)

«Առհասարակ, ամեն տարի հրավիրում ենք ոչ հայ արտիստների, ովքեր մեծ մասսայականություն ունեն հենց դրսում: Որպես կանոն, դա տեղի է ունենում «Coca-Cola Music Fest»-ի շրջանակում, սակայն այս անգամ հասկացանք, որ պետք է անակնկալներն ավելի վաղ սկսել, մանավանդ, որ սերիալի եւ երգի բումային շրջանը հենց հիմա է»: 

Պրոդյուսերի խոսքով՝ «AIGEL» ունի շատ երկրապագուներ, քանի որ էլեկտրոնային հիփ-հոփ սիրողների շրջանում բավական տարածում ուներ նաեւ նախքան «Слова пацана» սերիալը, պարզապես այն մեծացրեց խմբի սիրահարների աշխարհագրությունը:

«Խումբը նախքան Երեւանում ելույթ ունենալը, մարտի 7-ին ելույթ կունենա նաեւ Թբիլիսիում: Ի դեպ, թե այս, թե Երեւանում կայանալիք ելույթի մասին  «AIGEL» դուետը խոսել է իր պաշտոնական էջում: Մենք էլ խոստանում ենք տարբերվող եւ հուշեր առաջացնող երեկո. փորձում ենք միշտ թրենդային դեմքերին հրավիրել Հայաստան, որպեսզի գլխավոր հիթերը հայ երաժշտասերները կենդանի վայելելու հնարավորություն ունենան»,-եզրափակեց Ալեքսանդր Մհերյանը:

Նշենք, որ մարտի 9-ին «AIGEL»-ից բացի Երեւանում ելույթ կունենան նաև DJ Donz-ը եւ DJ Smoke-ը, որոնց նոստալգիկ ռիթմերը հանդիսատեսին կտանեն նոստալգիկ 90-ականներ։ 



© NEWS.am STYLE